Պաշտպանության նախարարության 2020թ. զեկույցը ներկայացնելիս Վրաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ 2021թ. վերջին վրացական բանակն ամբողջովին համալրված է լինելու ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող ինքնաձիգերով, գնդացիրներով, նռնականետերով և այլ միջոցներով:
Իրակլի Գարիբաշվիլինի նշել է, որ ազգային ռազմական արդյունաբերության զարգացումը Վրաստանի համար առաջնահերթություն է: Նրա խոսքով՝ հաջորդ տարի էական քայլեր են ձեռնարկվելու՝ նպատակ ունենալով ավարտել մեկնարկած նախագծերը և նորերը սկսել: Այդ ուղղությամբ, նախարարի խոսքով, գիտելիքների և փորձի ձեռքբերման նպատակով համատեղ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ բանակցություններ են տարվում գործընկեր երկրների՝ Լեհաստանի, Չեխիայի և Իսրայելի հետ:
Վրաստանի պաշտպանության նախարարը նաև նշել է, որ հրետանուն առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու: 2021թ. նախատեսվում է գնել շարժական զենիթահրթիռային համալիրներ և մարտավարական անօդաչու հետախուզական և մարտական դրոններ: Նախատեսվում է նաև հետախուզական ստորաբաժանումներն օժտել ժամանակակից հետախուզական սարքավորումներով: 2021թ., Գարիբաշվիլիի խոսքով, Վրաստանը ձեռք է բերելու մոտ հեռահարությամբ հակատանկային միջոցներ: