Դեկտեմբերի 28-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հեռախոսազրույցը: Զրույցի ընթացքում քննարկվել են համագործակցության երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր: Իրանական աղբյուրների հաղորդմամբ՝ քննարկվել են նաև Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները:
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին: Այդ համատեքստում ուղենշվել են տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ համագործակցության հեռանկարները:
Մոհամադ Ջավադ Զարիֆն իրանական կողմի ցավակցությունն է հայտնել Արցախում պատերազմի զոհերի կապակցությամբ և զորակցություն մաղթել հայ ժողովրդին:
Զրուցակիցներն ընդգծել են տարբեր մակարդակներով փոխշփումների և երկխոսության առավել ակտիվացման կարևորությունը` հիմնված երկու ժողովուրդների միջև դարերի խորքից եկող բարեկամության վրա: Վերահաստատվել է երկուստեք պատրաստակամությունը՝ խորացնելու սերտ փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում:
Հեռախոսազրույցի ժամանակ Իրանի արտգործնախարարը նշել է, որ Թեհրանը պատրաստ է Երևանի հետ տնտեսական համագործակցության ընդլայնման նոր դարաշրջանին:
Զարիֆն ընդգծել է Իսլամական Հանրապետության դիրքորոշումը, ըստ որի՝ միջազգային սահմանները չպետք է խախտվեն (իրանական կողմը շեշտել է Թեհրանի զգայունությունն այս հարցում):