Նորություններ ՏՆՏԵՍԱԿԱՆ Տարածաշրջանային Թուրքիա Իրան

Իրանն ու Թուրքիան երկաթուղային կապի վերաբերյալ 3 նոր համաձայնություն են կնքել

Թեհրանը և Անկարան պայմանավորվել են ամրապնդել Արևելք-Արևմուտք միջանցքը, որը Չինաստանը Թուրքիային է կապում Աֆղանստանի, Պակիստանի և Իրանի տարածքով:

Իրանը և Թուրքիան երկաթուղային հաղորդակցության 3 նոր համաձայնություն են ստորագրել: Հաղորդվում է, որ այդ մասին հայտարարել է «Իրանական երկաթուղիներ» ընկերության գործադիր տնօրեն Սայիդ Ռասուլին:

Ընկերության ներկայացուցչի խոսքով` համաձայնագրերը միտված են երկու երկրների միջև ուղևորային և բեռնատար փոխադրումների նպատակով երկաթուղային հաղորդակցության հնարավորությունների առավելագույն թողունակության մեծացմանը: Ռասուլին նշել է, որ Թեհրանը և Անկարան պայմանավորվել են ամրապնդել Արևելք-Արևմուտք միջանցքը, որը Չինաստանը Թուրքիային է կապում Աֆղանստանի, Պակիստանի և Իրանի տարածքով:

Հայտարարվել է, որ նոր համաձայնություններն արագացնելու են տարբեր նախագծերի իրականացումը, ինչպիսիք են Չինաստանը Եվրոպային կապող հարավային ուղին, Թուրքիան Աֆղանստանին ու Պակիստանին կապող երկաթուղին, ինչպես նաև Իրանի հարավային նավահանգիստները Թուրքիային կապող երթուղիները:

Իրանցի պաշտոնյան նաև նշել է, որ Ստամբուլը, Թեհրանը և Իսլամաբադն իրար միացնող միջազգային երկաթուղային հաղորդակցությունը նոր Մետաքսի ճանապարհին միանալու ուղի կհարթի:

Աղբյուրը հիշեցնում է, որ 2020թ. դեկտեմբերին Իրանը, Թուրքիան և Պակիստանը Տնտեսական համագործակցության կազմակերպությունում տրանսպորտի և հաղորդակցության նախարարների հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էին ձեռք բերել 2021թ. Ստամբուլ-Թեհրան-Իսլամաբադ բեռնատար երկաթուղու վերագործարկման վերաբերյալ:

Միացեք մեր Telegram ալիքին

%d bloggers like this: