ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ Նորություններ

Քննարկվել են տեղահանված և Արցախ վերադարձած քաղաքացիների խնդիրներին համապարփակ լուծումներ տալու մոտեցումները

Արայիկ Հարությունյանն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել Արցախի պետական լիազոր մարմինների ղեկավարների ու Հայաստանի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի մասնակցությամբ:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 7-ին աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ բնակչության սոցիալական ու բնակարանային խնդիրների կարգավորման ծրագրերի շուրջ՝ Արցախի պետական լիազոր մարմինների ղեկավարների ու Հայաստանի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի մասնակցությամբ:

Քննարկվել են ինչպես տեղահանված, այնպես էլ Արցախ վերադարձած քաղաքացիների խնդիրներին համապարփակ լուծումներ տալու մոտեցումները:

Մասնավորապես, առաջարկվել է շարունակել բնակչության յուրաքանչյուր անդամի (բացի արական սեռի՝ 18-58 տարեկան) 68,000-ական դրամի աջակցության տրամադրումը մի քանի ամիս շարունակ: Ըստ առաջարկի՝ վերապահումներ են լինելու միայն այն բնակիչների համար, որոնց բնակարանների և բնակավայրերի հետ կապված անվտանգային խնդիրներ չեն առաջացել, բայց շարունակում են մնալ ՀՀ տարբեր համայնքներում: Սոցիալական աջակցության նշված ծրագրի առաջարկը պետք է վերջնականացվի ու հաստատվի ՀՀ կառավարության կողմից:

Արայիկ Հարությունյանի կողմից բարձրացված հիմնական խնդիրը, սակայն, բնակարանային ապահովման հարցն էր: Արցախի նախագահի խոսքով` առաջնահերթորեն պետք է ավարտել շրջաններում առկա ազատ բնակֆոնդի գույքագրումը, և այդ առումով նա հանձնարարել է վարչակազմերի ղեկավարներին` առաջիկա օրերին վերջնականացնել ցանկերը և ներկայացնել պետական լիազոր մարմիններ:

Պետական, բարեգործական և աջակցության այլ ծրագրերով տարվա ընթացքում համայնքներում նաև կտեղադրվեն արագ կառուցվող տներ, որոնք կունենան կենսական նշանակության բոլոր պայմանները:

%d bloggers like this: