Համաձայնությունը Հայաստան-Իրան սահմանի վրա չի ազդելու. Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳ փոխնախարարը հայտարարել է, որ ստորագրված համաձայնությունը չի ազդելու հայ-իրանական սահմանի վրա, աշխարհաքաղաքական փոփոխություն տեղի չի ունենալու, իսկ տարածվող լուրերը քաղաքական անհիմն շահարկումներ են:

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբաս Արաքչին հայտարարել է, որ Իրանից դեպի Հայաստան կամ Ադրբեջան տարանցիկ երթուղիների փոփոխություն չի լինելու: Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական փոփոխություններ տեղի չեն ունենալու. Երևանի, Մոսկվայի և Բաքվի կողմից ստորագրված համատեղ հայտարարությունը վերաբերում է միայն Հայաստանի տարածքով Նախիջևանն Ադրբեջանին կապող տարանցիկ ավտոճանապարհին, որի անվտանգությունն ապահովելու է Ռուսաստանը:

Իրանի ԱԳ փոխնախարարն այս հայտարարությունն արել է՝ հերքելով մամուլում և սոցցանցերում տարածվող տեղեկությունները, թե իբր Հայաստան-Իրան սահմանը փակվելու է կամ փոփոխվելու:

Արաքչին ընգծել է, որ նմանօրինակ հայտարարություններն արվում են քաղաքական նպատակներով: Նրա խոսքով՝ տարածվող տեղեկություններն ու քարտեզներն իրականությանը չեն համապատասխանում, դրանք անհիմն պրոպագանդա են որոշ շրջանակների կողմից:

Փոխնախարարը հերքել է նաև Իրանի տարածքով Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Ադրբեջանի միջև հնարավոր տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին շշուկները՝ դրանք «անհիմն» գնահատելով:

Հետևեք մեզ՝ Telegram-ում