Նորություններ Տարածաշրջանային ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«6-ի հարթակ». ի՞նչ է առաջարկում Էրդողանը

Թուրքիայի նախագահի խոսքով՝ քննարկվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի և, ցանկության դեպքում, նաև Հայաստանի մասնակցությամբ տարածաշրջանային համագործակցության հարթակ ստեղծելու հարցը:

Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահը հայտարարել է Հարավային Կովկասում համագործակցության զարգացման համար «վեցի հարթակ» ստեղծելու հնարավորության մասին: Զորահանդեսին մասնակցելու նպատակով Ադրբեջան մեկնած Էրդողանը նշել է, որ Ալիևի հետ քննարկել են Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի և, ցանկության դեպքում, նաև Հայաստանի մասնակցությամբ հարթակ ստեղծելու հարցը, ինչը, նրա խոսքով, տարածաշրջանի զարգացման համար լավ համագործակցություն կարող է լինել:

Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի համար «բացել դռները», և որ Անկարան հայ ժողովրդի հետ խնդիրներ չունի: Գրեթե բոլոր հարևանների հետ տարաձայնություններ ունեցող երկրի ղեկավարը հայտարարել է, որ Թուրքիան «տարածաշրջանում խաղաղության կողմնակից է»:

Հիշեցնենք, որ այսօր Բաքվում զորահանդեսի ժամանակ իր ելույթում Էրդողանը հիշատակել էր Էնվեր փաշայի անունը, նշել, որ պայքարը շարունակվում է: Սա փորձագիտական հանրությունը համարել էր սպառնալիք՝ ուղղված Հայաստանին և Ռուսաստանին (Հյուսիսային Կովկաս): Եվ պատահական չէ, որ նրա խոսքերին արձագանքեց ՌԴ ԱԳՆ-ն՝ կոչ անելով քաղաքական հայտարարություններով չնսեմացնել ծանր գնով ձեռք բերված խաղաղությունը: Վերոնշյալ մամուլի ասուլիսը տեղի է ունեցել ռուսական կողմի արձագանքից հետո:

Միացեք մեր Telegram ալիքին

<span>%d</span> bloggers like this: