Ուկրաինան թուրքական բայրաքթարներ է կենտրոնացնում Դոնբասի մոտ

Փորձագետները կանխատեսում են, որ Ուկրաինան Դոնբասի կամ նույնիսկ Ղրիմի վերադարձման համար կկիրառի բայրաքթարներ. 6 միավոր արդեն տեղակայվել է Կրամատորսկում:

Տեղեկություն է տարածվել, որ ուկրաինական զինված ուժերը Դոնբասի «Միացյալ ուժեր» գործողության իրականացման գոտում թուրքական արտադրության հարվածային Բայրաքթար ՏԲ2 (Bayraktar TB2) անօդաչու թռչող սարքեր են տեղակայել: Հաղորդվում է, որ Կրամատորսկ տեղափոխված ԱԹՍ-ները 6-ն են: Հավելյալ տեղեկություններ կամ հաստատում առայժմ առկա չէ:

Բայրաքթարներն Ուկրաինայի կողմից Դոնբասի կամ նույնիսկ Ղրիմի վերադարձման համար կիրառելու կանխատեսումներ որոշ փորձագետներ արել են՝ հաշվի առնելով դրանց լայնածավալ օգտագործումն Ադրբեջանի կողմից՝ ընդդեմ Արցախի: Նշվում է, որ ուկրաինացի ռազմական տեսաբանները հայ ժողովրդի դեմ օգտագործված այդ օրինակը «հաջողված փորձարկում» են համարում:

Կիևի կողմից հակամարտության իր գոտում նշված ԱԹՍ-ների կիրառումը լիովին հնարավոր է համարվում՝ հաշվի առնելով նրա սերտ հարաբերություններն Անկարայի և Բաքվի հետ: Հիշեցնենք՝ հոկտեմբերին (Արցախյան պատերազմի թեժ շրջանում) Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնել էր Թուրքիա: Այցի ընթացքում երկու երկրների միջև ստորագրվել էր ռազմական համագործակցության մասին համաձայնագիր:

Բայրաքթարներն Ուկրաինայի ԶՈՒ-երում են ընդգրկվել դեռ 2019թ. մարտին: Ուկրաինական Ուկրսպեցէքսպորտ (Укрспецэкспорт) պետական ընկերությունը և թուրքական Բայքար Դիֆընս (Baykar Defence) ընկերությունը նախատեսում են նաև թուրքական մեկ այլ՝ Աքընջը (Akıncı) անօդաչուների համատեղ արտադրություն ձեռնարկել:

Հավելենք, որ Արցախյան պատերազմում հայկական կողմը ոչնչացրել է թշնամու ավելի քան 260 ԱԹՍ, որոնցից շուրջ 2 տասնյակը՝ Բայրաքթար: Սա տվյալ ԱԹՍ-ների ոչնչացման մինչ օրս ամենամեծ թիվն է: Դրանք կիրառվել են նաև Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, սակայն ամենաշատն Արցախում են խոցվել:

Միացեք մեր Telegram ալիքին