Նորություններ Ռուսաստան Անվտանգություն

Արցախը փոխել է Ռուսաստանի ռազմական պլանները. Բարանեց

Ռազմական փորձագետի խոսքով՝ ՌԴ ՊՆ-ն կատարել է անհրաժեշտ եզրակացությունները և սկսել ռուսական բանակը համապատասխանեցնել ժամանակակից պահանջներին, մասնավորապես՝ ԱԹՍ-ների և ՌԷՊ միջոցների ոլորտում:

Ռազմական վերլուծաբան, պահեստազորի գնդապետ Վիկտոր Բարանեցի խոսքով՝ Սիրիայում անօդաչուների ոչնչացման ռուսական հաջողված փորձի կրկնությունը Լեռնային Ղարաբաղում (Արցախ) անհնար էր: Փորձագետի համոզմամբ՝ Ռուսաստանն ապացուցել է հարվածային դրոնները և անօդաչու-կամիկաձեները չեզոքացնելու իր ընդունակությունը, երբ տասնյակներով ոչնչացնում էր Հմեյմիմ ավիաբազայի ուղղությամբ գրոհայինների արձակած ԱԹՍ-ները: Սակայն Արցախյան պատերազմում ռուսական հաշվարկներ չկային, իսկ մարտական գործողությունների գոտում սպառազինության համակարգերը ղեկավարում էին Հայաստանի և ԼՂՀ-ի բանակի զինվորականները:

Կոմսոմոլսկայա Պրավդայի (“Комсомольская правда”) եթերում Բարանեցն ընդգծել է, որ ռուսները չէին կարող կռվել Ղարաբաղում: Նրա խոսքով՝ այլ խնդիր է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով աշխատելը, մեկ այլ բան՝ ֆիզիկապես հարվածելը: Ռազմական փորձագետ Միխայիլ Տիմոշենկոն իր հերթին նշել է, որ միայն տեխնիկայի փոխանցումը չէր օգնի, քանի որ դրա համար համապատասխան մասնագետներ էին պետք:

Բարանեցը, միևնույն ժամանակ, խոստովանել է, որ Ղարաբաղը Ռուսաստանի համար լրջագույն դաս է հանդիսացել՝ ցույց տալով ժամանակակից տեղային պատերազմներում անօդաչուների և նրանց դեմ պայքարի միջոցների կարևորությունը: Նրա խոսքով՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը կատարել է անհրաժեշտ եզրակացությունները և սկսել է մշակումներ, որոնք թույլ կտան ռուսական բանակը համապատասխանեցնել ժամանակակից պահանջներին, մասնավորապես՝ ԱԹՍ-ների ոլորտում, և դիմակայել նոր մարտահրավերներին:

Ռազմական վերլուծաբանը խոստովանել է, որ «խնդիր, ամեն դեպքում, կա, և այս հարցում դա հստակ է»:

«Սա մեզ համար տնային առաջադրանք է, շատ լուրջ: Եվ, հաշվի առնելով ստացվող տեղեկատվությունը, ՌԴ ՊՆ-ն բավականին լրջորեն լծվել է դա լուծելու խնդրին: ՊՆ-ին հաջողություն մաղթենք». նշել է Բարանեցը:

Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը հարվածային անօդաչուների մշակումը համարել է Ռուսաստանի՝ մինչև 2023թ. պաշտպանական պետական ծրագրի առաջնահերթություններից մեկը: Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն դեկտեմբերի 21-ին հայտարարել է հարվածահետախուզական «Ֆորպոստ» (“Форпост”) և «Ինոխոդեց» (“Иноходец”) դրոնների՝ ռուսական բանակում ընդգրկվելու մասին, ինչը խոսում է Ռուսաստանի կողմից անվտանգության ոլորտում նոր մարտահրավերներին օպերատիվ կերպով արձագանքելու մասին:

Միացեք մեր Telegram ալիքին

<span>%d</span> bloggers like this: