Նորություններ ՏՆՏԵՍԱԿԱՆ Աշխարհ

Saxo Bank-ը հրապարակել է 2021թ.-ի «ապշեցնող կանխատեսումները»

Amazon-ի շտաբ-գրասենյակը կտեղափոխվի Կիպրոս, Covid-19-ի պատվաստանյութի պատճառով տոկոսադրույքները կբարձրանան, Ֆրանսիան օգնության խնդրանքով կդիմի Գերմանիային, չինական յուանը դոլարի թիվ 1 մրցակից կդառնա...

Դանիական ներդրումային Saxo Bank-ի վերլուծաբանները կազմել և հրապարակել են արդեն ավանդական դարձած «ապշեցնող կանխատեսումները»՝ գալիք տարվա համար: Կանխատեսումները վերաբերում են մի շարք քիչ հավանական և թերագնահատելի իրադարձություններին, որոնց պատճառով ֆինանսական շուկաները կարող են հարվածային մեծ ալիքի բախվել:

Բանկի մասնագետների գնահատմամբ՝ տեղեկատվական հսկաներին ծանր տարի է սպասվում: Մասնավորապես՝ խոսքն Amazon-ի մասին է. կառավարությունները կարող են համարել, որ տեխնոլոգիական հսկաները բավականին ամենակարող են դարձել և քիչ հարկեր են վճարում, ուստի 2021թ. Amazon-ի ղեկավարությունն իր եվրոպական շտաբ-գրասենյակը կարող է տեղափոխել Կիպրոս: Կանխատեսվում է, որ ընկերությունը Կիպրոսի իշխանությունների հետ պայմանավորվածություն ձեռք կբերի հարկային արտոնության վերաբերյալ:

Սա մրցակիցների համեմատ արտոնյալ հնարավորություններ կապահովի: ԱՄՆ-ի և ԵՄ-ի իշխանություններն Amazon-ի այդ որոշմանը կարձագանքեն թվային ընկերությունների նկատմամբ խստացված վերահսկողությամբ:

Մեկ այլ ուշագրավ կանխատեսում կապված է համաշխարհային տնտեսության վրա կորոնավիրուսի հետևանքների հետ: Covid-19-ի դեմ պատվաստանյութը շուկա դուրս բերելու դեպքում տարբեր երկրների մոնետարային իշխանությունները հարկադրված են լինելու բարձրացնել տոկոսային դրույքները, ինչը բազմաթիվ ընկերությունների համար պարտքի սպասարկման բարդություններ կառաջացնի՝ հանգեցնելով սնանկացման:

Ֆրանսիան, որն արտաքին պարտքի մեծ բեռ ունի, օգնության խնդրանքով դիմելու է Գերմանիային, իսկ Չինաստանի իշխանությունները շրջանառության մեջ կդնեն յուանի թվային տարբերակը: Դանիական բանկի կանխատեսմամբ՝ թվային յուանը կհավակնի համաշխարհային պահուստային արժույթի կարգավիճակի՝ դառնալով դոլարի թիվ մեկ մրցակիցը:

Saxo Bank-ի փորձագետների կանխատեսմամբ՝ Արևելյան Եվրոպայի երկրներում կհայտնվի բլոկչեյն-ցանց, որը կկենտրոնանա կեղծ լուրերի դեմ պայքարի և տեղեկատվության ստուգման վրա: Բացի այդ՝ աշխարհի բազմաթիվ երկրներում սպասվում է էներգետիկ հեղաշրջում: Սա տեղի կունենա արհեստական բանականության օգնությամբ աշխատող մեծաթիվ ջերմամիջուկային ռեակտորների գործարկման արդյունքում:

Տեխնոլոգիական զարգացումը և մարդկանց փոխարինումը մեքենաներով զանգվածային գործազրկության կհանգեցնեն: Սա իր հերթին կնպաստի մարդկանց միգրացիային՝ դեպի գյուղական համայնքներ. մեգապոլիսներն աստիճանաբար կդատարկվեն:

Saxo Bank-ի կանխատեսմամբ՝ զարգացող տնտեսությամբ երկրները առավել դինամիկ զարգացման հնարավորություն կստանան մատչելի և արագ ինտերնետի տարածման հաշվին:

2019թ. դեկտեմբերին նույն բանկի վերլուծաբանները կանխատեսել էին, որ 2020թ. պանասիական նոր արժույթ կթողարկվի, Հունգարիան դուրս կգա Եվրամիությունից, Թրամփը կհաղթի նախագահական ընտրություններում, համաշխարհային կենտրոնական բանկերը և կառավարությունները կկորցնեն աշխարհի իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը, իսկ Ռուսաստանի տնտեսությունը կամրապնդվի նավթի գնի (90 դոլար/բարել) և կանաչ էներգիայի նկատմամբ համաշխարհային հետաքրքրության հաշվին:

Saxo Bank-ը, հրապարակելով իր «ապշեցնող կանխատեսումները», մեկնաբանում է, որ դրանք բանկի պաշտոնական կանխատեսումները չեն ներդրողների և շուկայի այլ մասնակիցների համար. դրանք «միայն մտածելու համար են»:

Միացեք մեր Telegram ալիքին

%d bloggers like this: