Հակամարտություններ Նորություններ Տարածաշրջանային Անվտանգություն Իրան

«Վտանգը մեծ է, բայց Իրանի հետ պատերազմ դեռ չի լինի». ԱՄՆ ԶՈւ գեներալ

ԱՄՆ-ում անհանգստացած են, որ Իրանը կամ տարածաշրջանում նրա աջակցությունը վայելող ռազմականացված կառույցները իրանցի լեգենդար գեներալի սպանության տարելիցի օրը վրեժխնդիր կլինեն:

Հունվարի 3-ին լրանում է Բաղդադի միջազգային օդանավակայանում ամերիկյան անօդաչուի հարվածի հետևանքով իրանցի բարձրաստիճան գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության տարելիցը: Դրանով պայմանավորված՝ պահպանվում է Մերձավոր Արևելքում ամերիկյան հետաքրքրությունների նկատմամբ Իրանի կողմից «բարձր վտանգը»: Այդ մասին նշել է ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM, պատասխանատվության տիրույթը ներառում է Մերձավոր Արևելքը) ղեկավար գեներալ Քենեթ Մաքենզին:

Միևնույն ժամանակ՝ ամերիկացի զորահրամանատարը քիչ հավանական է համարել առաջիկա ժամանակահատվածում անմիջական ռազմական հակամարտությունն ԱՄՆ-ի և Իրանի միջև: CENTCOM-ի հրամանատարն այս մասին հայտարարել է այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ամերիկյան ատոմային սուզանավը մուտք է գործել Պարսից ծոց: Այս իրադարձությունը մեծ արձագանք է գտել մամուլում՝ որակվելով որպես «ազդանշան Իրանին»:

ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք անհանգստացած են, որ Իրանը կամ տարածաշրջանում նրա աջակցությունը վայելող ռազմականացված կառույցները իրանցի լեգենդար գեներալի սպանության տարելիցի օրը վրեժխնդիր կլինեն: Մաքենզին վերջերս լրագրողներին հայտնել էր, որ ամերիկյան հետախուզությունն Իրաքի տարածքում հարձակման մեծ վտանգ է արձանագրել, որը կարող է իրականացվել Իրանի կամ Իրաքում գտնվող, Իրանի կողմից հովանավորվող խմբավորումների կողմից:

Մաքենզին ընդգծել է, որ թեև տվյալ ժամանակաշրջանում լարվածությունը մեծ է, սակայն ամերիկյան կողմն Իրանի հետ ռազմական բախման չի ձգտում: Միևնույն ժամանակ՝ գեներալը նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում են Իրանը դիտարկել որպես Մերձավոր Արևելքում ամերիկյան շահերի ամենամեծ սպառնալիքը: Նրա խոսքով՝ Իրանը ներկայումս ԱՄՆ-ի հետ պատերազմ չի ցանկանում:

CENTCOM-ի հրամանատարը չի մեկնաբանել Պարսից ծոցում ամերիկյան ՌԾՈւ սուզանավերի տեղակայման նպատակը՝ միայն նշելով, որ դրա համար բազմաթիվ պատճառներ կան:

Քենեթ Մաքենզին ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է արձագանքել, եթե Թեհրանը վրեժխնդրությունից ելնելով՝ հարձակում սկսի:

Միացեք մեր Telegram ալիքին

<span>%d</span> bloggers like this: