Նորություններ Ռազմական տեխնիկա Անվտանգություն Աշխարհ

Բելգիացի փորձագետը` Ադրբեջանի կողմից դրոնների երամի կիրառման մասին

Բրյուսելի համալսարանի` սպառազինության հարցերով փորձագետի խոսքով` Արցախի դեմ պատերազմը ցույց տվեց, թե ինչպիսին են լինելու ապագա պատերազմները և ինչ վտանգներ են ներկայացնում ԱԹՍ-ների երամները:

Բելգիական The Bulletin պարբերականում հրապարակվել է փորձագետ Մաաիկե Վերբրյուգենի հետազոտությունը, որտեղ ժամանակակից պատերազմներում դրոնների կիրառման համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմում անօդաչու թռչող սարքերի դերին:

Վերբրյուգենը նշել է, որ 2020թ. աշունն ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե ինչպիսին կարող են լինել ապագա պատերազմները: Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմը, Բրյուսելի համալսարանի աշխատակցի խոսքով, լավագույն ցույց տվեց, թե հաջորդ բախումներն ինչ ընթացք են ունենալու:

Փորձագետն ընդգծել է, որ Ադրբեջանը հարձակում է իրականացրել անօդաչուների երամ օգնությամբ, երբ երկնքում միաժամանակ մի քանի հարվածային-հետախուզական դրոններ են գտնվել. դրանց մի մասը հարվածել է հայկական դիրքերին: Բելգիացի փորձագետի խոսքով` դրոնների երամի այդօրինակ կիրառությունն ընդհանուր առմամբ մարտական գործողության վարում չէր համարվում, սակայն Ադրբեջանը նորույթ է ցուցադրել:

Ֆերբրյուգենը շեշտում է, որ դրոնների երամի կիրառությունը բարձր արդյունավետություն կարող է ապահովել միայն այն դեպքում, եթե երամը կառավարվում է արհեստական բանականությամբ:

Փորձագետն ընդգծում է, որ չնայած դեռ չի ստեղծվել լիովին ինքնավար երամների համակարգ, սակայն ամեն դեպքում անհրաժեշտ է անհանգստանալ հումանիտար հետևանքների համար: Բելգիացի մասնագետի կարծիքով` անհրաժեշտ է սահմանել դրոնների երամների կիրառության սահմանները, իսկ զինվորականները պետք է ուշադրություն դարձնեն դրանց դեմ պայքարի մեթոդներին:

Մաաիկե Ֆերբրյուգենի խոսքով` անհնար է պատկերացնել այն հետևանքները, որոնք կարող են առաջանալ ռազմական գործողությունների ժամանակ անօդաչու թռչող սարքերի երամների զանգվածային կիրառության դեպքում:

Միացեք մեր Telegram ալիքին

%d bloggers like this: