Հայաստան Հարցազրույցներ Նորություններ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Բյուրականի աստղադիտարանը պատրաստ է ողջ ներուժը ներդնել մեր հետագա անվտանգության խնդիրների լուծման համար. Հայկ Աբրահամյան

Հարցազրույց ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող, ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու Հայկ Աբրահամյանի հետ:

Հարցազրույց ՀՀ ԳԱԱ Վ․Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող, ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու Հայկ Աբրահամյանի հետ:

REGST.net — Պարոն Աբրահամյան, նախ` շնորհավորում ենք գիտական աստիճան ստանալու կապակցությամբ: Հանրամատչելի կպատմե՞ք` ինչի՞ մասին է Ձեր ատենախոսությունը:

Հայկ Աբրահամյան — Շնորհակալություն։ Ատենանախոսությունը վերաբերում է «Ակտիվ գալակտիկական միջուկների ռադիո և օպտիկական հատկությունների ուսումնասիրությանը»։

Ակտիվ գալակտիկական միջուկների դիտողական և տեսական հետազոտությունները հանդիսանում են ժամանակակից աստղաֆիզիկայի ակտիվ զարգացող ուղղություններից մեկը։ Կարևոր խնդիրներից մեկն է հանդիսանում այդ աղբյուրների ռադիո և օպտիկական փոփոխականության դուրսբերումը։ Բլազարները հանդիսանում են ակտիվ միջուկով գալակտիկաների ամենապայծառ ենթադասը։

Ժամանակակից պատկերացումների համաձայն, նրանք հանդիսանում են այնպիսի աղբյուրներ, որոնց ռելատիվիստական շիթերն ուղղված են դեպի դիտողը: Բլազարների, ինչպես նաև այլ ակտիվ միջուկով գալակտիկաների, ակտիվության ընդհանուր հատկությունների դուրսբերումը հանդիսանում է ժամանակակից աստղագիտության կարևորագույն խնդիրներից մեկը։ Մասնավորապես, ակտիվ միջուկով գալակտիկաների կարևորագույն բնութագրիչներից են հանդիսանում ռադիո, ռենտգենյան և գամմա տիրույթներում նրանց ճառագայթումները, ինչպես նաև ռադիո և օպտիկական փոփոխականությունը։

Կարևոր բնութագրիչներից մեկն է նաև հանդիսանում ռադիո սպեկտրից գնահատված ռադիո սպեկտրային ինդեքսը, որը բնութագրում է ռադիո սպեկտրի թեքվածության չափը։ Կախված այդ արժեքի մեծությունից՝ կարելի է պատկերացում կազմել տվյալ ռադիոաղբյուրի ֆիզիկական բնույթի վերաբերյալ։

Ատենախոսության մեջ մենք անդրադարձել ենք այս և մի այլ մի շարք հարցերի։

REGST.net — Ներկայումս նոր ուսումնասիրություններ կատարո՞ւմ եք: Առաջիկայում սպասե՞նք նոր բացահայտումների կամ աշխատությունների` Ձեր հեղինակությամբ:

Հայկ Աբրահամյան — Ներկայումս ես շարունակում եմ զարգացնել իմ ատենախոսության թեման, քանզի կան բազմաթիվ խնդիրներ այդ ուղղությամբ, որոնց հիման վրա կարելի է ավելի լիարժեք պատկերացում կազմել ռադիոաղբյուրների բնույթի վերաբերյալ։ Բնականաբար նոր ուսումնասիրությունները կբերեն նոր աշխատությունների և որոշակի բացահայտումների։

REGST.net — Ի՞նչ կարևոր գործունեություն է այսօր իրականացվում Բյուրականի աստղադիտարանում: Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում աստղագիտական ոլորտի զարգացման ներկայիս մակարդակը:

Հայկ Աբրահամյան — ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը գործունեություն է իրականացնում մի շարք ուղղություններով, մասնավորապես՝ գիտական, կրթական, ինչպես նաև հանրային, ինչը նպաստում է Բյուրականի աստղադիտարանի իմիջի բարձրացմանը։

Հայաստանում աստղագիտությունը միշտ գտնվել է զարգացման շատ բարձր մակարդակի վրա։ Այժմ, ինչպես գիտության բոլոր ոլորտները, գտնվում է որոշակի ծանր պայմաններում, քանզի ունենք երիտասարդ կադրերի պակաս, ինչը պայմանավորված է գիտության թերի ֆինանսավորմամբ։ Բայց ի տարբերության մնացած ոլորտների, Բյուրականի աստղադիտարանը մինչև այժմ շատ բարձր մակարդակով կազմակերպում է միջազգային ամառային դպրոցներ, կոնֆերանսներ և մի շարք այլ միջոցառումներ, որոնցում դասախոսություններ և զեկուցումներ են կարդում արտասահմանյան հայտնի մասնագետներ։

REGST.net — Ձեր կարծիքով` Աստղադիտարանը կարո՞ղ է դառնալ ռազմական որոշակի հնարավորություններ ապահովող ինստիտուտ: Մենք տեսանք, որ Արցախյան 2-րդ պատերազմում թշնամին մեծապես կիրառեց «տիեզերքի հնարավորությունները»: Մենք այս ուղղությամբ պոտենցիալ ունե՞նք:

Հայկ Աբրահամյան — Իմ կարծիքով` այո, Բյուրականի աստղադիտարանը կարող է դառնալ ռազմական որոշակի հնարավորություններ ապահովող ինստիտուտ: Բացի այդ, Բյուրականի աստղադիտարանի բարձր ինտելեկտուալ կարողություն ունեցող մասնագետները կարող են նաև խորհրդատվական գործունեություն ծավալել ռազմական որոշակի խնդիրների լուծման համար։

Արցախյան այս պատերազմից մենք պետք է դասեր քաղենք, և ինչպես բոլոր գիտական համայնքները, այնպես էլ Բյուրականի աստղադիտարանը պատրաստ է ողջ ներուժը ներդնել մեր հետագա անվտանգության և որոշակի ռազմական խնդիրների լուծման համար։ Մենք ունենք մեծ պոտենցիալ, բայց այդ պոտենցիալի իրագործման համար անհրաժեշտ է որոշակի գիտական համայնքների հետ քննարկում, ինչպես նաև պետական մակարդակով աջակցություն։

REGST.net — Ընդհանրապես` ինչպե՞ս կգնահատեք Բյուրականի աստղադիտարանի հետագա զարգացման հնարավորությունները:

Հայկ Աբրահամյան — Բյուրականի աստղադիտարանը, կարել է ասել, այն եզակի ինստիտուտներից է, որն ունի մի շարք համագործակցություններ միջազգային տարբեր ինստիտուտների հետ և փորձում է իր համագործակցությունները, հնարավորության սահմաններում, ընդլայնել։ Կարող եմ միայն շեշտել, որ եթե կարողանանք երիտասարդ կադրերի բացը լրացնել, Բյուրականի աստղադիտարանի զարգացման հնարավորություններն ավելի կմեծանան։

REGST.net — Դուք այն քիչ գիտնականներից եք, ում անվան հետ կարելի է կապել Հայաստանում աստղագիտության զարգացման ապագան. համակարծի՞ք եք մեզ հետ, ի՞նչ ծրագրեր ունեք այս ուղղությամբ:

Հայկ Աբրահամյան — Մասամբ։ Բյուրականի աստղադիտարանում կան մի շարք երիտասարդ աստղագետներ, որոնք իրենց եռանդով և աշխատասիրությամբ կփայլեն մոտակա ժամանակները։ Եվ այդ երիտասարդների ուսերին, ինչպես նաև իմ, դրված է լինելու աստղադիտարանի զարգացման հեռանկարները։ Դեռևս վաղ է խոսել իմ ծրագրերի մասին։

REGST.net — Ի՞նչ միջոցառումներ են ներկայումս կազմակերպվում Աստղադիտարանում:

Հայկ Աբրահամյան — Բյուրականի աստղադիտարանում կազմակերպվում են մի շարք միջոցառումներ, մասնավորապես 2020 թվականի ընթացում կազմակերպվել են՝ «Astronomical Surveys and Big Data 2» միջազգային կոնֆերանսը, «7th Byurakan International Summer School (7BISS) for Young Astronomers» միջազգային ամառային դպրոցը։

Ինչպես նաև, պատերազմի ընթացքում մեր հյուրանոցում հյուրընկալած Արցախցի երեխաների համար կազմակերպվել են մի շարք դասախոսություններ, էքսկուրսիաներ,  դիտումներ և այլ միջոցառումներ։

Սիրողական միջոցառումներից նշեմ՝ գործում են էքսկուրսիաներ 2,6 մ աստղադիտակ, գիշերային դիտումներ, ինչպես նաև դասախոսություններ աստղագիտական թեմաներով։

Այս տարի նույնպես նախատեսվում է մի շարք գիտական և հանրամատչելի միջոցառումներ կազմակերպել նվիրված Բյուրականի աստղադիտարանի 75 ամյակին։

© Mediamax (flip) \ Հայկ Աբրահամյան

Միացեք մեր Telegram ալիքին

<span>%d</span> bloggers like this: