ԱՄՆ-ի հայկական և հունական համայնքները, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպություններ դեռևս հունվարի 20-ից ահազանգում են ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման մասին: Հուշագիրը տարածաշրջանի բնիկ ժողովուրդների և այլ ազգային փոքրամասնությունների կրոնական-մշակութային ողջ ժառանգության նկատմամբ օրինական իրավունքներ է վերապահում Թուրքիային: Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի հաղորդմամբ` աղետալի փաստաթուղթը ստորագրվել է Թրամփի կողմից` նախագահի աթոռին հրաժեշտ տալուց ժամեր առաջ:
Համաձայնությունը ստորագրվել է Թուրքիայի կառավարության` շուրջ մեկ տարի առաջ արված հարցմանն ի պատասխան: Նշվում է, որ Թրամփի վարչակազմն իր համաձայնությամբ Թուրքիային նվեր է մատուցել:
Եվ քանի դեռ հայկական և հունական համայնքները, նրանց կազմակերպությունները, միջազգային այլ կազմակերպություններ ու անհատներ փորձում են Բայդենի վարչակազմի օգնությամբ հասնել համաձայնության վերանայմանը, Թուրքիան արդեն անցել է գործի (մի քանի օրինակներ).
1. Այսպես, օրերս Թուրքիայի արևմտյան Քյութահիա նահանգում ավերել են Սուրբ Թորոս հայկական եկեղեցին։ Սուրբ Թորոս եկեղեցին կառուցվել է Օսմանյան Մուրադ սուլթանի օրոք։ Թեև եկեղեցին 1603թ․ ջալալիական ապստամբության ժամանակ քանդվել է, բայց այնուհետև վերակառուցվել է։ Ըստ ավանդության՝ թուրք կանայք հիվանդություններից բուժվելու համար գալիս նստում էին եկեղեցու մոտ և հոգևորականներին խնդրում սուրբ գիրք կարդալ։ Եկեղեցին ժամանակին ծառայել է նաև որպես հանդիսությունների սրահ, ապա՝ ամբողջովին փակվել։
2. Չանաքքալեում ավերվել է տեղի հայկական եկեղեցու հարակից շինությունը:
3. Թուրքական Բուրսա քաղաքի իշխանություններն էլ որոշել են վաճառքի հանել հայկական կաթոլիկ եկեղեցին:

Մշակութային արժեքների վերաբերյալ համաձայնությունը Թուրքիայի հետ կնքել է ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը` 1970թ. Կոնվենցիայի կիրառության վերաբերյալ ԱՄՆ-ի օրենքների համաձայն: Կոնվենցիան նախատեսում է մշակութային արժեքների անօրինական տեղափոխման, դրանք նկատմամբ իրավունքի փոխանցման արգելք և կանխարգելում:
Թեև հուշագրի ամբողջական տեքստը չի հրապարակվել, սակայն ANCA-ից հայտնել են, որ Թուրքիայի կողմից ուղարկված հարցման մեջ կոչ է արվել սահմանափակումներ մտցնել իր տարածքում գտնվող բոլոր ժամանակների (նախապատմականից մինչև ժամանակակից) մշակութային արժեքների արտահանումը դեպի ԱՄՆ: