Հակամարտություններ Հոդվածներ Նորություններ Տարածաշրջանային ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պուտինյան Ռուսաստանի ու էրդողանական Թուրքիայի 2+2 մոդելը

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ, Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող Հայկ Գաբրիելյանի հոդվածը:

21-րդ դարի սկզբին Թուրքիայում իշխանության եկավ «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), որի կողմնակիցներին անվանում են «չափավոր իսլամիստներ» կամ «իսլամիստ դեմոկրատներ»։ ԱԶԿ-ի կառավարման առաջին տարիներին (2000-ականներին) Թուրքիան վարում էր «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը, որի ճարտարապետն Ահմեթ Դավութօղլուն էր։ Սա բավական տրամաբանական էր այն ժամանակվա Թուրքիայի համար՝ հաշվի առնելով, որ 1990-ականներին Թուրքիան բազում խնդիրներ ուներ իր թերևս բոլոր հարևանների հետ և անգամ գտնվում էր 2․5 պատերազմի վտանգի տակ։ Խոսքը միաժամանակ երկու ճակատում՝ հյուսիս-արևմուտքում Հունաստանի ու հարավ-արևելքում Սիրիայի դեմ պատերազմելու և նաև Թուրքիայի ներսում քրդական PKK կազմակերպության դեմ կես պատերազմ մղելու մասին է։

            «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը մեծ հաջողություն ունեցավ, Թուրքիան հիմնականում կարգավորեց հարաբերությունները հարևան երկրների հետ, շեշտակի մեծացրեց նրանց հետ տնտեսական կապերը, տարածաշրջանում (և ոչ միայն) դարձավ մեծ միջնորդ՝ որոշակի հաջողություններով։ Արդյունքում, 2010թ. ամերիկյան Foreign Policy պարբերականը Դավութօղլուին ճանաչեց տարվա լավագույն դիվանագետներից մեկը` «Նոր Քիսինջեր»: Անկարայում ԱՄՆ նախկին դեսպան Մարկ Փարիսն էլ Դավութօղլուին որակեց «Թուրքիայի Հենրի Քիսինջեր»։ Ակնհայտ է, որ «բոլորի հետ լեզու գտնել կարողացողի» համբավ վայելող Դավութօղլուին Քիսինջերի հետ համեմատելը կապված էր «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության հաջողությունների հետ։ 

Տվյալ հաջողությունը Թուրքիայի համար արտաքին քաղաքական ոլորտում ստեղծեց մանևրելու լայն դաշտ, տնտեսապես ուժեղացրեց Թուրքիայի դիրքերը, միջնորդական համատեքստում և ընդհանրապես մեծացրեց նրա պահանջարկը տարածաշրջանում ու նրա սահմաններից դուրս, լուրջ նախադրյալներ ստեղծեց 2010-ականներին նեոօսմանյան քաղաքականությանն անցում կատարելու համար։ Էրդողանն այդպիսով որոշեց կոշտացնել արտաքին քաղաքականությունը, ինչին նպաստեց ոչ միայն արտաքին քաղաքական, այլև ներքաղաքական ոլորտներում նրա դիրքերի ամրապնդումը և նաև տարածաշրջանային զարգացումները («Արաբական գարուն»)[1]։

Էրդողանը փորձեց նեոօսմանիզմի միջոցով Թուրքիայի ազդեցությունը մեծացնել Օսմանյան կայսրության երբեմնի տարածքներում[2]։ Նեոօսմանիզմի բաղկացուցիչ դարձավ «ռազմակայանային» քաղաքականությունը, որի շրջանակներում Թուրքիան սկսեց օրինական ու ապօրինի ճանապարհներով ռազմական ներկայություն հաստատել ու ռազմակայաններ հիմնել Օսմանյան կայսրության նախկին տարածքներում։ Դրան նպաստեցին նաև տարածաշրջանում առկա կոնֆլիկտները[3]։ Էրդողանն այդպիսով ձգտում էր ամեն կերպ սեփական խորը հետք թողնել պատմության մեջ։ Ընդ որում, այդ համատեքստում նա ձգտում էր հավասարվել և անգամ գերազանցել ԹՀ հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին։ Այդպիսով, Էրդողանի արտաքին (նաև ներքին) քաղաքականությունը ճիշտ հասկանալու համար պետք է հաշվի առնել 3 կարևոր գործոն․ 1) Էրդողանի նեոօսմանյան (սուլթան), 2) Իսլամական աշխարհի առաջնորդ ընկալվելու (խալիֆ), 3) Աթաթուրքին հասնելու ու անցնելու մղումները։

            Էրդողանի այս ձգտումներն ուժգնացան 2016թ․ հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից (ՌՀՓ) հետո, ինչը նրա համար դարձավ լուրջ ազդակ անմիջապես գործի անցնելու համար։ Էրդողանը, թերևս, գիտակցեց, որ իր երազանքները կարող են անկատար մնալ նոր ՌՀՓ-ի և/կամ մահափորձերի պարագայում և ՌՀՓ-ից հետո առաջին հերթին մաքրեց թիկունքը՝ երկրի զինված ուժերը՝ իրականացնելով ուժային կառույցների լուրջ վերափոխումներ և զինված ուժերից հեռացրեց հազարավոր սպաների ու հարյուրավոր գեներալ/ծովակալի[4]։

Իր արտաքին քաղաքական նպատակներին հասնելու հարցում էլ Էրդողանը գտավ հնարամիտ տարբերակ՝ օգտագործել նախկին Օսմանյան կայսրության և նաև դրանց հարակից տարածքներում առկա կոնֆլիկտները։ Սակայն դա անելու համար նրան անհրաժեշտ էր ժամանակավոր դաշնակից, և Էրդողանը գտավ նրան՝ ի դեմս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի։ Արդյունքում ՌՀՓ-ին հաջորդած 39 ամսում նրանց միջև գրանցվեց 69 շփում, որից 24-ը՝ երկկողմ հանդիպումների, իսկ 45-ը՝ հեռախոսազրույցների տեսքով[5]։

ԷՐԴՈՂԱՆ – ՊՈՒՏԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին տարիներին Պուտինյան Ռուսաստանի ու Էրդողանական Թուրքիայի միջև գրանցվեց զգալի մերձեցում, որին նպաստեցին մի շարք կարևոր ընդհանրություններ. ա) ՌԴ-ում ու Թուրքիայում ավտորիտար (նմանատիպ) ռեժիմների առկայություն, բ) մարդու իրավունքների մասշտաբային խախտումների կապակցությամբ Արևմուտքի դատապարտող հայտարարություններից ՌԴ-ի ու Թուրքիայի մեծ դժգոհություններ ու նեղացած կեցվածք, գ) Արևմուտքից ՌԴ-ի ու Թուրքիայի որոշակի մեկուսացվածություն․ թե՛ ՌԴ-ը, թե՛ Թուրքիան գտնվում են արևմտյան պատժամիջոցների ներքո, դ) երկու երկրների կայսերական անցյալը․ թե՛ ՌԴ-ը, թե՛ Թուրքիան ներկայումս նկրտումներ ունեն, եթե ոչ նախկին կայսրությունները վերականգնելու, ապա գոնե դրանց տարածքներն իրենց ազդեցության տակ պահելու, ե) Թե՛ Ռուսաստանը, թե՛ Թուրքիան (նաև Իրանը) այն դիրքորոշման են, որ տարածաշրջանի հարցերը պետք է լուծվեն հենց տարածաշրջանային և ոչ թե արտատարածաշրջանային երկրների/ ուժերի (ԱՄՆ) կողմից[6], զ) Թե՛ Պուտինը, թե՛ Էրդողանը տարված են պատմության մեջ սեփական խորը հետքը թողնելով և հանուն դրա՝ նրանք երբեմն անձնական շահերը վեր են դասում պետական շահերից։

Հայտնի է, որ Ռուսաստանն ու Թուրքիան տարածաշրջանային մրցակիցներ ու հակառակորդներ են և նաև նախկինում միմյանց դեմ պատերազմել են ավելի քան 10 անգամ։ Եվ թվում էր, թե Պուտինն ու Էրդողանը չեն կարող սերտորեն համագործակցել միմյանց հետ, սակայն դա այդպես կարող էր թվալ, եթե խնդրին նայենք միայն «Ռուսաստան-Թուրքիա»-ի պրիզմայով։ Մինչդեռ անհրաժեշտ է խնդրին նայել առաջին հերթին «Պուտին-Էրդողան» պրիզմայով, քանի որ դրանք բավական տարբեր բաներ են։ Եթե մի իրադարձություն ընդհանրապես չենք սպասի «Ռուսաստան-Թուրքիա» պրիզմայի դեպքում, ապա ամեն ինչ ընկնում է իր տեղը, երբ նույն խնդրին նայում ենք «Պուտին-Էրդողան» պրիզմայով։

Օրինակ, «Ռուսաստան-Թուրքիա»-ի պրիզմայով նայելու դեպքում դժվար է բացատրել, թե ինչու է Ռուսաստանն իր տարածաշրջանային մրցակից ու հակառակորդ Թուրքիային սպառազինում նորագույն S-400 զենիթահրթիռային համալիրներով, պատրաստակամություն հայտնում կիսվել դրա արտադրման (թեկուզև մասնակի) տեխնոլոգիաներով և նաև հիմնել S-500-ի համատեղ արտադրություն, թե ինչու է Թուրքիան դարձնում միջուկային (կառուցում նրա առաջին ատոմակայանը) ու տիեզերական (օգնում տիեզերքը յուրացնելու հարցում) երկիր, թե ինչու է Թուրքիային թույլ տալիս ռազմական բաց միջամտություններ իրականացնել շրջակա տարածաշրջաններում (ուր ներկա է նաև Ռուսաստանը)։ Եվ ահա անհրաժեշտ է այս հարցերին առաջին հերթին նայել «Պուտին-Էրդողան» պրիզմայով․ Պուտինն ամեն ինչ անում է, որպեսզի Թուրքիան դուրս գա ՆԱՏՕ-ից, որով և պատմության մեջ կմտնի որպես ԽՍՀՄ փլուզման դիմաց ՆԱՏՕ-ի կազմաքանդմանը մեկնարկ տված Ռուսաստանի առաջնորդ (2005թ․ Պուտինը 20-րդ դարի մեծագույն աշխարհաքաղաքական աղետ էր որակել ԽՍՀՄ-ի փլուզումը[7]՝ չնայած նախորդ դարում երկու համաշխարհային պատերազմներ տեղի ունենալուն)։ Հաշվի առնելով, որ «Էրդողանական Թուրքիան» վերջին տարիներին վերածվել է ՆԱՏՕ-ի ամենախնդրահարույց անդամի՝ պետք է նշել, որ Պուտինը շատ ճիշտ ընտրություն է կատարել ՆԱՏՕ-ն փլուզելու գործընթացին մեկնարկ տալու համար (հազիվ թե ՆԱՏՕ-ի որևէ այլ անդամ Պուտինի դրդմամբ կլքի ՆԱՏՕ-ն)։ Ստացվում է, որ մոլորակում կա միայն մեկ մարդ, ով կարող է ի կատար ածել Պուտինի այդ երազանքը, և տվյալ մարդը ՆԱՏՕ-ի առանցքային անդամ երկրներից մեկի ղեկավար Էրդողանն է, ով էլ շրջակա տարածաշրջաններ մուտք գործելու հարցում Պուտինից ամեն անգամ ստանում է «կանաչ լույս»։

Եթե մենք նայենք տարածաշրջանային կոնֆլիկտներում (Սիրիա, Լիբիա, Արցախ և նաև Ուկրաինա) Պուտինյան Ռուսաստանի ու Էրդողանական Թուրքիայի դիրքավորումներին, ապա կտեսնենք, որ բոլոր դեպքերում անխտիր նրանք գտնվում են հակադիր բևեռներում։ Եվ թվում էր, թե դա երկու երկրներին պետք է խանգարի համագործակցել տվյալ կոնֆլիկտների հարցում, սակայն իրականում դա հնարավոր է դառնում՝ շնորհիվ Պուտին-Էրդողան անձնական հարաբերությունների բարձր մակարդակի, որոնք գերակայում են Ռուսաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների վրա։ Լիովին համակարծիք ենք 2018թ․ թուրք փորձագետ Հաքան Աքսայի հայտնած այն մտքի հետ, որ «այսօր գոյություն չունեն Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններ, և որ փոխարենը գոյություն ունեն Պուտին-Էրդողան հարաբերություններ»[8]։

2020թ․ դեկտեմբերի 7-ին Թուրքիայի Միջերկրածովյան համալսարանում անցկացվեց Արևելյան Միջերկրականի ֆորումը, որին մասնակցել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Իր ելույթում անդրադառնալով տարածաշրջանի չլուծված խնդիրներին՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ «տարածաշրջանային բոլոր խնդիրների հիմնական պատճառը կիսել չիմանալն է և կիսելու փոխարեն ամբողջը վերցնելու փորձը»[9]: Եվ ահա Պուտինն ու Էրդողանը գտել են կիսելու տարբերակը՝ 2+2 մոդելը։

Սա նշանակում է, որ երբ Պուտինն ու Էրդողանը տարածաշրջանային տարատեսակ կոնֆլիկտներում հայտնվում են հակադիր բևեռներում, սկսում են պրոքսի պատերազմներ վարել միմյանց դեմ և առաջին հայացքից թվացյալ այդ թերությունը վերածում են առավելության։ Նրանցից յուրաքանչյուրը սկսում է աջակցել հակամարտող կողմերից մեկին, երբեմն նաև փրկում և այդպիսով պարտական դարձնում նրան (Պուտինը՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, իսկ Էրդողանը՝ Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջին)։ Այդպիսով, Պուտինն ու Էրդողանը ձեռք են բերում նրանց վրա ազդելու հզոր լծակներ, սեփական կամքը թելադրելու և իրենց ուզած ձևով տվյալ երկիրը կիսելու հնարավորություն։ Պուտինն ու Էրդողանը 2+2 մոդելով կիսում են տարատեսակ երկրներ/տարածաշրջաններ՝ ԱՄՆ-ին (որոշ դեպքերում նաև Իրանին ու Ֆրանսիային) դուրս թողնելով գործընթացներից։ Ներկայացնենք 2+2 մոդելով Պուտինի ու Էրդողանի գործելաոճը՝ առավելապես կենտրոնանալով 2020թ․ 3 հայտնի օրինակի վրա։ 

ՍԻՐԻԱ ՈՒ ԼԻԲԻԱ

ՌՀՓ-ից մեկ ամիս անց, երբ Էրդողանը ձերբազատվել էր արևմտամետ, Սիրիա ներխուժելուն դեմ արտահայտվող բարձրաստիճան սպաներից, Թուրքիան Սիրիայի հյուսիսում իրականացրեց «Եփրատի վահան» ռազմական գործողությունը[10], որին հաջորդեցին «Ձիթենու ճյուղ» (2018թ․)[11], «Խաղաղության ակունք» (2019թ․)[12] և նաև «Գարնանային վահան» (2020թ․) ռազմական գործողությունները։ Ավելորդ է ասել, որ Էրդողանը չէր կարող Սիրիայում ռազմական բաց միջամտություն սկսել՝ առանց ԱՄՆ-ի ու Ռուսաստանի թույլտվության՝ նաև հաշվի առնելով, որ այդ երկու երկրների մարտական ավիացիան գործում էր Սիրիայի երկնքում։ Քանի որ մեր քննարկման առարկան առավելապես 2020թ․ է, ուստի և նպատակահարմար ենք համարում կանգ առնել միայն «Գարնանային վահան» գործողության վրա, որը Թուրքիան Սիրիայի Իդլիբ նահանգում սկսեց 2020թ․ փետրվարի վերջին։

Պուտինն ու Էրդողանն այստեղ վարում էին պրոքսի պատերազմ՝ Բ․ Ասադի ու Իդլիբում գործող ահաբեկչական տարատեսակ խմբավորումների ձեռքերով։ Ավելին, թուրքական կողմը չէր խորշում անձամբ Բ․ Ասադի բանակին (այդ թվում նաև «Բայրաքթար» ԱԹՍ-երով) հարվածելուց, իսկ ռուսական կողմը՝ այդ խմբավորումներին (ավիացիայով) հարվածելուց։ Եվ թեև մեկ անգամ գրանցվեց ուղիղ բախում, երբ ռուսական օդուժի հարվածի հետևանքով սպանվեց միանգամից 33 թուրք զինծառայող, սակայն հասկանալի էր, որ դա ավելի շատ բացառություն էր (ռուսական կողմը հայտարարեց, թե «տեղյակ չի» եղել, որ հարվածի գոտում գտնվում են թուրք զինծառայողներ՝ հավելելով, որ թուրք զինծառայողները չպետք է գտնվեին Իդլիբում հիմնած ռազմական դիտակետերից դուրս)։

Թուրքիան, սակայն, չընկրկեց և Իդլիբում կարողացավ պահպանել իր դիրքերը՝ թույլ չտալով, որ Բ․ Ասադի բանակը Պուտինի թելադրանքով իրեն դուրս մղի Իդլիբի նահանգից և այդպիսով մոտենա Սիրիայի Աֆրինի շրջանին (որը, ըստ ամենայնի, դառնալու է Թուրքիայի 82-րդ նահանգը) և նաև Հաթայ նահանգին (1930-ականների վերջերին Սիրիայից խլված տարածք, որը 20-րդ դարում Սիրիան համարում էր իր տարածքը)։ Թուրքիան այս հարցում օգտվեց իր երկու առավելություններից (1․ աշխարհագրորեն մոտ լինել և այդպիսով անհրաժեշտության դեպքում արագորեն զորք մտցնել Իդլիբ, 2․ Ռուսաստանն այդուհետ չհամարձակվեց Իդլիբում բաց հարվածել Թուրքիայի դրոշով հանդես եկող թուրքական զորախմբին)։ Եվ Ռուսաստանը նրա հետ սկսեց կիսել Իդլիբը (ինչն իր շարունակությունը ստացավ նաև Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում և նաև դրանից հետո)։

Այդպիսով, Պուտինյան Ռուսաստանին ապավինած կողմը՝ Բ․ Ասադը, Իդլիբում պարտություն կրեց Թուրքիայից ու նրա հովանավորության տակ գտնվող ահաբեկչական խմբավորումներից։ Ի դեպ, Իդլիբի դեպքերը կարող են հրաշալի օրինակ ծառայել այն բանի, որ եթե ռուսական կողմը փոշմանած է լինում, ապա «գնացքն արդեն մեկնած է լինում»․ 2017թ․ Պուտինյան Ռուսաստանն Էրդողանական Թուրքիային թույլ տվեց մուտք գործել Իդլիբի նահանգ, իսկ երբ 2020թ․ ցանկանում էր (Ասադի միջոցով) նրան դուրս մղել տվյալ գոտուց, այլևս ի զորու չէր․ թուրքական կողմը չնահանջեց։

Լիբիայի պարագայում էլ Պուտինյան Ռուսաստանն ու Էրդողանական Թուրքիան հակադիր բևեռներում էին։ Էրդողանն աջակցում էր Ֆայեզ Սարաջի կառավարությանը, որի հետ 2019թ․ նոյեմբերին ծովային շահավետ պայմանագիր էր կնքել, իսկ Պուտինը՝ Խալիֆա Հաֆթարին։ Այստեղ էլ կողմերը միմյանց դեմ վարում են պրոքսի պատերազմ՝ բաց կերպ չպատերազմելով միմյանց դեմ։ Տեսնելով, որ Սարաջի բանակը ծանր պարտություն է կրում՝ Թուրքիան Սիրիայից զինյալներ գործուղելուց զատ սկսեց ռազմական բաց միջամտություն Լիբիայում՝ նույն «Բայրաքթար» ԱԹՍ-ով ծանր հարվածներ հասցնելով Հաֆթարի բանակին և ստիպելով նահանջել (ուշագրավ է, որ թե՛ Իդլիբի, թե՛ Լիբիայի պարագայում «Բայրաքթարների» թիրախում մեծապես եղել են ռուսական արտադրության ՀՕՊ միջոցները)։

2020թ․ հունվարի 6-ին Հաֆթարի բանակը գրավեց մեծ կարևորություն ունեցող Սիրթ քաղաքը, իսկ հունվարի 8-ին Պուտինն ու Էրդողանը հակամարտող կողմերին հրադադարի ու բանակցային սեղանին նստելու կոչ հղեցին։ Սակայն դա մերժվեց Հաֆթարի կողմից, ով նաև հունվարի 13-ին Մոսկվայում մերժեց հրադադարի մասին համաձայնագիրը (Սարաջը պատրաստ էր ստորագրել այն)։ Հաֆթարի երկրորդ մերժումից երեք օր անց հայտնի դարձավ, որ Էրդողանը թուրք զինվորականներ է ուղարկել Լիբիա՝ ի աջակցություն Սարաջի: Արդյունքում Հաֆթարի բանակը, որի տրամադրության տակ կային նաև ռուսական մարտական ինքնաթիռներ (ՄիԳ-29, Սու-24) ու ՀՕՊ միջոցներ («Պանցիր»), (ռուսական) «Վագների» պրոֆեսիոնալ վարձկաններ (թուրքական կողմի պնդմամբ՝ նաև Ասադի վերահսկած տարածքներից Լիբիա ուղարկված վարձկաններ), մի շարք պարտություններ կրեց ու սկսեց նահանջել դեպի արևելք (դրանից հետո Հաֆթարը, թերևս, գիտակցել է, որ Պուտինին մերժելը վատ հետևանքների է հանգեցնում)։

Էրդողանն այդպիսով փրկեց Սարաջին, ստացավ նրա վերահսկած տարածքներում (Ալ Վաթիա, Միսրատա) ռազմակայաններ հիմնելու իրավունք[13]։ Լիբիայում էլ հաստատվեց համեմատաբար տևական հրադադար, ռազմաճակատը կայունացավ Սիրթ քաղաքի գծով, և Պուտինն ու Էրդողանն այդպիսով յուրատեսակ վերաբաժանում արեցին Լիբիայում (թեև Սիրիայի նման Լիբիայում էլ ներկայացված են տարբեր երկրներ)։ Դրանով իսկ Լիբիայում նույնպես պարտություն կրեց Պուտինյան Ռուսաստանին ապավինած ուժը՝ Հաֆթարի բանակը։ Սեփական ռազմակայանները տեղակայելով Լիբիայում՝ Թուրքիան, ըստ էության, կանգնեցրեց պատերազմը, քանի որ Հաֆթարի համար բարդ է դրանց հարվածելը և պատասխան քայլից խուսափելը։ Նույնը պետք է ասել Եգիպտոսի համար, որի խորհրդարանը հուլիսի 20-ին երկրի նախագահին արտոնել էր Լիբիա զորք ուղարկելը։ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին սակայն խուսափեց դրանից, չհամարձակվեց հարվածել Լիբիայում թուրքական ռազմակայաններին։ Մեզ համար ակնհայտ է, որ Լիբիա մուտք գործելուց առաջ Էրդողանը հաշվի է առել Հաֆթարի և նաև ալ-Սիսիի վրա Պուտինի ազդեցությունը, Պուտինի միջոցով նրանց վրա ներազդելու ու կանգնեցնելու հնարավորությունը։ Սա նշանակում է, որ Էրդողանը նախապես հաստատապես համոզված էր, որ Լիբիայում թուրքական ռազմական բաց միջամտությունը հաջողություն է ունենալու, և որ իր նախագահության տարիներին թուրք զինվորը հաղթականորեն վերադառնալու է Լիբիա, որտեղից 1912թ․ գլխիկոր լքել է Մ․ Քեմալի հետ միասին։ Հետևաբար այսուհետ Էրդողանն ամեն քայլի գնալու է՝ թույլ չտալու համար, որ թուրք զինվորը վերստին գլխիկոր լքի Լիբիան։

ԱՐՑԱԽ

2020թ․ սեպտեմբերի 27-ին սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը, որին Թուրքիայից մասնակցեցին կոմանդոս ջոկատներ, ամերիկյան արտադրության F-16 կործանիչներ ու թուրքական արտադրության Bayraktar TB2 և այլ տիպի ԱԹՍ-եր։ Բացի այդ թուրքական կողմն իր վրա էր վերցրել տվյալ պատերազմի մշակման, կոորդինացման, ղեկավարման գործառույթները, հետախուզական օգնություն էր ցուցաբերում Ադրբեջանին, այդ թվում նաև իր տարածքից։ Ավելին, ադրբեջանական բանակը, ըստ ամենայնի, կիրառում էր Թուրքիայի «աֆրինյան մարտավարությունը»․ (հակառակ) կիսալուսնի տեսքով միանգամից մի քանի տեղերից հարձակում սկսելով լեռնային տեղանքում՝ ձգտելով աստիճանաբար առաջ գնալ։ Հենց թուրքական կողմի այս մասնակցությունն ուժերի նժարը մեծապես (բայց ոչ ամբողջովին) թեքեց հօգուտ Ադրբեջանի։ Քանի որ Արցախյան երկրորդ պատերազմը մի առանձին հետազոտության թեմա է, ցանկանում ենք սահմանափակվել միայն մի քանի գործոն առանձնացնելով։

Այս պարագայում նույնպես պարտություն կրեց Պուտինյան Ռուսաստանին ապավինած ուժը։ Պուտինյան Ռուսաստանն ու Էրդողանական Թուրքիան, ըստ էության, այստեղ էլ մղեցին պրոքսի պատերազմ և կատարեցին բաժանում, որը, թերևս, դեռ ամբողջովին ավարտված չէ (Թուրքիան ձգտում է ամեն գնով Ադրբեջանում տեղակայել սեփական «խաղաղապահներին»)։ Համենայն դեպս չենք բացառում, որ բաժանումն իրականացվում է «Արցախը՝ Ռուսաստանին, Նախիջևանը՝ Թուրքիային» սկզբունքով։ Թերևս անկասկած է, որ առանց նախապես Ռուսաստանի հետ խորհրդակցելու, նրանից «կանաչ լույս» ստանալու Էրդողանը չէր կարող ինքնագլուխ նման կերպ մուտք գործել Այսրկովկաս, որը, ի տարբերություն Սիրիայի ու Լիբիայի, Պուտինյան Ռուսաստանի տեսանկյունից հետոխորհրդային և շատ ավելի զգայուն տիրույթ է։

Էրդողանը, սակայն, հայտնվեց այստեղ՝ իր հետ բերելով ՆԱՏՕ-ի անդամ երկրի զինծառայողներ, ամերիկյան արտադրության F-16 կործանիչներ ու ահաբեկիչ-վարձկաններ, որոնք կոչված էին մեծապես բեկել պատերազմի ընթացքը հօգուտ Ադրբեջանի և այդպիսով նպաստել նրա կողմից ռուս խաղաղապահների մուտքի առջև «կանաչ լույս» վառելուն (Ադրբեջանի ռազմական հաղթանակի, տարածքային նվաճումների (հատկապես Շուշիի) բացակայության դեպքում, թերևս, անհնար էր հասնել ռուս խաղաղապահների տեղակայմանը)։ Այլ կերպ ասած՝ Էրդողանը նախապես հաստատապես համոզված էր, որ մուտք գործելով Արցախյան հակամարտության գոտի՝ այստեղ նույնպես հաջողություն է գրանցելու։

Եթե անգամ համարենք, թե Էրդողանն ու Ալիևն այնքան ինքնագլուխ էին, որ «առանց Ռուսաստանի կարծիքը հաշվի առնելու են մասշտաբային պատերազմ սկսել Արցախում», ապա վերստին անկարելի կլինի ասել, թե նրանք Ռուսաստանին կանգնեցրեցին կատարված փաստի առջև, հանկարծակիի բերեցին նրան։ Չէ՞ որ Ռուսաստանն ունի արդյունավետ հետախուզություն, արբանյակներ, Թուրքիայի հետ համեմատ՝ ավելի մեծ թվով գործակալներ Ադրբեջանում, և նա չէր կարող պարզապես չնկատել տասնյակ հազարավոր զինծառայողների ու հազարավոր միավոր ռազմական տեխնիկայի շարժը դեպի առաջնագիծ։

Եվ վերջապես, եթե անգամ համարենք, որ ո՛չ Էրդողան-Ալիև տանդեմն է Պուտինին կանխավ իրազեկել մոտալուտ պատերազմի մասին, ո՛չ էլ ռուսական հետախուզությունն է դրա մասին զեկուցել երկրի իշխանություններին, և որ Պուտինին հիրավի հանկարծակիի են բերել Արցախում պատերազմ սկսելով, ապա նման պարագայում ինչպիսի՞ն կլիներ Պուտինի արձագանքը, արդյո՞ք նա պատերազմի մեկնարկից հետո 10 օր լռություն կպահպաներ։ Իհարկե ոչ։

ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ  

Վերջին տարիներին Էրդողանը փաստորեն կարողացավ մեծապես օգտվել շրջակա տարածաշրջաններում առկա կոնֆլիկտներից։ Այդ կոնֆլիկտներն իրենց բնույթով ինքնին Էրդողանի քայլերին տալիս էին որոշակի հիմնավորում ու տրամաբանություն (ասենք, Իդլիբում Բ․ Ասադի բանակի հարձակումը հանգեցնում է դեպի Թուրքիա հարյուր հազարավոր նոր փախստականների հոսքի, Լիբիայում Էրդողանն օգտագործում էր ՄԱԿ-ի կողմից Ֆ․ Սարաջի ճանաչված լինելու հանգամանքը, Արցախի հարցում շարունակ ընդգծում էր, թե «ԵԱՀԿ ՄԽ-ը 30 տարի ոչինչ չի արել»)։ Հենց այս ամենը պատճառ էր դառնում, որ Էրդողանը (առայժմ) կոնֆլիկտ է ստեղծում ոչ թե զրոյից, այլ պարզապես բորբոքում է արդեն իսկ գոյություն ունեցող կոնֆլիկտը՝ դրանով ստեղծելով թուրքական ռազմական միջամտության, այդ երկներում ռազմական ներկայություն հաստատելու, Թուրքիայի կշիռն ու պահանջարկը տարածաշրջանում ու նրա սահմաններից դուրս մեծացնելու, պատմության մեջ սեփական խորը հետքը թողնելու հնարավորություն (այժմ Թուրքիայում մտածում են Քաշմիրի ու Եմենի, միգուցե նաև Իրանի շուրջ (հնարավոր) հակամարտություններին միջամտելու հնարավորության մասին)։

Բացի այդ գործող կոնֆլիկտների թեժացումը մեծ ավերածություններ էր առաջացնում տվյալ երկրներում, և քանի որ 2020թ․ վերոնշյալ 3 ռազմական կոնֆլիկտներում էլ հաղթեցին Էրդողանական Թուրքիային ապավինած ուժերը, ուստի և տվյալ երկրների ղեկավարները հետպատերազմյան շրջանում իրենց երախտագիտությունը հայտնում են նաև ավերված ենթակառուցվածքների վերականգնումը թուրքական շինարարական ընկերություններին հանձնելով (կամ էլ Թուրքիան է ինքնագլուխ օկուպացրած տարածքներում (Սիրիայում) իրականացնում նման գործունեություն)։ Դրանով իսկ Էրդողանը հնարավորություն է ստանում որոշակիորեն շտկել Թուրքիայի տնտեսական բարդ իրավիճակը։

 Այդպիսով Էրդողանական Թուրքիան Պուտինյան Ռուսաստանի հետ 2+2 մոդելի կիրառմամբ մեծապես ամրապնդեց իր դիրքերը Մերձավոր Արևելքում (Սիրիա), Հյուսիսային Աֆրիկայում (Լիբիա) և Այսրկովկասում (Արցախ)։ Ստացվում է, որ թուրքական կողմը բոլոր երեք դեպքերում էլ հաղթանակներ տարավ այնպիսի տարածաշրջաններում, ուր մեծապես առկա է Պուտինի (ռուսական ռազմական ներկայության) գործոնը։ Եվ ահա հարց է ծագում․ ո՞րն է լինելու հաջորդը, արդյոք կլինի՞ 2+2 մոդելի շարունակություն, էլ որտե՞ղ Պուտինյան Ռուսաստանը կարող է Էրդողանական Թուրքիային առաջարկել 2+2 մոդելը, մի՞թե Ուկրաինայում կամ Կենտրոնական Ասիայում (քիչ հավանական է)։ Իսկ եթե չլինի շարունակություն, արդյո՞ք Էրդողանը կբավարարվի միայն տվյալ 3 տարածաշրջաններում ռազմական ներկայության հաստատմամբ և արդյո՞ք այդ ամենի դիմաց Թուրքիան դուրս կբերի ՆԱՏՕ-ից։ Իհարկե ոչ։ Կարծում ենք, որ նա պարզապես օգտագործում էր Պուտինյան Ռուսաստանին և նրա միջոցով ամրապնդում էր Թուրքիայի դիրքերը դրանցում (Պուտինն էլ, թերևս, գոհ է, որ այդ տարածաշրջանները կիսում է ոչ թե ԱՄՆ-ի, այլ Էրդողանական Թուրքիայի հետ)։

Մեր կարծիքով՝ շրջակա 3 տարածաշրջաններում Թուրքիայի դիրքերը մեծապես ամրապնդելուց հետո Էրդողանական Թուրքիայի համար շեշտակի կարող է նվազել Պուտինյան Ռուսաստանի պահանջարկը, և Թուրքիան կարող է որոշակի շրջադարձ կատարել (եթե իհարկե Ջո Բայդենի հնարավոր լուրջ ճնշումները թե՛ Պուտինյան Ռուսաստանի, թե՛ Էրդողանական Թուրքիայի վրա նրանց չմիավորի ընդդեմ ԱՄՆ-ի)։ Նախորդ տարիներին արդեն տեսել ենք, որ երբ Թուրքիան ուներ ռուսական գազի կարիքը (նրան բաժին էր ընկնում ներկրվող գազի 55-60%-ը) և չուներ այն փոխարինելու այլընտրանքներ, ապա խնդիրներ չէին ծագում այդ հարցում։ Սակայն, երբ Թուրքիան բեկում մտցրեց այդ հարցում (հիմնականում Ադրբեջանից ու Քաթարից բնական ու հեղուկ գազի մատակարարումների մեծացման հաշվին), ռուսական գազի պահանջարկը թուրքական շուկայում միանգամից ընկավ ավելի քան 40%-ով։ Ռուսաստանին, թերևս, նույնը սպասվում է նաև Թուրքիայի սպառազինության շուկայում և նաև արտաքին ռազմական բաց միջամտությունների թույլտվության ոլորտում։

Պուտինյան Ռուսաստանին, թերևս, չի մնում որևէ այլ տարբերակ, քան հետագայում նույնպես փորձել Էրդողանական Թուրքիայի համար գտնել հետաքրքրությունների նոր ոլորտ՝ նրան ՆԱՏՕ-ից դուրս բերելու և իր տիրույթ բերելու համար (դա կարող է լինել Արևելյան Միջերկրականում Թուրքիայի ու Հունաստանի միջև հնարավոր կարճատև պատերազմի ժամանակ թուրքական կողմին աջակցելը)։ Մեր կարծիքով՝ կա միայն մեկ հնարավոր տարբերակ, որի դեպքում Էրդողանը կհամաձայնվի Թուրքիան դուրս բերել ՆԱՏՕ-ից․ եթե Պուտինից ստանա առավելագույն գին՝ միջուկային զենք (տվյալ գործարքի հնարավորությունը մեծապես կախված կլինի նաև ԱՄՆ-ի ու Իսրայելի հակազդեցության աստիճանից)։

Ինչո՞ւ է միջուկային զենքն անհրաժեշտ Էրդողանին։

1) Էրդողանը հավակնում է մուսուլմանական աշխարհի առաջնորդի դերին, սակայն նրա Թուրքիան չունի միջուկային զենք, մինչդեռ մուսուլմանական երկիր Պակիստանն ունի միջուկային զենք։ Արդեն նշվեց, որ Ռուսաստանը կառուցում է Թուրքիայի առաջին ատոմակայանը, ինչն ինքնին տվյալ ոլորտում կարևոր ձեռքբերում է Թուրքիայի համար (չենք բացառում, որ միջուկային զենքի ստեղծման հարցում Թուրքիային օգնի Պակիստանը, որի հետ նա բավական սերտ կապերի մեջ է)։

2) Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, նրա վրա տարածվում է ՆԱՏՕ-ի Կանոնադրության 5-րդ հոդվածը՝ հավաքական պաշտպանության մասին, և Թուրքիան ձգտում է ՆԱՏՕ-ի «միջուկային հովանոցը» փոխարինել սեփական «միջուկային հովանոցով»։ Սեփական միջուկային զենքի առկայությունը Թուրքիայի համար ամբողջովին կիմաստազրկի ՆԱՏՕ-ի «միջուկային հովանոցը», նրա Կանոնադրության 5-րդ հոդվածը․ Թուրքիան իրեն կզգա բավական պաշտպանված։

3) ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը որոշակի զսպաշապիկ է իր մեծ հավակնություններով հայտնի Էրդողանի համար, ով վերջին տարիներին գնալով գործում է առավել ինքնուրույն։ Սեփական միջուկային զենքն Էրդողանին կձերբազատի նաև ՆԱՏՕ-ի սահմանափակումներից, տվյալ զսպաշապիկից ու թույլ կտա գործել ավելի ազատ։

4) Սեփական միջուկային զենքն Էրդողանին հնարավորություն կտա գործել կատարյալ անկաշկանդ, դառնալ իսկական «բեսպրեդել», որպիսին նա կարող է շատերին թվալ ներկայումս, սակայն դա այդպես չէ։ Ներկայումս Էրդողանը գերազանցապես (ասենք 90%-ով) կատարում է (ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու Ռուսաստանի կողմից) միայն թույլատրված քայլեր՝ քաջ գիտակցելով, որ չի արժանանալու խիստ պատժի։ Մինչդեռ միջուկային զենքի առկայությունն Էրդողանին հնարավորություն կտա ազատորեն հատել «կարմիր գծեր» և գործել նախկինում անթույլատրելի համարվող քայլեր։

5) Վերջին տարիներին Էրդողանը հայտարարում է «Նոր Թուրքիա» հռչակելու սեփական պլանների մասին՝ ի հակակշիռ Աթաթուրքի «Հին Թուրքիայի»։ Ակնկալվում է, որ Էրդողանը «Նոր Թուրքիայի» ստեղծման մասին կհայտարարի հենց 2023թ․՝ «Հին Թուրքիայի» հռչակման 100-ամյակին։ Դեռևս 1993թ․, երբ Էրդողանն անգամ Ստամբուլի քաղաքապետ չէր, նա հայտարարել է, թե «Քեմալական Թուրքիայի 70-ամյա պատմությունը (1923-1993թթ․) եղել է դատարկ տեղը ծախսված ժամանակաշրջան»։ Ներկայումս նա գտնում է, որ իր (Նոր) Թուրքիան ամենաուժեղն է վերջին 300 տարում (թերևս մեկնակետ է վերցվում 1683թ․ Վիեննայի պարիսպներից օսմանների հետ քաշվելը)։ Եվ ահա Էրդողանի «Նոր Թուրքիան» Աթաթուրքի «Հին Թուրքիայից» առաջին հերթին տարբերվելու է հենց միջուկային զենքի առկայությամբ։

Հայկ Գաբրիելյան

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ

Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին  քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)


[1] Հայկ Գաբրիելյան, Թուրքիայի արտաքին քաղաքականության միտումները վերջին 15 տարում. Մաս 1, ՄԱՀՀԻ, 16․01․2018

[2] Հայկ Գաբրիելյան, Թուրքիայի նեոօսմանյան քաղաքականությունը և խնդրահարույց հարևան դառնալը. Մաս 2, ՄԱՀՀԻ, 25․01․2018

[3] Հայկ Գաբրիելյան, Թուրքիայի «ռազմակայանային» քաղականության շուրջ, Նորավանք ԳԿՀ, 30․06․2016

[4] Հայկ Գաբրիելյան, Ռազմական հեղաշրջման փորձն ու ռազմական վերափոխումները Թուրքիայում, ՄԱՀՀԻ, 24․12․2019

[5] Erdoğan ve Putin’den 39 ayda 69 görüşme!, Takvim, 23.10.2020

[6] Հայկ Գաբրիելյան, Թուրքիան ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև, ՄԱՀՀԻ, 24․05․2017

[7] Владимир Путин: “Распад СССР — крупнейшая геополитическая катастрофа, Regnum, 25.04.2005

[8] Hakan Aksay’la video yorum: Türkiye-Rusya ilişkileri yok, Erdoğan-Putin ilişkileri var, T24, 20․11․2018

[9] Çavuşoğlu’dan, Doğu Akdeniz için ortak paylaşım çağrısı, Hürriyet, 07.12.2020

[10] Հայկ Գաբրիելյան, Թուրքիայի «Եփրատի վահան» գործողությունը, Նորավանք ԳԿՀ, 04․04․2017

[11] Հայկ Գաբրիելյան, «Ձիթենու ճյուղ» գործողությունն ու Թուրքիայի հեռահար նպատակները, Նորավանք ԳԿՀ, 18․04․2018

[12] Հայկ Գաբրիելյան, Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողությունը, ՄԱՀՀԻ, 14․11․2019

[13] Հայկ Գաբրիելյան, Լիբիայում թուրքական ռազմակայանների բացման հիմնախնդիրը, ՄԱՀՀԻ, 15․07․2020

Միացեք մեր Telegram ալիքին

%d bloggers like this: