Հակամարտություններ Հայ-ադրբեջանական Հարցազրույցներ Նորություններ Տարածաշրջանային Անվտանգություն

Հայաստանը դարձավ միջազգային ու տարածաշրջանային կոնսենսուսի զոհ. Վահրամ Հովհաննիսյան

Հարցազրույց տարածաշրջանային հարցերի մասնագետ Վահրամ Հովհաննիսյանի հետ. Իրավիճակը տարածաշրջանում ու Հայաստանում. անվտանգություն, առկա խնդիրներ, պարտության պատճառներ, անելիքներ, կանխատեսումներ:

Հարցազրույց տարածաշրջանային հարցերի մասնագետ Վահրամ Հովհաննիսյանի հետ. Իրավիճակը տարածաշրջանում ու Հայաստանում. անվտանգություն, առկա խնդիրներ, պարտության պատճառներ, անելիքներ, կանխատեսումներ:

Հարց 1. Ի՞նչ իրավիճակ է ներկայումս տարածաշրջանում:

Տարածաշրջանային իրավիճակը, կարծում եմ, պետք է դիտարկել ամբողջ աշխարհի և, հատկապես, խոշոր խաղացողների քաղաքականության համատեքստում: Եթե խոսենք Թուրքիայի մասին, ապա ակնհայտ է, որ նրա գլխին ու թիկունքին կանգնած ուժերն ունեն հստակ, խոշոր նպատակներ, որոնց իրագործման ճանապարհին կիրառվելու են ամենանենգ միջոցները. թուրքական ագրեսիան շարունակվում է, այդ առումով այս պահին, իմ համոզմամբ, «կազմակերպչական աշխատանքներ» են ընթանում:

Ադրբեջանում հասարակական մակարդակում գործընթացներ չկան. կան Ալիևներ, այլ կլաններ և թուրքական շրջանակներ: Յուրաքանչյուրը փորձում է պատերազմի արդյունքները յուրացնել: Կարծում եմ՝ վերախմբավորումներ են կատարվում, որոնցից կախված է լինելու արտաքին կողմնորոշումը: Գործող իշխանությունները փորձում են կայունացնել իրենց դիրքերը և խաղալ թուրք-ռուսական հավասարակշռություն:

Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են: Մոտավորապես՝ Ադրբեջանի նման. ներքին կյանքի, ժողովրդի առաջ պարտականությունների մասին ոչ ոք չի մտածում. միայն իշխանություն և արտաքին ուղղվածություն: Այստեղ հիմնական պայքարն ընթանում է Հյուսիս-Արևմուտք հավասարակշռության և միայն Արևմուտք ուղղվածության ջատագովների միջև: Աչքաթող է արվել նույնիսկ կորոնավիրուսային իրավիճակը:

Իրանում լուրջ անհանգստություն կա՝ կապված արտաքին սպառնալիքի և ազդեցության գոտիներում վերահսկողությունից զրկվելու վտանգի հետ: ԻԻՀ-ն այս պահին պատրաստվում է դիմագրավելու ԱՄՆ-ի նոր ղեկավարության քաղաքականությանը: Թեհրանի համար սպառնալիքներն օր օրի մեծանում են, ահաբեկիչներն ու իսրայելական «ձեռքն» արդեն նաև հյուսիսում են, ինչը չի կարող չմտահոգել Իրանին:

Իսկ, ընդհանուր առմամբ, ինչպես Իրանի, այնպես էլ մյուս երկրների շուրջ առկա իրավիճակն աշխարհաքաղաքական լրջագույն փոփոխությունների, կարելի է ասել, նախանշանների արտահայտման գործընթացում են. տարածաշրջանում լարվածությունն օր օրի ավելանում է:

Հարց 2. Իսկ ի՞նչ վիճակ է Հայաստանում:

Ինչ որ սովորաբար լինում է պատերազմից և, հատկապես, դրանում կրած անհաջողությունից հետո. քաղաքական, սոցիալ-տնտեսական և հոգեբանական բարդություն:

Հարց 3. Բարդություն, թե՞ ճգնաժամ:

Բարդություն: Ճգնաժամի վտանգ կա, կարող է լինել, եթե առկա լրջագույն խնդիրների ախտորոշումը ճիշտ չկատարվի և լուծումներն ուշանան: Սոցիալական առումով արդեն իսկ նկատելի տեղաշարժեր մեկնարկել են, մյուս դեպքերում՝ հուսով եմ՝ առաջիկայում կլինեն:

Հարց 4. Քաղաքական խնդիրներն, ըստ Ձեզ, կկարգավորվե՞ն: Ինչպե՞ս:

Կարգավորվելը հարաբերական է: Այսօր կարևոր է, որպեսզի լինի կայունություն և գործընթացներն իսկապես քաղաքական լինեն: Այլ տարբերակ անթույլատրելի է: Կարող էին համախմբվել՝ առաջնահերթ հարցերը լուծելու՝ գերիների փոխանակության, սահմանային անվտանգության վերականգնման, զորքի մարտունակության բարձրացման, ու հետո միայն քաղաքական պայքար մղեին:

Կարծում եմ՝ որոշ ուժեր փորձում են օգտագործել ժողովրդական տրամադրությունները, բայց ավելի խելամիտ կլիներ՝ քաղաքական կեցվածք դրսևորել և պատրաստվել հաջորդ ընտրություններին, եթե նույնիսկ արտահերթ չլինեն: Բայց այսօր որոշ կուսակցություններ ու խմբեր արդեն իսկ սպառում են ձայն ստանալու հնարավորությունը: Եթե որոշների այսօրվա շահերն ավելի մեծ են, քան հետագա հնարավորը՝ խորհրդարան անցնելու կամ այլ, դա ուրիշ հարց է:

Քաղաքական կյանքի մասին շատ չեմ ուզում մանրամասնել: Ինձ համար, որպես ՀՀ քաղաքացի, կարևոր է անվտանգությունը և բարեկեցությունը: Նույն կերպ, կարծում եմ, մեծ մասի համար է: Ուստի ցանկացած գործիչ, ուժ, խումբ հենց սրա շուրջ պետք է կենտրոնացնի իր ջանքերը: Մեզ այսօր կայունություն է պետք՝ առաջին հերթին՝ հանուն անվտանգության:

Հարց 5. Ի՞նչ անվտանգության մասին է խոսքը. արդյո՞ք վտանգ դեռ առկա է:

Վտանգ միշտ կա և երբեք չի պակասել: Թեև ռազմական գործողություններ այս պահին չկան, սակայն պատերազմը շարունակվել է 1994թ.-ից հետո՝ տարբեր դրսևորումներով: Վտանգը քիչ կլինի կամ չի լինի, երբ մենք կլինենք առավել միասնական, հզոր:

Վտանգ կա, քանի որ մեր դիրքերն այսօր շատ թույլ են, իսկ մեր թշնամիների նպատակներն իրագործվելու պոտենցիալ ունեն: Շատ բան այսօր մեզնից չի կախված, բայց կարող ենք գոնե հնարավորն անել՝ «մեծերի քամիներից» քիչ կորուստներով դուրս գալու համար:

Հարց 6. Դառնանք պատերազմին. ինչպե՞ս կմեկնաբանեք տեղի ունեցածը: Մի մասը որակում են պետական դավաճանություն, մյուսներն իշխանություններին մեղադրում են ոչ կոմպետենտության մեջ: Ի վերջո՝ ինչո՞ւ պարտվեցինք:

Պարտության մասին, կարծում եմ, պետք չէ շտապել: Մենք կապիտուլյացիա չենք ստորագրել: Այո, ունենք, ցավոք, մեծ, անդառնալի կորուստներ, բայց մեր անմահացած հերոսների անձնազոհության շնորհիվ պահպանել ենք հայոց գոյության իրավունքը, Արցախի սիրտը: Եթե ասում ենք «պարտվել ենք» նրա համար միայն, որ չենք հաղթել, ապա հակառակորդը նույնպես չի հաղթել: Պետք է հստակ արձանագրենք, որ երկու կողմի նպատակներն էլ այս պատերազմում մասամբ են կատարվել և մասամբ չեն կատարվել:

Ինչ վերաբերում է պատերազմի սանձազերծմանը, ապա պետք է ասեմ, որ Հայաստանը, ներառյալ՝ Արցախը, դարձել է միջազգային ու տարածաշրջանային կոնսենսուսի զոհ: Սա մեզ համար, կարծում եմ, պարտադրված պատերազմ էր, և հայ զինվորը պատվով կատարեց իր առաքելությունը: Պետական դավաճանությունը բացառում եմ. մեր իշխանությունները, հանուն արդարության պետք է նշեմ, դեռևս ամիսներ առաջ բարձր ամբիոններից հայտարարել են, որ Թուրքիան սպառնալիք է Հայաստանի համար: Եկեք հիշենք արդեն նախկին ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը դեռևս 2019թ. հուլիսին՝ Բաթումիի 16-րդ միջազգային համաժողովին («Հայաստանի համար Թուրքիան անվտանգության սպառնալիք է») և, ի վերջո, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը սեպտեմբերի 25-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ («Թուրքիան անվտանգության սպառնալիք է Հայաստանի և տարածաշրջանի համար»): Այսինքն՝ մեր բարձրագույն ղեկավարության կողմից վտանգի մասին բարձրաձայնվել է, ընդ որում՝ ի լուր ամբողջ աշխարհի: Վերջինի համաձայնության պարագայում մենք այլ տարբերակ չէինք կարող ունենալ:

Անշուշտ՝ սխալներ եղել են: Շատ սխալներ, ամենուր՝ Արցախի և ՀՀ կառավարություններում, ՏԻՄ-երում, բանակում, իրավապահ համակարգում: Դրանք պետք է մանրամասն ուսումնասիրվեն, երբ դրա համար նպաստավոր ժամանակներ լինեն: Ռազմական սխալները պետք է վերլուծվեն Գլխավոր շտաբի և անկախ մասնագետների կողմից, համապատասխան հանձնաժողովում պետք է լսեն նաև զոհվածների ծնողներին: Սխալները բազմաբնույթ են, դրվագային, շատ ժամանակ՝ մեկը մյուսի ու անձանց հետ կապ չունեցող:

Մեղավորության առումով՝ բոլորս ունենք մեր բաժինը: Այսպես ձևակերպեմ. «Եվ այդ մեկ մեղավորը ես եմ»: Յուրաքանչյուրս ինչ-որ կերպ թերացել ենք: Դրա վերլուծության ժամանակն էլ կգա, բայց հիմա կարևոր է, որ բոլորս կրենք մեր բաժին պատասխանատվությունը: Կարող ենք երկար խոսել տարիներ շարունակ չարվածի, թալանվածի, բանակից գողացվածի, չվճարված հարկերի, չվերաբնակեցման, չզարգացման մասին, բայց խոսելով հարցը չի լուծվի. պետք է գործել:

Պարտություն, թերևս, այս առումով կարող ենք համարել. մենք պարտվեցինք ինքներս մեզ: Ի վերջո՝ թերացող պաշտոնյան լուսնից ընկած չէ, նա մեր հասարակության մի մասնիկն է, ուստի խնդիրները պետք է փնտրել ամենախորքերում՝ բակերում, դպրոցներում, համայնքներում ու այս ճանապարհով դեպի վերին օղակներ ու հակառակը: Բայց, միևնույն է, այդ բոլոր սխալներն ու մեղավորությունները, թերացումները պատերազմի ու կորստի հիմնական պատճառը չեն. կրկնում եմ՝ միջազգային կոնսենսուս կար, որն էլ արտահայտվեց, և մեր զինվորն արեց անհնարինը:

Այս ամբողջը պետք է դիտարկվի տարածաշրջանում և աշխարհում կատարվող գործընթացների համատեքստում: Պետք չէ կտրվել տարածաշրջանային իրականությունից, ընդ որում՝ լայն շրջանակով՝ մինչև Աֆրիկայի ու Միջին Ասիայի սահմանները, մինչև Բալթիկ ծովի ու Իտալիայի ափերը: Առաջիկայում, կարծում եմ, «վերածնվելու են» նաև այլ հակամարտություններ, մենք պետք է կարողանանք դիմակայել նոր փոթորիկներին:

Հարց 7. Ովքե՞ր պետք է գործեն, ի՞նչ պետք է արվի:

Նախ՝ հասկանանք, թե ինչի՞ համար: Մեր առջև հստակ նպատակներ դնենք, կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրներն ամրագրենք: Ապա սկսենք հետամուտ լինել այդ խնդիրների լուծմանը՝ ընտրելով լավագույն միջոցները:

Մեղավորության մասին խոսեցի. թե՛ իշխանությունները, թե՛ հասարակությունը պետք է հիմա իրենց բաժին պատասխանատվությունը կրեն: Խոսքը բնավ հրաժարականի, դատելու կամ գնդակահարելու մասին չէ: Պետք է բոլորս ուղղենք մեր սխալները, պարտավորվենք անել չարածը, աշխատենք քառապատիկ ավելի եռանդով, լրացնենք բաց թողածը:

Եթե խոսեմ հասարակության անելիքների մասին, ապա այսօր կարևոր է համախմբվածությունը, հոգատարությունը տուժածների նկատմամբ: Խոնարհումս բոլոր զոհերի հարազատներին. նրանք այսօր մեր աջակցության կարիքն ունեն, նրանց կողքին պետք է լինենք:

Քաղաքացիներս պետք է ղեկավարներին դրդենք օր ու գիշեր աշխատելու, պարտադրենք ճիշտ աշխատել: Ապա՝ պետք է մեր մեջ ուժ գտնենք ու կրկին տեր կանգնենք մեր պետությանը, համայնքին, բակին: Քանի դեռ մենք աղբ ենք թափում՝ ուր պատահի, չորացնում ենք հարևանի ծառը, գողություն ենք անում Ստեփանակերտում, հզոր պետությունը երազանք է լինելու: Այսօր բոլորս ցավ ենք ապրում մեծ թվով երիտասարդ զոհերի համար՝ մոռանալով, թե խաղաղ օրերին միայն անիմաստ ավտովթարներից ինչքան ծաղիկ-տղերք ենք կորցրել:

Իշխանությունները պետք է ընտրեն որակյալ կադրերի, ովքեր կարող են ավելի արագ և արդյունավետ գործել: Գործընթացը մեկնարկել է, կարևոր է, որ սա մինչև վերջ տարվի՝ ընդհուպ մինչև տեղական ինքնակառավարման մարմիններ, մարզային կառույցներ: Պետք է սովորենք պետականորեն մի քիչ չար լինել, մի քիչ՝ նենգ, ավելի ճարպիկ…

Ինչպես նշեցի՝ ՀՀ քաղաքացու պահանջն առաջին հերթին անվտանգությունն է, ապա՝ նվազագույն բարեկեցությունը: Արվելիք բոլոր քայլերը հենց դրանց պետք է ուղղված լինեն՝ այդ թվում՝ կրթության, արտադրության, առողջապահության և մյուս ոլորտներում: Պետք է արագորեն կարգավորվի մեդիաոլորտը, մաքրվի աղբը: Սփյուռքի հետ կապը պետք է ամրապնդվի: Մի խոսքով՝ անելիքներ շատ կան, պետք է աշխատել: Առաջիկայում հավանաբար մանրամասն առաջարկներով հանդես կգամ: Հիշեցնեմ, որ դեռ ամիսներ առաջ գրածս հոդվածի («Կրթությունը՝ որպես անվտանգության երաշխիք») բազմաթիվ շեշտադրումներ այս պատերազմում հաստատվեցին:

Հարց 8. Որպես տարածաշրջանային հարցերի մասնագետ՝ ի՞նչ կանխատեսումներ ունեք:

Շատ բարդ է: Կրկին պետք է դիտարկել ավելի մեծ համատեքստում: Իրանի շուրջ լարվածությունն աճելու է. 2021թ. այնտեղ նախագահական ընտրություններ են: Գործող նախագահը, ով ամեն կերպ փորձել է երկխոսության մեջ մտնել Արևմուտքի հետ, ամենայն հավանականությամբ հենց այդ քաղաքականության պատճառով չի վերընտրվի: ԱՄՆ-ի նոր նախագահն արդեն հայտարարել է «արտաքին ագրեսիվ քաղաքականության վարման» մտադրության մասին, Իսրայելը, որ Իրանի մյուս թշնամին է, բախումը հավանական է համարել: Սրանք երևույթներ են, որ չեն կարող չազդել մեր անվտանգության վրա:

Բացի այդ, ունենք իր նպատակների հետևից համառորեն գնացող ու ցանկացած առիթից օգտվելու պատրաստ Թուրքիա՝ իր աջակիցներով հանդերձ: Ունենք այլ՝ իրենց խնդիրներն ունեցող հավանական գործընկերներ:

Կարծում եմ՝ մոտ ապագայում թեժանալու է ուկրաինական ճակատը: Կրկին՝ Թուրքիայի աջակցությամբ: Թե ինչ կլինի և ինչպես կավարտվի՝ կարող ենք մի քանի տարբերակներ քննարկել, բայց դրանցից յուրաքանչյուրը սպառնալիք է մեզ համար:

Ամեն դեպքում՝ հեշտ չէ ապրել ու պետություն ունենալ քաղաքակրթությունների բախման խաչմերուկում: Ուստի մեր խնդիրն այսօր շատ արագ ոտքի կանգնելն է, դաշնակցային հարաբերություններն ամրապնդելը, կազմակերպվելը, քանի որ ենթադրում եմ՝ 21 թիվը 20-ից լավը չի լինելու: Դիմակայելը բարդ է լինելու, բայց այլընտրանք պարզապես չկա:

Միացեք մեր Telegram ալիքին

<span>%d</span> bloggers like this: