Հակամարտություններ Նորություններ Անվտանգություն Իրան

Իրանը հարյուրավոր անօդաչուներ է բարձրացրել երկինք. զորավարժություններ են

Պարսից ծոցում ամերիկյան ռազմաօդային և ռազմածովային ուժերի (կործանիչներ, ավիակիր, ատոմային սուզանավ և այլն) կենտրոնացմանը զուգահեռ` Իրանում լայնածավալ զորավարժություններ են մեկնարկել տարբեր տեսակի ԱԹՍ-ների ներգրավմամբ:

Իրանական աղբյուրները հաղորդում են, որ Իրանը լայնածավալ զորավարժություններ է իրականացնում` կիրառելով հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր:

Ծովակալ Մահմուդ Մուսավին հայտարարել է, որ երկու օրվա ընթացքում Ռազմաօդային, Ռազմածովային, Հակաօդային պաշտպանության ուժերը և ցամաքային զորքերը վարժանքներում փորձարկելու են տարբեր տեսակի անօդաչուներ: Օրինակ` խնդիր է դրված հետևել և «երկինք-երկինք» տեսակի հրթիռների օգնությամբ ոչնչացնել ռազմական թիրախները, ակտիվորեն ներգրավել կամիկաձե դրոններին:

Բացի այդ` ծովակալը նշել է, որ զորավարժություններն անցկացվում են Պարսից ծոցում, որտեղ հարվածային անօդաչուները թռիչքներ են իրականացնելու նավերից: Նախատեսվում է, որ իրանցիները կստուգեն կամիկաձե դրոնների թռիչքները և այլ տարածքներում, մեծ հեռավորության վրա գտնվող խոշոր թիրախների ոչնչացման հնարավորությունը:

Հիշեցնենք, որ ներկայումս Պարսից ծոցում է գտնվում ԱՄՆ-ի ատոմային մեկ սուզանավ, հրթիռային երկու քրեյսեր, ինչպես նաև USS Nimitz ավիակիրը, որն այս տարածքում պարեկություն է իրականացնում նոյեմբերից: Նախատեսվել է, որ հունվարին այն հետ կվերադառնա, սակայն Պենտագոնն անսպասելիորեն հայտարարել է, որ իրանցի ղեկավարների կողմից Դոնալդ Թրամփի և պաշտոնատար այլ անձանց հասցեին հնչած սպառնալիքների պատճառով նավը Ծոցում կմնա:

%d bloggers like this: