Նորություններ Վրաստան ՏՆՏԵՍԱԿԱՆ Տարածաշրջանային Ադրբեջան

SOCAR-ը Վրաստանին «սոցիալական գազ» կտրամադրի արտոնյալ սակագներով

Արտոնությունը վերաբերելու է բնակչությանը և ջերմային կայաններին: Նոր սակագինը չի հրապարակվում (շուկայական գաղտնիք է), սակայն նշվում է, որ շուկայականից ցածր է լինելու:

Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Գեորգի Գախարիան հանդիպել է Ադրբեջանի նավթային պետական ընկերության՝ SOCAR-ի նախագահ Ռովնաղ Աբդուլաևի հետ:

Հանդիպման ժամանակ ուշադրություն է դարձվել երկու երկրների բարիդրացիական հարաբերություններին և համագործակցության տարբեր ուղղություններին: Առանձնահատուկ ուշադրության են արժանացել Վրաստանում SOCAR-ի կողմից իրականացվող ներդրումային նախագծերին, ինչպես նաև համագործակցության հետագա խորացման հեռանկարներին:

Ընդգծվել է, որ Նավթի և գազի վրացական կորպորացիան (ՆԳՎԿ) բնական գազի ոլորտում հաջողությամբ է համագործակցում SOCAR-ի հետ, ինչի արդյունքներից մեկն էլ Վրաստանում սոցիալական գազի գնի օպտիմիզացիայի վերաբերյալ համաձայնությունն է:

Համաձայնության շրջանակներում Վրաստանի կառավարությունը կկարողանա առավել տևական ժամանակ պահպանել բնական գազի գնի կայունությունը բնակչության համար:

Ստորագրված փաստաթղթի համաձայն՝ Վրաստանը շուրջ 200 մլն խմ ծավալով «սոցիալական գազ» կստանա արտոնյալ սակագներով: Այսինքն՝ արտոնությունը վերաբերելու է բնակչությանը և ջերմային կայաններին: Նոր սակագինը չի հրապարակվում՝ շուկայական գաղտնիք համարվելով, սակայն նշվում է, որ շուկայականից ցածր է լինելու:

Ընդգծվել է նաև, որ ադրբեջանական «Շահդենիզ» հանքավայրի գազը եվրոպական շուկա տեղափոխող «Հարավային գազային միջանցքի» 4-րդ փուլի իրականացումից հետո Վրաստանի տարածքով գազի տեղափոխման ծավալները մեծանալու են:

%d bloggers like this: