Նորություններ Վրաստան Տարածաշրջանային ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Թուրքիա

Վրաստանը գնում էր դեպի Եվրոպա, բայց հայտնվեց Թուրքիայում. Շոթա Ափխաիձե

Կովկասի անվտանգության հարցերով մասնագետի խոսքով` Վրաստանի վրա արդեն 70%-անոց ազդեցություն ունեցող Թուրքիան սպառնալիք է ոչ միայն Վրաստանի ինքնիշխանության համար, այլև` ամբողջ տարածաշրջանի անվտանգության:

Վրաստանի վարչակազմում տեղի է ունեցել «Թրամփի» փոխարինում «Բայդենով»: Խորհրդարանում մեծամասնություն են դառնում ուլտրա-լիբերալները և «սորոսականները»: Արտաքին քաղաքական ուղղությունը Ռուսաստանի դեմ է: «Կոլեկտիվ Արևմուտք» կարգախոսի ներքո զարգանում է Թուրքիայի տնտեսական, քաղաքական և մշակութային էքսպանսիան Վրաստանի հարավային և արևմտյան շրջաններում: Փաստացի, Թուրքիան տիրապետում է նախկին խորհրդային հանրապետության անշարժ գույքի մեծ մասին: Արտաքին ներդրումների 80%-ը թուրքական են: Անդրազգային նախագծերի շրջանակներում Վրաստանն արդեն ներառված է Թուրքիայի սեփական համալիրների շարքում: Վրաստանի շրջաններում թուրքական հատուկ ծառայությունները պարբերաբար միջկրոնական բախումներ են հրահրում:

Քաղաքագետ, Կովկասի անվտանգության հարցերով մասնագետ Շոթա Ափխաիձեն նշում է, որ Վրաստանը գնում էր դեպի Եվրոպա, սակայն հայտնվեց Թուրքիայում:

Ափխաիձեի խոսքով` ներկայումս վրաց քաղաքական կյանքում ընթանում են կադրային փոփոխություններ, ինչը պայմանավորված է ԱՄՆ-ի նոր նախագահի ընտրությամբ: Վրաստանի քաղաքական վերնախավում ուլտրալիբերալներն են արդեն որոշում կայացնում` ամերիկամետ հայացքներ ունեցողները: Վերջիններս Ռուսաստանի նկատմամբ պահպանում են միլիտարիստական մոտեցումները, դիտարկում են Ռուսաստանի հետ պատերազմը, եվրաատլանտյան ուղղությունը, ՆԱՏՕ-ական ու ամերիկյան բազաների տեղակայումը Վրաստանում, անդամակցությունը ՆԱՏՕ-ին:

Սակայն, Ափխաիձեի համոզմամբ, Վրաստանի համար ներկայումս լրջագույն վտանգը ոչ թե Արևմուտքն է, այլ Թուրքիան, որը սպառնալիք է ոչ միայն Վրաստանի ինքնիշխանության համար, այլև` ամբողջ տարածաշրջանի անվտանգության:

Գիտությունների դոկտորի խոսքով` Թուրքիան, բացի իր նեոօսմանյան, պանթյուրքիստական, սալաֆիստական և էրդողանական գաղափարախոսությունները, հետևողականորեն առաջ է մղում նաև Ամերիկայի, Բրիտանիայի և ՆԱՏՕ-ական երկրների միլիտարիստական (ռազմական) հետաքրքրությունները:

Շոթա Ափխաիձեն պնդում է, որ Թուրքիան Վրաստանի նկատմամբ հիբրիդային ագրեսիա է դրսևորում, տնտեսական, քաղաքական, մշակութային-հումանիտար էքսպանսիա, որն արտահայտվում է տարբեր ոլորտներում, այդ թվում` կրոնական:

Վրաստանը Թուրքիային հետաքրքրում է իր աշխարհագրական դիրքով` որպես տարանցիկ երկիր յուրացման և հետագա առաջընթացի համար, ելք դեպի Կասպից ծով ու հետո` Կենտրոնական Ասիա ու Սիբիր:

Քաղաքագետը Թուրքիայի կողմից մեծ վտանգի օրինակ է բերել վերջերս Գուրիում տեղի ունեցած միջադեպը. այս շրջանը սահմանակից է Աջարիային (ինքնավար հանրապետություն): Այստեղ կողք կողքի ապրում են սունի իսլամը դավանող վրացիներ և ուղղափառ վրացիներ: Եվ նրանց միջև կրոնական հողի վրա բախում է տեղի ունեցել:

Նրա համոզմամբ` բախումն արտաքին հրահրմամբ է ծագել, արհեստականորեն, դրանց ետևում հիմնականում թուրքական հատուկ ծառայություններն են, թուրքական ոչ կառավարական կազմակերպությունները, թուրքական դեսպանության աշխատակիցները, որոնց հաջողվել է էթնիկ վրացիների միջև բախում առաջացնել:

Այդօրինակ բախումները Վրաստանի տարածքում վերջին շրջանում հաճախակի են դարձել: Դա տեղի է ունենում հատկապես Աջարիայում, որտեղ Թուրքիայի գործակալների ազդեցությունը մեծ է: Նրանց շարքում կան օրենսդիր մարմնի քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ, կրոնական առաջնորդներ, գիտական և գործարար էլիտաների ներկայացուցիչներ:

Բաթումի մուսուլմանները պահանջում են այստեղ Ազիզյեի անվան մզկիթ կառուցել, ով օսմանյան զավթողականության խորհրդանիշն է, իսկ Աջարիան շուրջ 400 տարի գտնվել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ: Նույնանուն մզկիթ այստեղ նախկինում եղել է, բայց խորհրդային տարիներին ոչնչացվել է: Սակայն Ափխաիձեն նշում է, որ մզկիթ, այնուամենայնիվ, Բաթումում կա, աղոթելու խնդիր մուսուլմանները չունեն, ուստի նոր մզկիթի կառուցումը կարող է պարզապես սադրանք լինել, իրավիճակը լարելու փորձ:

Քաղաքագետն ընդգծում է, որ Թուրքիայի և Վրաստանի միջև տնտեսական լուրջ կապեր կան. Վրաստան ներկրվող ապրանքների 75%-ը թուրքական է, այսինքն` վրացական շուկայի մեծ մասը Թուրքիայի հսկողության ներքո է: Վրաստանում կատարվող արտաքին ներդրումների 80%-ը թուրքական են, այսինքն` Թուրքիայի տնտեսական ամենամեծ ազդեցությունն ու ներկայությունը Վրաստանում փաստ է:

Ի՞նչ վտանգ է, այդուհանդերձ, Թուրքիան ներկայացնում: Այս հարցին պատասխանելիս մասնագետը նշում է, որ Թուրքիան վաղ թե ուշ կարող է հայտարարել իր քաղաքական հետաքրքրությունների մասին, որոնք երբեք չի էլ թաքցրել: Օրինակ, Դավութօղլուի «Ռազմավարական խորություն» գրքում շարունակվում է Էրդողանի նեոօսմանյան գաղափարախոսությունը` Օսմանյան կայսրության նախկին տարածքներ հռչակելով Բաթումը, Բենգազին, Սկոպյեն, որոնք «պետք է վերադարձվեն»:

Այսպես, Շոթա Ափխաիձեի խոսքով, Վրաստանը ձգտել է դեպի Եվրամիություն, Եվրաատլանտյան դաշինք, ՆԱՏՕ: «Սակայն վրաց երկիրն այլ աշխարհում է հայտնվել, կարելի է ասել` հայտնվել ենք Թուրքիայում, Օսմանյան կայսրությունում, քանի որ Արևմուտքը զիջել է` չցանկանալով ծախսել իր բարոյական ու ֆինանսական միջոցները»,- նշում է քաղաքագետը:

Ափխաիձեի գնահատմամբ` Արևմուտքը Վրաստանը փոխանցել է Թուրքիային, և քանի որ վերջինս ՆԱՏՕ անդամ է, ապա Վրաստանն արդեն դիտարկվում է Թուրքիայի ազդեցության գոտում գտնվող նատօյական երկիր: Ուստի, քաղաքագետի համոզմամբ, եթե Վրաստանը մտնի ՆԱՏՕ, ապա այնտեղ տեղակայվելու են ոչ թե ամերիկյան, այլ թուրքական բազաները: Այսինքն, Արևմուտքը Թուրքիայի ձեռքով կլուծի բոլոր հարցերը` քաղաքական ու տնտեսական առճակատում ունենալով Ռուսաստանի, Իրանի կամ Չինաստանի հետ:

Քաղաքագետը հավաստում է, որ ինչքան էլ թվա, թե Էրդողանն ու Եվրամիությունը կամ Ամերիկան հակասություններ ունեն, այնուամենայնիվ, թուրքական քաղաքական ֆինանսական էլիտաները, անձամբ նաև Էրդողանը, կապված են Արևմուտքի հետ: Թուրքական բանկային համակարգն արևմտյան անդրազգային ֆինանսական կորպորացիաների լիարժեք մասն է կազմում:

Կովկասի անվտանգության հարցերով մասնագետի խոսքով` Թուրքիայի թիկունքում Անգլիան է, անգլիական հատուկ ծառայությունները, որոնք էլ ղեկավարում են բոլոր գործընթացները: Հենց այդ պատճառով էլ Վրաստանում թուրքական ներկայությունը վտանգավոր է, բայց վտանգը սպառնում է ոչ միայն Վրաստանին, այլև ամբողջ Կովկասին, ընդ որում` նաև Հյուսիսային Կովկասին: Քաղաքագետը հիշեցնում է 90-ականները, երբ թուրքական հատուկ ծառայությունները բուռն աշխատանք էին ծավալել էթնիկ ու կրոնական տարբեր խմբերի, ծայրահեղականների ու արմատական իսլամիստների շրջանում:

Ափխաիձեն հիշեցնում է նաև, որ ահաբեկիչների Թուրքիայում ֆինանսավորում են, նրանց խմբավորումներ են կազմավորում, պատրաստում, ապա ուղարկում դիվերսիաների:

Նկար` © Pikabu

Միացեք մեր Telegram ալիքին

%d bloggers like this: