Հայաստան ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ Հոդվածներ Նորություններ

ՀՀ հետպատերազմյան խնդիրներն ու սոցիալ-տնտեսական զարգացման ներկա միտումները

«Փաստացի այս պահին Հայաստանում առկա է սոցիալական սուր ճգնաժամ. պատերազմի հետևանքով բազմաթիվ ընտանիքներ զրկվել են իրենց կերակրողից: Հազարավոր երիտասարդներ վիրավոր են, իսկ նրանց վերականգնման համար պահանջվելու են դրամական մեծ միջոցներ». Արտակ Մարկոսյան

Արտակ Մարկոսյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, ժողովրդագետ

Հայաստանի Հանրապետության 2020թ․ սոցիալ-տնտեսական զարգացումները մինչև նույն թվականի սեպտեմբերը համահունչ էին այն իրավիճակին, որն առկա էր աշխարհում: 2020թ․ մարտ ամսից Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի տարածումն արդեն իսկ էական ազդեցություն էր ունեցել սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա: Տնտեսական և ծառայությունների ոլորտի սահմանափակումները, զբոսաշրջային հոսքերի բացակայությունը Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական ցուցանիշները դրականից վերափոխեցին բացասականի, և ըստ կանխատեսումների՝ Հայաստանում տնտեսական անկման ցուցանիշը տարեվերջին կարող էր կազմել 4,6 տոկոս: Սակայն 2020թ․ սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան և Արցախյան երկրորդ պատերազմն առավել խորացրեցին տնտեսությունում առկա խնդիրները: Պատերազմական ծախսերը, Արցախի Հանրապետությունից մեր հայրենակիցների զանգվածային արտահոսքը և տեղափոխությունը Հայաստանի Հանրապետություն,  բազմահազար զոհերն ու վիրավորները վատթարացրեցին կորոնավիրուսից արդեն իսկ տուժած տնտեսության վրա սոցիալական բաղադրիչի առկա ճնշումը:       

            Պատերազմի հետևանքով առաջացած խնդիրները դեռևս երկարատև ժամանակահատվածում կարող են ճնշում գործադրել սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա, և դրա լուծման համար պահանջվելու են առկա ռեսուրսների էական համախմբում և կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում:

            Փաստացի այս պահին Հայաստանի Հանրապետությունում առկա է սոցիալական սուր ճգնաժամ, քանի որ պատերազմի հետևանքով բազմաթիվ ընտանիքներ զրկվել են իրենց կերակրողից: Հազարավոր երիտասարդներ վիրավոր են, իսկ նրանց վերականգնման համար պահանջվելու են դրամական մեծ միջոցներ:

Ի լրումն այս խնդիրների՝ Համաշխարհային բանկի տվյալներով, որը հրապարակվել էր մինչ Արցախյան երկրորդ պատերազմը, միայն կորոնավիրուսի համավարակի և դրա տնտեսական հետևանքների պատճառով Հայաստանի Հանրապետությունում աղքատ մարդկանց թիվը կարող է ավելանալ 245 հազար մարդով: 2020թ․ սեպտեմբերի տվյալներով՝ Հայաստանի Հանրապետությունում աղքատների թիվը կազմել է ընդհանուր բնակչության 26,4 տոկոսը: Եթե նկատի ունենանք նաև Համաշխարհային բանկի կանխատեսումները, ապա արդեն իսկ հաջորդ տարի  աղքատների թիվը Հայաստանի Հանրապետությունում կարող է հասնել 35 տոկոսի:

            Առկա է նաև առողջապահական ճգնաժամ, որի լուծումը դեռևս հեռու է հանգուցալուծումից: Այն կապված է կորոնավիրուսի հետ, և դրան ավելանում են նաև պատերազմի հետևանքով վիրավորները:

            Երկրում կա հումանիտար ճգնաժամ: Բացի այն, որ Հայաստանում պատերազմի հետևանքով ունենք Արցախից հեռացած հազարավոր հայրենակիցներ, որոնց կենցաղավարման, երեխաների կրթության, սոցիալական խնդիրները պետք է լուծվեն, միաժամանակ անհրաժեշտ է նաև աջակցություն տրամադրել Արցախ վերադարձող մեր հայրենակիցներին և ապահովել Արցախի պետական մարմինների բնականոն աշխատանքն ու անհրաժեշտ ֆինանսավորումը:

            Հնարավոր է նաև ժողովրդագրական ճգնաժամի խորացում, քանի որ սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացումը, քաղաքական անկայունությունն ու անորոշությունն իրենց անմիջական ազդեցությունն են ունենալու ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի ժողովրդագրական զարգացումների վրա:

            Ինչևէ, 2020թ․ հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետության տնտեսական ակտիվության ցուցանիշը շարունակել է իր բացասական ուղղությունն ու արձանագրել -7,2 տոկոս անկում: Ընդ որում, ամսական կտրվածքով՝ 2020թ․ նոյեմբերին հոկտեմբերի նկատմամբ անկումը կազմել է 10,2 տոկոս:  Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2020թ․ հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0,2: Տնտեսական ակտիվության ցուցանիշը բնութագրող մյուս ոլորտներում ևս տեղի է ունեցել անկում: Մասնավորապես, շինարարության ծավալները նվազել են 11,2, առևտրի շրջանառությունը՝ 13,5, իսկ ծառայությունների ոլորտը՝ 13,6 տոկոսով:

             Կորոնավիրուսային համավարակն ու դրա հետևանքով առաջացած տնտեսական դժվարությունները բացասական ազդեցություն չեն ունեցել միջին ամսական աշխատավարձի  վրա, որը 2020թ․ հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4,2 տոկոսով: Ընդ  որում, պետական հատվածում աճն ավելի մեծ է եղել՝ 5,9 տոկոս, քան ոչ պետականում՝ 3,2 տոկոս:[1] Սա հիմնականում բացատրվում է պետական կառավարման համակարգում նախորդ տարվանից սկիզբ առած ամենամսյա պարգևատրումներով:

Կորոնավիրուսային համավարակի պատճառով սոցիալ-տնտեսական դժվարություններին զուգահեռ՝ աշխատաշուկայում 2020թ․ 10  ամիսների կտրվածքով աշխատանք փնտրողների թիվն աճել է 3000-ով՝ հասնելով 88․356 մարդու, որոնցից գործազուրկի կարգավիճակ է ունեցել 60․668-ը: Գործազրկության ամենաբարձր ցուցանիշ արձանագրած մարզերը Շիրակն ու Լոռին են՝ համապատասխանաբար՝ 20 և 15 տոկոս ցուցանիշներով:

            Տնտեսական առկա դժվարությունները չեն կասեցրել Հայաստանի Հանրապետության տարածքում նոր կազմակերպությունների գրանցումը: 2020թ․ 10 ամիսների կտրվածքով նոր գրանցված կազմակերպությունների թիվն աճել է 6․645-ով և հասել 52․845-ի: 2020թ․ հոկտեմբերի տվյալներով, ի տարբերություն տարեսկզբի, գրանցված աշխատողների թիվն աճել է մոտ 38 հազարով և կազմել 638․787 մարդ: Չնայած աշխատողների թվաքանակի աճին՝ մասնագետները նշում են, որ հավելյալ գրանցված աշխատատեղերի մեծ մասը ստվերից դուրս եկած հատվածն է և կապված է հարկային մարմինների կողմից իրականացվող վարչարարության հետ: Վիճակն այնքան էլ բարվոք չէ քաղաքացիների տնօրինվող եկամուտների առումով, քանի որ կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած տնտեսական դժվարությունները նվազեցրել են քաղաքացիների եկամուտները, և այս առումով 2020թ․ առաջին 10 ամիսների կտրվածքով միջին անվանական աշխատավարձը 191 հազար դրամից դարձել է 181 հազար, այսինքն կրճատվել է մոտ 5  տոկոսով:[2]

            Կորոնավիրուսի համավարակն ու Արցախյան երկրորդ պատերազմը բացասական են ազդել Հայաստանի Հանրապետության պետական պարտքի ցուցանիշի կազմավորման վրա, և հոկտեմբերի 31-ի դրությամբ այն հասել է 7 մլրդ 976 մլն դոլարի, իսկ 2020թ․ սեպտեմբերի համեմատ հոկտեմբերին պետական պարտքն աճել է 121 մլն դոլարով, ընդ որում՝ արտաքին պարտքը նվազել է 6,5 մլն դոլարով, իսկ ներքին պարտքն աճել է 128 մլն-ով:[3]

            Կորոնավիրուսը, Արցախյան երկրորդ պատերազմը և համավարակով պայմանավորված սահմանների անցման հետ կապված  խնդիրները 2020թ․ 11 ամիսների կտրվածքով այնքան էլ խոչընդոտ չեն հանդիսացել Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության համար: Բնականաբար, կորոնավիրուսի համավարակը, դրա հետևանքով համաշխարհային տնտեսությունում առկա խնդիրներն իրենց ազդեցությունն են ունեցել առևտրային հարաբերությունների վրա: Մասնավորապես, 2020թ․ 11 ամիսների կտրվածքով Հայաստանի Հանրապետության ընդհանուր առևտրաշրջանառությունը նվազել է 11,4 տոկոսով և կազմել 6 մլրդ 356 մլն դոլար, որից արտահանումը կազմել է 2 մլրդ 284 մլն դոլար և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5,2 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 4 մլրդ 72 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ կրճատվելով 15,9 տոկոսով:

            Հայաստանի Հանրապետության արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառության հիմնական գործընկերների շարքում են ԵԱՏՄ անդամ երկրները, որոնց հետ առևտրաշրջանառությունը 2020թ․ 10 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0,4 տոկոսով՝ հասնելով 1 մլրդ 803 մլն դոլարի: Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս Հայաստանի Հանրապետության գլխավոր առևտրային գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է, որին բաժին է ընկնում Հայաստանի Հանրապետության արտաքին և փոխադարձ առևտրի 30,3 տոկոսը: 2020թ․ 10 ամիսների կտրվածքով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 723 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 0,6 տոկոսով: Բելառուսի Հանրապետության հետ ապրանքաշրջանառությունն ավելացել է 23,6 տոկոսով և կազմել 65 մլն դոլար: Ղազախստանի հետ ապրանքաշրջանառությունն աճել է մոտ 2 անգամ և հասել 13 մլն դոլարի:

            ԱՊՀ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2020թ․ առաջին 10 ամիսների կտրվածքով, ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, նվազել է 9,6 տոկոսով և կազմել 143,2 դոլար: ԱՊՀ երկրների շարքում Հայաստանի Հանրապետության առաջնային առևտրային գործընկերն Ուկրաինայի Հանրապետությունն է, որի հետ 2020թ․ առաջին 10 ամիսների կտրվածքով ապրանքաշրջանառությունը կազմել է 118,6 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ կրճատվելով 11,2 տոկոսով: ԱՊՀ երկրներից ապրանքաշրջանառության աճ է գրանցվել միայն Ուզբեկստանի հետ՝ 83,6 տոկոս և կազմել 7,4 մլն դոլար:

            Կորոնավիրուսն ու տնտեսական կապերի սահմանափակումներն ազդեցություն են ունեցել նաև Հայաստանի և Եվրոպական Միության երկրների միջև արձանագրված ապրանքաշրջանառության վրա: 2020թ․ առաջին 10 ամիսների կտրվածքով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի և Եվրոպական Միության երկրների միջև ապրանքաշրջանառությունը նվազել է 23,4 տոկոսով և կազմել  1 մլրդ 37 մլն դոլար: Եվրոպական Միության երկրների շարքում Հայաստանի Հանրապետության խոշորագույն գործընկերը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն է, որի հետ 2020թ․ 10 ամիսների կտրվածքով փոխադարձ ապրանքաշրջանառությունը կազմել է 228 մլն դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ գրանցվել է 23,4 տոկոս անկում: Եվրոպական Միության երկրների շարքում Հայաստանի Հանրապետության խոշոր առևտրային գործընկերներ են նաև Բուլղարիան, որի հետ 2020թ․  10 ամիսների կտրվածքով ապրանաշրջանառությունը կրճատվել է 27,4 տոկոսով՝ կազմելով 150 մլն դոլար, Իտալիան և Նիդերլանդները, որոնց հետ նվազումը կազմել է համապատասխանաբար՝ 11,6  և 37,2 տոկոս և 194 ու 102 մլն դոլար: Եվրոպական Միության երկրների շարքում ապրանքաշրջանառության աճ է գրանցվել Ֆինլանդիայի հետ՝ 23,4 տոկոս և կազմել 21,5 մլն դոլար:

            Այլ երկրների շարքում Ռուսաստանի Դաշնությունից հետո Հայաստանի Հանրապետության խոշոր առևտրային գործընկերը Չինաստանի Հանրապետությունն է, որի հետ առևտրաշրջանառությունը 2020թ․ 10 ամիսների կտրվածքով կազմել է 757 մլն դոլար, իսկ աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 2 տոկոս: Այնուհետև գալիս են Շվեյցարիան՝ 421, Իրանի Իսլամական Հանրապետությունը` 328, Թուրքիայի Հանրապետությունը՝ 178,5, Իրաքը՝ 135 և Վրաստանը՝ 105 մլն դոլար: Եթե Թուրքիայի հետ առևտրաշրջանառությունը 2020թ․ 10 ամիսների կտրվածքով նվազել է 15,7, Իրաքի և Վրաստանի հետ համապատասխանաբար՝ 8,1 և 11,5 տոկոսով, ապա Շվեյցարիայի և Իրանի հետ այն աճ է գրանցել 4,5 և 0,5 տոկոս:

            Ինչ վերաբերում է արտահանմանը և ներմուծմանը, ապա Հայաստանի Հանրապետության համար սեփական ապրանքների իրացման հիմնական շուկան մնում է Ռուսաստանի Դաշնությունը, որտեղ 2020թ․ 10 ամիսների կտրվածքով իրացվել է 522 մլն դոլարի արտադրանք՝ 11,1 տոկոսով քիչ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Իսկ ահա Ռուսաստանի Դաշնությունից ներմուծումն ավելացել է, որը կազմել է 1 մլրդ 200 դոլար և նախորդ տարվա համեմատ աճել է 4,7 տոկոսով: ԵԱՏՄ երկրներից Բելառուսի Հանրապետություն Հայաստանից արտահանվող ապրանքների հանրագումարը կազմել է  14,8 մլն դոլար, և աճը կազմել է 14,7 տոկոս, իսկ ներմուծումը՝ 50, 8 մլն դոլար, աճը՝ 26,5 տոկոս: Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման աճի ամենամեծ ցուցանիշն արձանագրվել է Ղազախստանի Հանրապետության հետ՝ 8,4 մլն դոլար կամ մոտ 3,5 անգամ:

            ԱՊՀ երկրներ Հայաստանի Հանրապետությունից արտահանումը 2020թ․ 10 ամիսների կտրվածքով նվազել է 13,2 տոկոսով և կազմել 26 մլն դոլար: Արտահանման ցուցանիշների վատթարացում է արձանագրվել նաև Եվրոպական Միության երկրների հետ առևտրում: 2020թ․ 10 ամիսների կտրվածքով Եվրոպական Միության երկրներ արտահանումը կազմել է 356,3 մլն դոլար, իսկ նվազումը՝ 28,6 տոկոս: Միևնույն ժամանակ Եվրոպական Միությունից ներմուծումը ևս նվազել է 15,8 տոկոսով և կազմել 745 մլն դոլար:

            Բավականին բարելավվել է արտահանումը Հայաստանի Հանրապետությունից դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ․ աճը կազմել է 26,2 տոկոս և 54,3 մլն դոլար: Ի տարբերություն արտահանման՝ ներմուծումը նվազել է 79 տոկոսով և կազմել 53,3 մլն դոլար, որն էլ հիմնականում պայմանավորված է ավտոմեքենաների զանգվածային ներմուծման դադարեցումով:

            Ի տարբերություն նախորդ տարիների՝ բարելավվել է արտահանման գործընթացը դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ․ աճը կազմել է 77 տոկոս կամ 83 մլն դոլար, իսկ ներմուծումը նվազել է 54,9 տոկոսով և կազմել 74,9 մլն դոլար: Կորոնավիրուսի համավարակը նաև խոչընդոտ չի հանդիսացել դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանման ցուցանիշների աճին՝ 3,8 տոկոս կամ 74,1 մլն դոլար: Միևնույն ժամանակ Իրանից ներմուծումը նվազել է 0,4 տոկոսով և կազմել 255,4 մլն դոլար:

            Աշխարհի երկրների հետ առևտրային հարաբերություններում Հայաստանի Հանրապետությունը, թերևս, ամենավատ ցուցանիշն ունի Թուրքիայի հետ, Հայաստանը հանդես է գալիս հիմնականում ներմուծողի դիրքից: Թուրքիայի Հանրապետությունում հայկական ապրանքների նկատմամբ չհայտարարված արգելքների հետևանքով Հայաստանը համարյա արտահանում չի իրականացնում: 2020թ․ 10 ամիսների կտրվածքով Հայաստանից Թուրքիա արտահանվել է ընդամենը 494,4 հազար դոլարի արտադրանք, և նախորդ տարվա համեմատ նվազումը կազմել է 73,3 տոկոս: Միևնույն ժամանակ Հայաստանը Թուրքիայից ներկրել է 178,1 մլն դոլարի արտադրանք, նվազումը կազմել է 15,2 տոկոս:

            2020թ․ 10 ամիսների կտրվածքով Հայաստանը գրեթե 53 տոկոսով ավելացրել է ապրանքների արտահանումը դեպի Չինաստանի Հանրապետություն՝ այն հասցնելով 220 մլն դոլարի, իսկ ներմուծումը նվազել է 10,4 տոկոսով և կազմել 536 մլն դոլար: Բարելավվել է նաև դեպի Շվեյցարիա Հայաստանից արտահանման ցուցանիշը՝ 12,1 տոկոսով և կազմել 409,4 մլն դոլար:

            Վերջին տարիներին հայկական արտադրանքի համար լավ շուկա հանդիսացող Իրաքի Հանրապետություն արտահանումն այս տարվա 10 ամիսների կտրվածքով նվազել է 6,9 տոկոսով և հասել 133,9 մլն դոլարի, իսկ հարևան Վրաստան արտահանումը կրճատվել է 11,6 տոկոսով և կազմել 46,7 մլն դոլար:

            Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների շարքում ամենամեծ չափաբաժինը ձևավորել է հանքահումքային արտադրանքը, որը դոլարային արտահայտությամբ կազմել է 700 մլն, և արտահանման կառուցվածքում նրա կշիռը կազմել է 34,1 տոկոս: 2020թ․ 10 ամիսների կտրվածքով հանքահումքային արտադրանքի արտահանումն աճել է 15,9 տոկոսով:

            Երկրորդն այս խմբում պատրաստի արտադրանքի արտահանումն է, որը կրճատվել է 12,7 տոկոսով և կազմել 441 մլն դոլար: Նշված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունից ավելացել է կենդանի կենդանիների և կենդանական ծագման արտադրանքի արտահանումը, որի աճը կազմել է 42 տոկոս՝ 59 մլն դոլար, իսկ բուսական ծագման արտադրանքի արտահանումն ավելացել է 27,3 տոկոսով և կազմել 110 մլն դոլար:[4]

            Ինչ վերաբերում է սոցիալ-տնտեսական կյանքի կարևոր բաղադրիչ հանդիսացող ժողովրդագրական գործընթացներին, ապա Հայաստանի Հանրապետությունում 2020թ. հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա համեմատ այնքան էլ բարենպաստ ընթացք չունեն: Կորոնավիրուսն ու Արցախյան երկրորդ պատերազմն այս տարի բավականին վատթարացրել են բնական աճի ցուցանիշը, որը հիմնականում պայմանավորված է մահացածների թվաքանակի աճով:

            Ժողովրդագրական դրական գործընթացներից  է, թերևս, միայն ծնունդների թվաքանակի աճը, որը նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ կազմել է 332 ծնունդ, ընդհանուր՝ 30․242 երեխա:

            Մահերի առումով նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ աճը կազմել է 3․632 մարդ, ընդհանուր՝ 24․916 մարդ: 2020թ․ ապրիլ-հոկտեմբեր ամիսներին կորոնավիրուսից մահերի թիվը եղել է  1․403 մարդ, որից 360-ը՝ հոկտեմբեր ամսին:

            Կորոնավիրուսի համաճարակն ու պատերազմական իրավիճակը բացասական ազդեցություն են ունեցել ամուսնությունների թվաքանակի վրա, և 2020թ․ հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ամուսնությունների թիվը նվազել է 3․063-ով և կազմել 9․953 գրանցված դեպք: Բնական աճի ցուցանիշը, մահերի թվաքանակի աճով պայմանավորված, նվազել է 2․981-ով և կազմել 5․326 մարդ: Ընդհանուր առմամբ 2020թ․ հոկտեմբերին նախորդ տարվա համեմատ մահերի գրանցված թիվն աճել է 1․590 դեպքով:[5]

Արտակ Մարկոսյան

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, ժողովրդագետ

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)


[1] ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, Նոյեմբեր, 2020թ․

[2] Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2020թ․ հունվար-հոկտեմբերին, Իրական հատված, Աշխատանքի վարձատրություն և աշխատողների թվաքանակ

[3] Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2020թ․ հունվար-հոկտեմբերին, Հարկաբյուջետային հատված, ՀՀ պետական բյուջեի նախնական ամփոփ ցուցանիշներ, հոկտեմբեր, 2020թ․

[4] Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2020թ․  հունվար-հոկտեմբերին, Արտաքին հատված, Ապրանքների արտահանում և ներմուծում

[5] Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2020թ․ հունվար-հոկտեմբերին, Սոցիալ-ժողովրդագրական հատվածը, Ժողովրդագրական իրավիճակը

<span>%d</span> bloggers like this: