Նորություններ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

2020թ. աստղագիտական իրադարձությունների ժամանակագրությունը

2020թ. աստղագիտական իրադարձությունների ժամանակագրությունը

ՀՈՒՆՎԱՐ

01.01.2020 — 2020թ․-ին շարունակվում են Ակադ․ Վ․ Համբարձումյանի միջազգային գիտական մրցանակի ֆոնդերից հատկացված 2019թ․-ին սկսված գիտահետազոտական դրամաշնորհները Հայկ Աբրահամյանի, Ռուբեն Անդրեասյանի, Գրիգոր Բրուտյանի, Արարատ Եղիկյանի, Հայկ Հարությունյանի, Գոռ Միքայելյանի ղեկավարած գիտական խմբերում։ Նրանց են միացել նաև 2020-ին նախագծեր իրականացնող Կամո Գիգոյանի և Տիգրան Մաղաքյանի ղեկավարած գիտական խմբերը։

14-17.01.2020 — Նաիրա Ազատյանի և Գոռ Միքայելյանի գործուղումը Բարսելոնա (Իսպանիա)՝ Եվրոպական COST CA18104 «Ծիր Կաթնի բացահայտումը Գայայով» նախագծի շրջանակներում վերապատրաստման դպրոցին մասնակցելու նպատակով։

16.01.2020 — Արեգ Միքայելյանի գործուղումը Բրյուսել (Բելգիա)՝ ԵՄ Հորիզոն 2020 ծրագրի Տիեզերքի ոլորտի ծրագրային հանձնաժողովի 32-րդ նիստին մասնակցելու նպատակով։

22.01.2020 — Կյանքից հեռացավ ֆրանսահայ անվանի աստղաֆիզիկոս Զատիկ Մուրադյանը (Zadig Mouradian, 10.07.1930-22.01.2020)։ Նրա անվամբ կոչվող «Մուրադյանի էֆեկտը» թույլ է տալիս շառավղային արագությունների միջոցով բացահայտել Արեգակի վերին շերտում ընթացող երևույթները:

23.01.2020 — Ռաֆաել Ջոնաթան Կամիլո Վերա Ռոդրիգեսի (Աալտոյի համալսարան, Մետսիհովի ռադիո աստղադիտարան և էլէկտրոնիկայի և նանոինժեներության բաժին, Ֆինլանդիա) «Ռադիո պիկային սպեկտրով աղբյուրների կլաստերային վերլուծության արդյունքները» սեմինարը Բյուրականում

23.01.2020 — 2019թ․ դեկտեմբեր ամսվա լեհական «Ուրանիա» ամսագրի 6-րդ համարում լույս տեսավ ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանի՝ Հայաստանի աստղագիտության վերաբերյալ հարցազրույցը։

28-31.01.2020 — Արեգ Միքայելյանի և Գոռ Միքայելյանի գործուղումը Քեյփ Թաուն (Հարավային Աֆրիկա)՝ ՄԱՄ տարածաշրջանային կենտրոնների աշխատաժողովին (28-29.01) և Գիտության միջազգային խորհրդի (International Science Council, ISC) «Գիտությունը զարգացման համար» աշխատաժողովին (30-31.01) մասնակցելու նպատակով։ Ներկայացվեց 2 զեկուցում։

31.01.2020 — Ֆրանսահայ աստղագետ Ալեն Սարկիսյանի 60-ամյակը։

ՓԵՏՐՎԱՐ

06.02.2020 — Ակադ. Վ. Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի միջազգային հանձնաժողովը համալրվեց ևս մեկ աշխարհահռչակ գիտնականով՝ պուլսարների (բաբախիչների) հայտնաբերող Ջոսլին Բել Բառնելով (Մեծ Բրիտանիա): Հանձնաժողովի կազմում են Նոբելյան 2 մրցանակակիր, ՄԱՄ նախագահը, ԵՀԱ գլխավոր տնօրենը և այլ ճանաչված գիտնականներ։

10.02.2020 — ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանի «Ֆինանսական հնարավորություններ աստղագետների համար» տեղեկատվական սեմինարը Բյուրականում։

11.02.2020 — Գիտությամբ զբաղվող կանանց և աղջիկների միջազգային օրը՝ հռչակված ՄԱԿ-ի կողմից։ Այն սահմանվել է կանանց դերը գիտության մեջ արժևորելու նպատակով։ Ներկայումս ԲԱ-ում աշխատում են այնպիսի կին գիտնականներ, ինչպիսիք են ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, պրոֆեսոր, ֆմգդ Էլմա Պարսամյանը, ԲԱ գիտական քարտուղար, ֆմգթ Ելենա Նիկողոսյանը, ֆմգթ Սուսաննա Հակոբյանը, Հայաստանի աստղագիտական օլիմպիական թիմի ղեկավար, ֆմգթ Մարիետտա Գյուլզադյանը և 7 երիտասարդ գիտաշխատողներ։

24-28.02.2020 — ԲԱ գիտաշխատող, ֆմգթ Արուս Հարությունյանի գործուղումը Կարպաչ (Լեհաստան)՝ մասնակցելու Եվրոպական COST նախագծի դպրոցին։

27.02.2020 — ՀՀ դպրոցականների աստղագիտության օլիմպիադայի եզրափակիչ` հանրապետական փուլը։ Մասնակիցների թիվը՝ 12։ I կարգի դիպլոմ՝ Եվա Հունանյան և Կարեն Բաղդասարյան (երկուսն էլ՝ Երևանի ֆիզմաթ դպրոց), II կարգի դիպլոմ՝ Արտաշես Գյոլեցյան, Դավիթ Կիրակոսյան (երկուսն էլ՝ Երևանի ֆիզմաթ դպրոց), Դավիթ Գյուլամիրյան (Քվանտ վարժարան), III կագի դիպլոմ՝ Նորայր Գևորգյան (Երևանի ֆիզմաթ դպրոց), Վահե Վահանյան, Ռոմանոս Մկրտչյան, Հայկ Մինասյան (երեքն էլ՝ ՀԱՊՀ ավագ դպրոց)։ Հանրապետական ժյուրիի նախագահ՝ ԲԱ ավագ գիտաշխատող Աշոտ Հակոբյան։

28.02.2020 — Հայտնի դարձան ՀՀ առավել բարձր արդյունավետություն ունեցող 2020-2021թթ․ 100 գիտնականները։ Այդ ցուցակում են ընդգրկվել նաև ԲԱ գլխավոր գիտաշխատող, ֆմգդ Տիգրան Մաղաքյանը և ԲԱ տնօրեն, առաջատար գիտաշխատող, ֆմգթ Արեգ Միքայելյանը։

ՄԱՐՏ

02.03.2020 — ԲԱ գիտատեխնիկական անձնակազմի ընդհանուր ժողովը։ ԲԱ-ն բացարձակ մեծամասնությամբ քվեարկեց ՀՀ ԳԱԱ կազմում մնալու օգտին։

02-07.03.2020 — ԲԱ դրամաշնորհային ծրագրերի և համագործակցությունների պատասխանատու Դիանա Արզումանյանի գործուղումը Բրյուսել (Բելգիա)՝ մասնակցելու ԵՄ Հ2020 ծրագրի թրեյնինգ-սեմինարին։

02-28.03.2020 — ԲԱ կրտսեր գիտաշխատող Նաիրա Ազատյանի գործուղումը Ամստերդամ (Նիդերլանդներ)՝համագործակցության շրջանակներում «Աստղառաջացում» թեմայով համատեղ հետազոտություններ իրականացնելու նպատակով։

11.03.2020 — Հայտնի դարձան ԵԱԸ 2020թ․ մրցանակակիրները։ Տիխո Բրահեի մեդալ՝ Ստեֆանո Վիտալե (Տրենտոյի համալսարան, Իտալիա), Լոդեվիյկ Վոլչերի դասախոսության մրցանակ՝ Ալվիո Ռենզինի (Պադովայի աստղադիտարանի Աստղաֆիզիկայի ազգային ինստիտուտ, Իտալիա), Աստղաֆիզիկայի և տիեզերաբանության Ֆրից Ցվիկիի անվան մրցանակ՝ Մարտին Ջ․ Ռիս (Քեմբրիջի համալսարան, Միացյալ Թագավորություն), Լավագույն ատենախոսությունների համար ՄԵՐԱՔ (MERAC) հիմնադրամի մրցանակներ․ Տեսական աստղաֆիզիկա՝ Արիս Տրիտիս (Ավստրալիայի ազգային համալսարան), Դիտողական աստղաֆիզիկա՝ Ջորիթ Մեթհի (Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց) և Նոր (ինստրումենտալ) տեխնոլոգիաներ՝ Կոնսեփսիոն Գարդենաս Վասքես (Մաքս Պլանկի աստղագիտության ինստիտուտ):

12-15.03.2020 — Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության (ԱՀ ԿԳՍՆ) հրավերով Արցախում էր ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը, ով կարդաց դասախոսություն, տեղի ունեցան ԱՀ աստղադիտակի հետ կապված քննարկումներ։ ԱՀ ԿԳՍՆ և ԲԱ միջև կնքվեց համագործակցության պայմանագիր։

16.03.2020 — Հայաստանում COVID-19 համավարակի դեմ պայքարի սկիզբը։ ԲԱ միջոցառումները․ չնայած դժվարին ժամանակներին՝ աստղադիտարանը շարունակել է կանոնավոր կերպով իրականացնել իր գիտական և այլ գործունեությունը՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։

26.03.2020 — ԲԱ-ն Փարիզ-Սակլեյ համալսարանի (Ֆրանսիա) ամսագրի էջերում։ Հոդվածը նվիրված է ԲԱ և Փարիզ-Սակլեյ համալսարանի միջև համագործակցությանը։ ԱՊՐԻԼ04.04.2020 — Կյանքից հեռացավ ֆրանսահայ նշանավոր աստղագետ Հակոբ Թերզանը (Agop Terzan, 31.10.1927-04.04.2020)։ Թերզանի հայտնաբերած և նրա անվամբ կոչվող աստղակույտերը հայտնի են բոլոր աստղագետներին։

05.04.2020 — 100 տարեկան հասակում կյանքից հեռացավ աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Մարգարեթ Բերբիջը (ԱՄՆ)։ Նա իր ամուսնու՝ Ջեֆրի Բերբիջի, հետ միասին սերտ կապեր ուներ ԲԱ և Վիկտոր Համբարձումյանի հետ։

12.04.2020 — Տիեզերագնացության միջազգային օրը։ 1961թ. ապրիլի 12-ին ԽՍՀՄ տիեզերագնաց Յուրի Գագարինը համաշխարհային պատմության մեջ դարձավ առաջին մարդը, ով թռիչք կատարեց դեպի տիեզերական տարածություն։

16.04.2020 — Հայտնի դարձան Երվանդ Թերզյանի ՀԱԳԿՀ (ANSEF) 2020թ․ 24 դրամաշնորհների հաղթողները։ ԲԱ-ից նման դրամաշնորհի արժանացավ Գոռ Միքայելյանն իր գիտական խմբով։

18.04.2020 — Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը։ ԲԱ-ը ակտիվորեն զարգացնում է գիտական տուրիզմը՝ նախաձեռնելով և իրականացնելով մի շարք ծրագրեր և հանդիսանալով Հայաստանի ամենահաճախ այցելվող վայրերից մեկը։

21.04.2020 — Հայդելբերգ քաղաքում բացվեց ՄԱՄ «Աստղագիտությունը կրթության համար» միջազգային գրասենյակը (IAU OAE), որը զբաղվելու է աստղագիտության վերաբերյալ դասընթացների անցկացմամբ և ռեսուրսների տրամադրմամբ՝ աստղագիտությունը կրթական ոլորտի գործիք, կրթության և դասավանդման խթան դարձնելու նպատակով։ Մարիետտա Գյուլզադյանը, Սոնա Ֆարմանյանը և Արմինե Փաթաթանյանն ընտրվեցին ՄԱՄ OAE գրասենյակի Աստղագիտական կրթության հայաստանյան ազգային համակարգողներ։

24.04.2020 — Հաբլի տիեզերական աստղադիտակի (Hubble Space Telescope, HST) արձակման 30-ամյակը։

28.04.2020 — ԲԱ իրականացված նախագծի շնորհիվ «ԲԱ հաղորդումներ» (ComBAO) ամսագրի նախկինում տպագրված բոլոր հատորների (1-63, 1946-1990թթ․) 461 հոդվածների ամփոփագրերը թարգմանվել են անգլերեն, թվայնացվել և այժմ հասանելի են համացանցում՝ Աստղաֆիզիկական տվյալների համակարգում (ADS)։ Թարգմանվել և թվայնացվել են նաև «Երևանի աստղադիտարանի հաղորդումներ» ամսագրի 1938-1945թթ․ տպագրված հատորները, որոնք ընդհանուր առմամբ պարունակում են 26 գիտական հոդված։

ՄԱՅԻՍ

04.05.2020 — ԲԱ ԳՀ բաժնի վարիչ, ավագ գիտաշխատակից, ֆմգթ Արարատ Եղիկյանի «Գազադինամիկական հոսքերը աստղաֆիզիկայում՝ ակրեցիոն հոսքերը և արտահոսքերը» տեսահայական (review) սեմինարը Բյուրականում

08.05.2020 — ԲԱ նախկին գիտաշխատող, ներկայումս ԱՄՆ ՆԱՍԱ (NASA) աշխատակից Վլադիմիր Հայրապետյանի 60-ամյակը։

10.05.2020 — Գրուբերի տիեզերաբանության 2020թ․ մրցանակին արժանացան Լարս Հերնքվիստը (Աստղաֆիզիկայի կենտրոն, Հարվարդի և Սմիթսոնյան համալսարան, ԱՄՆ) և Ֆոլկեր Շպրինգելը (Մաքս Պլանկի աստղաֆիզիկայի ինստիտուտ, Գարխինգ, Գերմանիա)՝ տիեզերաբանական սիմուլյացիաների մեջ իրենց որոշիչ ներդրման համար։

21.05.2020 — Հայտնի դարձավ աստղագիտության բնագավառում Շոու (Shaw) ամենամյա մրցանակի հաղթողը՝ Ռոջեր Բլենդֆորդ (Ստենֆորդի համալսարան, ԱՄՆ)՝ ակտիվ գալակտիկական միջուկների բնույթի և սև խոռոչներից էներգիայի արձակման մեխանիզմների հասկանալու գործում իր ներդրման համար։

ՀՈՒՆԻՍ

02.06.2020 — Աստղաֆիզիկայի բնագավառում 2020թ․ Կավլի մրցանակին արժանացավ Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Էնդրյու Ֆաբիանն իր՝ գալակտիկաների և դրանց շրջապատող միջավայրի փոխազդեցությանը նվիրված աշխատանքի շնորհիվ։

21.06.2020 — ԲԱ առաջատար գիտաշխատող, Խորեզմի միջազգային մրցանակի դափնեկիր ֆմգդ Գագիկ Տեր-Ղազարյանի 70-ամյակը։

29.06-03.07.2020 — ԵԱԸ տարեկան համագումարը (նախկինում՝ EWASS)։ Համագումարին առցանց մասնակցեց շուրջ 1700 գիտնական։ Մասնակիցների թվում էին նաև ԲԱ առաջատար գիտաշխատող, տնօրեն Արեգ Միքայելյանը, երիտասարդ գիտաշխատողներ Հայկ Աբրահամյանը, Գոռ Միքայելյանը, Նաիրա Ազատյանը և Սոնա Ֆարմանյանը, ովքեր հանդես եկան զեկուցումներով և ներկայացրեցին գիտապաստառներ։

29-30.06.2020 — Տեղի ունեցավ Եվրոպական հեղինակավոր «Աստղագիտություն և աստղաֆիզիկա» (ԱևԱ, A&A) ամսագրի տնօրենների խորհրդի առցանց նիստը, որին մասնակցեց ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը։

30.06.2020 — Աստղակերպերի միջազգային օրը՝ ճանաչված 2016թ. դեկտեմբերին ՄԱԿ-ի կողմից:

30.06.2020 — Լույս տեսավ «ԲԱ հաղորդումներ» ամսագրի 2020թ-ի 1-ին համարը (հատոր 67, համար 1)։ Համարում տեղ են գտել նաև ՄԱՄ ՀԱԿԱ աստղագիտական 3-րդ տարածաշրջանային աշխատաժողովի նյութերը։ Տպագրվել է ընդամենը 20 հոդված, որից 10-ը՝ ԲԱ աշխատակիցների կողմից։

ՀՈՒԼԻՍ

01.07.2020 — ԲԱ 75-ամյակին ընդառաջ վերսկսվեց ԲԱ դիտողական արխիվի թվայնացման նախագիծը, որի շրջանակներում նախատեսվում է թվայնացնել ողջ դիտողական արխիվը՝ շուրջ 37,500 աստղագիտական լուսաթիթեղ, ստեղծել տվյալների առցանց շտեմարան և երկնքի դիտված տիրույթների ինտերակտիվ քարտեզ։ Նախագծի ղեկավար՝ Գոռ Միքայելյան։

06.07.2020 — ՄԱՄ և ԲԱ միջև կնքվեց պայմանագիր՝ համաձայն որի Բյուրականի աստղադիտարանը ևս 6 տարի կշարունակի մնալ ՄԱՄ տարածաշրջանային կենտրոն (2021-2026)։ Այս պայմանագիրը ԲԱ-ի կողմից տարածաշրջանային համակարգման աշխատանքների պատշաճ իրականացման վկայությունն է։

09.07.2020 — ԲԱ և Ճարտապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) միջև կնքվեց համագործակցության հուշագիր՝ ուղղված Զորաց Քարերի ուսումնասիրության հարցերին։

10.07.2020 — Ֆրանսահայ նշանավոր աստղաֆիզիկոս Զատիկ Մուրադյանի 90-ամյակը (10.07.1930-22.01.2020)։

14.07.2020 — ԲԱ գլխավոր ինժեներ Աշոտ Պետրոսյանի 75-ամյակը։

14.07.2020 — ԲԱ նախկին աշխատակից, Վիկտոր Համբարձումյանի օգնական (1990-1996), այնուհետև՝ ԲԱ գիտական քարտուղարի օգնական Էմմա Բալայանի 90-ամյակը։

18.07.2020 — Ակադ. Վ. Համբարձումյանի անվան 2020թ. միջազգային գիտական մրցանակի միջազգային հանձնաժողովը հրապարակեց իր որոշումը։ Արդյունքում որոշվեց մրցանակի գումարի կեսը շնորհել պրոֆ․ Ալեքսանդր Սալային (Ջոնս Հոփքինսի համալսարան, ԱՄՆ, «Տիեզերքում մութ նյութի՝ որպես չեզոք, թույլ փոխազդող մասնիկ լինելը ցուցադրող իր առաջնային աշխատանքի և տվյալների վրա հիմնված վիճակագրական տիեզերաբանության մեջ իր ներդրումների համար»), իսկ մյուս կեսը հավասարապես բաժանել պրոֆ․ Իզաբել Բարաֆի (Էքսետերի համալսարան, ՄԹ և Լիոն, Ֆրանսիա, «Ցածր զանգվածով աստղերի, գորշ թզուկների և արտարեգակնային մոլորակների բնագավառում իր հիմնարար ներդրումների և աստղասեյսմաբանության և կոմպակտ կրկնակիների ոլորտում նորարարական գաղափարների համար») և պրոֆ․ Ադամ Բարոուզի (Փրինսթոնի համալսարան, ԱՄՆ, «Գորշ թզուկների և արտարեգակնային մոլորակների տեսություններում իր բեղմնավոր և առաջնային ներդրումների և գորշ թզուկների և արտարեգակնային մոլորակների հետազոտությունների առաջնագծում գիտնականների սերունդ աճեցնելու գործում նրա առաջատար դերի համար») միջև։

24.07.2020 — ԲԱ «Տեսական աստղաֆիզիկա» ԳՀ բաժնի ավագ գիտաշխատակից Հովհաննես Պիկիչյանի 70-ամյակը։

25.07.2020 — Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) առցանց կրթահարթակում տեղի ունեցան ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանի դասախոսությունները՝ «Զորաց Քարերից մինչև Բյուրականի աստղադիտարան» (հայերեն և անգլերեն)։

26-31.07.2020 — ԲԱ և ՃՇՀԱՀ համատեղ աշխատանքները Զորաց Քարերում։ ԲԱ-ից նախագծին մասնակցեցին Գրիգոր Բրուտյանը և Հայկ Մալխասյանը։ Կատարվեց հուշարձանի և հարակից տարածքի համակարգչային ծրում (scanning) և օդային լուսանկարում-ծրում, բոլոր քարերի և դրանց անցքերի լուսանկարում բոլոր կողմերից, գծանկարում, չափագրում, անցքերի առանցքների վեկտորների որոշում և այլն։ Հայտնաբերվեցին անցքեր ունեցող շուրջ 30 նոր քարեր՝ ի լրումն հայտնի 84-ի։ Չափագրության արդյունքների ամփոփումից հետո կսկսվեն աստղագիտական հաշվարկները՝ հիմնված նոր, գերճշգրիտ տվյալների վրա։

ՕԳՈՍՏՈՍ

21.08.2020 — ԲԱ «Աստղագիտական շրջահայություններ» ԳՀ բաժնի գիտական խորհրդատու, Քյոլնի համալսարանի ֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր Տիգրան Արշակյանի 60-ամյակը։

28.08.2020 — Հանդիսանալով Հայաստանում գիտական (և աստղագիտական) տուրիզմի նախաձեռնող՝ ԲԱ-ը՝ ՄԱՄ-ի աջակցությամբ իրականացրեց Հարավարևմտյան և կենտրոնական Ասիայի տարածաշրջանի աստղագիտական տուրիզմի նախագիծ, որի արդյունքում ստեղծվեց համապատասխան համացացնային կայքէջ (http://astrotourism.aras.am/index_arm.php):

31.08.2020 — Ավարտվեց ԲԱ-ում իրականացվող Տիգրան Մաղաքյանի ղեկավարած գիտական խմբի ՀՀ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող թեմատիկ նախագիծը («Անկայուն երևույթներն աստղային էվոլյուցիայի վաղ փուլերում», 2018-2020)։

31.08.2020 — ԲԱ-75 գրքի նախապատրաստման աշխատանքերը ԲԱ գիտաշխատակիցների կողմից։ ՍԵՊՏԵՄԲԵՐ07-11.09.2020 — «Բյուրականյան 7-րդ միջազգային ամառային դպրոցը» (7BISS), որը կրում էր «Աստղագիտութունը և տվյալների գիտությունը» խորագիրը։

14-18.09.2020 — «Աստղագիտական շրջահայություններ և մեծ տվյալներ – 2» (ASBD-2) միջազգային առցանց գիտաժողովը՝ կազմակերպված ԲԱ կողմից (https://www.bao.am//meetings/meetings/ASBD2/

16.09.2020 — Արեգ Միքայելյանի առցանց մասնակցությունը ԵՄ Հ2020 ծրագրի Տիեզերքի ոլորտի Ծրագրային հանձնաժողովի 33-րդ նիստին։

17.09.2020 — ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի Science Live Արեգ Միքայելյանի «Աստղագիտությունն աշխարհում և Հայաստանում» առցանց դասախոսությունը։

18.09.2020 — Հայ մեծանուն գիտնական Վ. Համբարձումյանի ծննդյան 112-ամյակը և աստղագիտության օրը Հայաստանում։

18.09.2020 — Տեղի ունեցավ ԲԱ վարչատնտեսական անձնակազմի համար կազմակերպված անգլերենի 6-ամսյա դասընթացի (2019-2020) հավաստագրերի հանձնումը։ Դասախոսներ՝ Մելինե Ասրյան և Դիանա Արզումանյան։ Ծրագրի համակարգող՝ Սոնա Ֆարմանյան։

22.09.2020 — ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ՀՀ նախագահի մրցանակի (ներկայումս՝ «Պողոսյան մրցանակ») հանձնման արարողությունը։ Ֆիզիկայի զարգացման բնագավառում 2020թ․ մրցանակին արժանացան ԲԱ գիտաշխատողներ Արեգ Միքայելյանը, Հայկ Աբրահամյանը, Գուրգեն Պարոնյանը, Գոռ Միքայելյանը և Մարիետտա Գյուլզադյանը։

22.09.2020 — ԲԱ-ում տեղի ունեցավ ԲԱ երիտասարդ գիտաշխատող Հայկ Աբրահամյանի ֆիզմաթ գիտությունների թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը «Ա.03.02 – Աստղաֆիզիկա, ռադիոաստղագիտություն» մասնագիտությամբ։

23.09.2020 — Արեգ Միքայելյանի առցանց մասնակցությունը և զեկուցումը ԳՄԽ Համաշխարհային տվյալների համակարգի (World Data System, WDS) անդամ կազմակերպությունների ֆորումին։

27.09-10.11.2020 — Արցախի պատերազմը։ ԲԱ գործունեությունը պատերազմի ընթացքում՝ ռազմաճակատին գումարների տրամադրում, ԲԱ տրանսպորտային միջոցների օգտագործում պատերազմի համար և այլն: ԲԱ հյուրատանը Արցախից տարհանված 36 երեխաների, մայրերի և տարեց մարդկանց հյուրընկալումը 29.09-05.12.2020 ընթացքում և բոլոր անհրաժեշտ միջոցներով ապահովումը։

29.09.2020 — Չնայած պատերազմական դրությանը՝ տեղի ունեցավ ԲԱ ավագ գիտաշատող Արարատ Եղիկյանի «Ատոմների և մոլեկուլների փոխակերպումները միջաստղային ամպերում և նախակենսամոլեկուլների առաջացումը» ֆիզմաթ գիտությունների դոկտորական թեզի պաշտպանությունը։

30.09.2020 — Արեգ Միքայելյանի առցանց մասնակցությունը և հրավիրված զեկուցումը «Աստղաֆիզիկա և մասնիկային ֆիզիկա» գլոբալ կոլոքվիումին (Astrophysics 2020)։

ՀՈԿՏԵՄԲԵՐ

02.10.2020 — Արեգ Միքայելյանի առցանց մասնակցությունը և հրավիրված դասախոսությունը IOTA/ME Աստղագիտության 8-րդ ամառային դպրոցին (IASS8)։

24.10.2020 — Աստղագիտության ու աստղաֆիզիկայի միջազգային 14-րդ օլիմպիադայում (IOAA), որն այս տարի անցկացվեց առցանց, Հայաստանի թիմի 4 անդամներն էլ արժանացան մեդալների՝ 1 ոսկե (Արտաշես Գյոլեցյան, Երևանի ֆիզմաթ դպրոց), 3 արծաթե (Դավիթ Գյուլամիրյան (Քվանտ վարժարան), Եվա Հունանյան և Կարեն Բաղդասարյան (երկուսն էլ՝ Երևանի ֆիզմաթ դպրոց)): Թիմի ղեկավարներ՝ Մարիետտա Գյուլզադյան և Վարդգես Մամբրեյան:

29.10.2020 — 2020թ․ Նոբելյան մրցանակը ֆիզիկայի բնագավառում, ինչպես և 2019-ին, նույնպես շնորհվեց աստղագիտական աշխատանքների համար։ Այն բաժանվեց երկու մասի, որից մեկը տրվեց անգլիացի գիտնական Ռոջեր Պենրոուզին (Օքսֆորդի համալսարան), իսկ մյուս մասը կիսեցին գերմանացի աստղաֆիզիկոս Ռայնհարդ Գենզելը (Արտերկրային ֆիզիկայի Մաքս Պլանկի ինստիտուտ, Գարխինգ) և ամերիկացի աստղագետ Անդրեա Գեզը (Կալիֆոռնիայի համալսարան, Լոս Անջելես)

ՆՈՅԵՄԲԵՐ

02.11.2020 — Կորոնավիրուսի համավարակի պատճառով 70 տարեկան հասակում կյանքից հեռացավ ԵՊՀ Վ․ Համբարձումյանի անվան աստղադիտարանի տնօրեն պրոֆ․ Արա Ավետիսյանը։

09.11.2020 — Իրանահայ աստղաֆիզիկոս, Իրանի «Աստղագիտության մայր» Ալենուշ Տերյանի 100-ամյակը (Alenush Terian, 09.11.1920-04.03.2011):

10-12.11.2020 — Միջին Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային ՄԱՄ 5-րդ համաժողովը (MEARIM V): Արեգ Միքայելյանի առցանց մասնակցությունը և 2 զեկուցումները։

17-19.11.2020 — Արեգ Միքայելյանի առցանց մասնակցությունը ՎԱՄԱ (IVOA) փոխգործակցության խորհրդակցությանը։

28.11.2020 — ԲԱ առաջատար ինժեներ Հենրիկ Սարգսյանի 80-ամյակը։

30.11.2020 — «Աստղագիտության դպրոցական կրթության ցանց»-ում (NASE) տեղադրվեցին ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացների հայերեն տարբերակները։ Անգլերենից թարգմանություններն իրականացրել է Մելինե Ասրյանը։

ԴԵԿՏԵՄԲԵՐ

01-16.12.2020 — ՀԱԸ դպրոցական դասախոսությունների ծրագիրը ՀՀ մարզերում։ Ընդամենը տեղի ունեցավ 23 դասախոսություն 6 մարզերում։ Դասախոսներ՝ Արեգ Միքայելյան, Հովհաննես Պիկիչյան, Գրիգոր Բրուտյան։ Ծրագրի աջակից՝ ՀՕՖ, համակարգող՝ Սոնա Ֆարմանյան։

02.12.2020 — Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) և ԱՄՆ Ազգային օդագնացության և տիեզերական գործակալության (NASA) SOHO արեգակնային աստղադիտարանի արձակման 25-ամյակը։

03.12.2020 — Արեգ Միքայելյանի առցանց մասնակցությունը ԵՄ Հ2020 ծրագրի Տիեզերքի ոլորտի Ծրագրային հանձնաժողովի 34-րդ նիստին։

03.12.2020 — Միքայելյանի առցանց մասնակցությունը և զեկուցումը Մոլորակային տվյալների միջազգային ալյանսի (IPDA) գործադիր կոմիտեի 15-րդ նիստին։

08.12.2020 — ԲԱ գիտաինժեներական անձնակազմի տարեկան հաշվետու ժողովը։ Տնօրեն Արեգ Միքայելյանի զեկույցը 2020թ․ կատարված աշխատանքի մասին։

08.12.2020 — ԲԱ կրտսեր գիտաշխատողներ Հասմիկ Անդրեասյանը և Գոռ Միքայելյանն արժանացան ՀԱԸ երիտասարդ աստղագետների տարեկան մրցանակին (Երվանդ Թերզյանի անվան մրցանակ)։

08-12.12.2020 — «Կրթությունն ու ժառանգությունը աստղագիտության մեջ Մեծ տվյալների դարաշրջանում» խորագիրը կրող ՄԱՄ №367 առցանց գիտաժողովը։ Հայաստանից մասնակցեցին Արեգ Միքայելյանը, Գոռ Միքայելյանը, Սոնա Ֆարմանյանը, Մարիետտա Գյուլզադյանը և Արմինե Փաթաթանյանը։

10.12.2020 — ԲԱ կրտսեր գիտաշխատողներ Գոռ Միքայելյանը և Գուրգեն Պարոնյանը դարձան ԵԱԱԸ անդամներ։

19.12.2020 — Վախճանվեց ԲԱ գիտաշխատող ֆմգթ Արթուր Ամիրխանյանը (1947-2020)։

29.12.2020 — Հայաստանում աստղագիտական կրթական նախագծեր իրականացրած Էվելինա Գրադցկան (Լեհաստան) արժանացավ Գալիլեյան ուսուցիչների վերապատրաստման ծրագրի (GTTP) միջազգային հավաստագրի։

30.12.2020 — Լույս տեսավ «ԲԱ հաղորդումներ» ամսագրի 2020թ-ի 2-րդ համարը (հատոր 67, համար 2)։ Համարում տեղ են գտել «Աստղագիտական շրջահայություններ և մեծ տվյալներ – 2» (ASBD-2) միջազգային գիտաժողովի նյութերը։ Տպագրվել է ընդամենը 34 հոդված, որից 16-ը՝ ԲԱ աշխատակիցների կողմից։

Տեղեկությունները հրապարակել է Արեգ Միքայելյանը:

<span>%d</span> bloggers like this: