Բլիցկրիգի մարտավարությունը Բաքուն տապալեց՝ կրելով հսկայական կորուստներ. կարծիք

Ամերիկացի գեներալը նշել է, որ չնայած՝ ԱԹՍ-ները մեծ կորուստներ են պատճառել հայերին, սակայն ադրբեջանցիներն իրենք են ընկղմվել արյունալի սպանդի մեջ:

Նկար՝ © STR \ Արցախ, Ադրբեջանը հրդեհել է անտառները

ԱՄՆ ԶՈՒ բարձրաստիճան սպան, ում անունը չի նշվում, հայտարարել է, որ Արցախում Հայաստանի և Դոնբասում Ուկրաինայի կրած կորուստները չեն կարող համարվել այն բլիցկրիգային մարտավարության վերածնունդ, որը հաջողվել էր Գերմանիային՝ Լեհաստանում, 1939թ.:

Գեներալը հիշեցրել է, որ ներկայումս, ինչպես 80 տարի առաջ, կարևոր է ոչ միայն տեխնոլոգիան, այլև՝ մարտավարությունը: Նա նշել է, որ 1939թ. բոլորն ունեին տանկեր, ինքնաթիռներ, ռադիոկապ, սակայն մեծ նշանակություն է ունեցել հենց ռազմական տեխնոլոգիաների կիրառության կոմբինացման նոր մեթոդը:

Հաղորդվում է, որ Ադրբեջանը և Ռուսաստանը կարող են և չունենալ ամենաժամանակակից զինատեսակներ, սակայն արդեն ունեն նորագույն անօդաչուներ, որոնք օգնում են ցանկացած զինատեսակ արդյունավետ դարձնելու հարցում:

Ամերիկացի սպայի խոսքով՝ Դոնբասում Ռուսաստանն անօդաչուներն օգտագործել է ուկրաինական թիրախների արագ հայտնաբերման և հրետանային կործանիչ կրակի համար: Լեռնային Ղարաբաղում ԱԹՍ-ներն իրենք են դարձել մահաբեր զենք: Նրա պնդմամբ՝ ժամանակակից պատերազմն այլևս երբեք նախկինը չի լինի, ուստի ԱՄՆ-ն պետք է պատրաստվի նոր մարտահրավերներին դիմակայելու:

Գեներալը նշել է, որ չնայած՝ ԱԹՍ-ները մեծ կորուստներ են պատճառել հայերին, սակայն ադրբեջանցիներն իրենք են ընկղմվել արյունալի սպանդի մեջ, երբ նրանց հետևակը բազմիցս գրոհել է հայկական դիրքերի վրա: Թեև Ադրբեջանը տարածքային ձեռքբերումներ ունի, դրանք համեստ ու թանկարժեք են: Այդպիսով՝ նոր և հին մարտավարական հնարքների ադրբեջանական կոմբինացիան բավականին քիչ հաջողված էր:

Նշվում է, որ Արցախյան այս պատերազմում Ադրբեջանի կողմից բլիցկրիգի իրականացման մասին խոսակցություններն անտեղի են, թեև Բաքուն որոշակի հաջողություններ ունեցավ: Պատերազմի առաջին 7 օրերին՝ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 4-ը, ադրբեջանցիները ցանկալի արդյունքի չհասան. առաջ շարժվեցին ընդամենը հաշված կիլոմետրեր: Սակայն հետագայում, հարավային ուղղությամբ զրահատեխնիկայի 2-3 «բռունցք»՝ մի քանի հարյուր միավոր զրահատեխնիկայով, 25 հազար զինվորով, կենտրոնացնելով, նրանք կարողացան ճեղքել պաշտպանությունը և հաջորդ շաբաթների ընթացքում զարգացնել հարձակողական նախաձեռնությունը:

Ռազմական փորձագետների գնահատմամբ՝ այդ ուղղության վրա Ադրբեջանի ԶՈւ կենդանի ուժի առավելությունը հայկական նկատմամբ 10-12 անգամ ավելին է եղել: Միայն անձնակազմի ու ծանր տեխնիկայի զգալի կորուստների, ինչպես նաև թուրքական և իսրայելական անօդաչուների շնորհիվ օդային գերակայության հասնելու արդյունքում պատերազմի 44-րդ օրը Բաքվի ուժերը կարողացան խորանալ 40-45 կմ, վերահսկողություն հաստատել Արցախի երկրորդ մեծ քաղաքի՝ Շուշիի նկատմամբ և դուրս գալ Ստեփանակերտի մատույցները:

Միացեք մեր Telegram ալիքին