Օր 44. ԹԱՐՄԱՑՎՈՂ. Արցախի բանակը շարունակում է հերոսամարտը

Շուշի-Քարին տակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել թշնամական հայտնաբերված խմբավորումների դեմ, որի արդյունքում վերջիններս, կորցնելով մեծ քանակությամբ ուժեր, նահանջել են:

0:35

Արցախի ԱԻՊԾ-ն հայտնում է, որ Ստեփանակերտն այս պահին դարձյալ թշնամու թիրախում է։ Արցախի մայրաքաղաքը հրթիռակոծվում է։ Խաղաղ բնակչության շրջանում կան վիրավորներ։ ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարարները տարբեր հասցեներում կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ։ «Խաղաղ բնակավայրերի և բնակչության ուղղությամբ չթույլատրվող զինատեսակներից կրակ բացելը ռազմական հանցագործություն է»։

22:24

Արցախի ԱԻՊԾ հաղորդմամբ՝ օրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, մասնավորապես, Ստեփանակերտը։ Հատկապես ցերեկվա ժամերին հեռահար հրթիռներով 10-ից ավելի անգամ հրթիռակոծվել է քաղաքը։ Թիրախակետում, ինչպես միշտ, քաղաքացիական ենթակառուցվածքներն են, մայրաքաղաքի կոմունիկացիոն համակարգերն ու բազմաբնակարան շենքերը, բնակելի թաղամասերը, անգամ` Ս.Շահումյանի անվան շրջանաձև զբոսայգին։ Քաղաքում ավերածությունները շատ են։ Տուժածներ չկան։ Նշվում է, որ հրթիռակոծված թաղամասերում ռազմական որևէ օբյեկտ չկա։

20:54

ՊԲ ստորաբաժանումները շարունակում են համառ մարտերը Շուշիի համար: Հակառակորդի խմբավորումներին հասցվում են կրակային հարվածներ: Գերեվարվել է թշնամու երկու զինծառայող. Արծրուն Հովհաննիսյան (Telegram ալիք):

17:00

Շուշան Ստեփանյանի հաղորդմամբ՝ Կարմիր շուկայի ուղղությամբ թշնամու` ժամը 14:20-ին ձեռնարկած գրոհը կասեցվել է: Հարավարևելյան ուղղությամբ մարտերը շարունակվում են, ժամը 12:10-ից 14:50-ն ընկած ժամանակահատվածում խոցվել է հակառակորդի 3 ԱԹՍ:

12:41

Շուշիից բացի կարևոր են նաև այլ ուղղության մարտերը։ Թշնամու հարձակման փորձերը տապալված են Մարտունու ուղղությամբ, Մարտակերտի ուղղությամբ, Թաղավարդի վրա և այլ տեղերում։ Բոլոր հատվածների մարտերն էլ չափազանց կարևոր են. Արծրուն Հովհաննիսյան:

12:07

Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ Քարինտակի ուղղությամբ հայտնաբերված խմբավորումը հրթիռահրետանային հարվածներով ոչնչացվում է։ Թշնամին ունի մեծ կորուստներ։ ՊՆ ներկայացուցիչը խոստացել է քիչ անց նաև կադրերը հրապարակել։

11:22

Վաղ առավոտյան կրկին ադրբեջանական ԱԹՍ է զգետնվել։
Ուղղակի վստահեք բանակին, ուրիշ ոչինչ։ Վստահեք ու սպասեք. Արծրուն Հովհաննիսյան:

10:41

Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կատարում են իրենց խնդիրները` թշնամուն զրկելով նախաձեռնողականությունից:

10:11

Նոյեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական մարտեր են վարել ճակատային գծի հարավ-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում: Շուշի-Քարին տակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել թշնամական հայտնաբերված խմբավորումների դեմ, որի արդյունքում վերջինս, կորցնելով մեծ քանակությամբ ուժեր, նահանջել է: Յուրային զորքերը զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր: Նշված ժամանակահատվածում ճակատային գծի տարբեր ուղղություններում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող 1 տանկ, 4 միավոր ավտոտեխնիկա և 8 անօդաչու թռչող սարք:

Հարավ-արևմտյան հատվածում ընթացող գործողությունների արդյունքում բանակային ստորաբաժանումները առգրավել են նաև թշնամական 1 տանկ և հրետանային միջոցներ: Մարտական գործողությունների վարման ամբողջ ընթացքում հակառակորդը շարունակել է ավիացիոն և հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերին: Առավոտյան ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններով թշնամական ուժերի հարձակման փորձերը վերսկսվել են: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

Միացեք մեր Telegram ալիքին