Հայաստան Նորություններ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարությունը

Նաղդալյանը հիշեցրել է, որ ՀՀ բոլոր կառավարությունները, ինչպես նաև սփյուռքահայ առաջատար կազմակերպությունները, շրջափակումը մշտապես համարել են ապօրինի և հանդես են եկել դրա դադարեցման դիրքերից։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանություն է տարածել ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարության առնչությամբ: Վերջինում հնչեցվել են մտահոգություններ տարածաշրջանային հարցերի, մասնավորապես Թուրքիայի հանդեպ Հայաստանի մոտեցումների վերաբերյալ:

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը շեշտել է, որ ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարության մեջ տեղ գտած մտահոգությունները հիմնված են նախարար Այվազյանի՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հնչեցված խոսքերի մեկնաբանությունների վրա։ Նաղդալյանի խոսքով` այդ մեկնաբանությունները կամ, ինչպես դրանք ձևակերպված են՝ «հաստատումները», կատարված են ընդհանուր համատեքստից դուրս և որևէ կերպ չեն արտացոլում Հայաստանի Հանրապետության գնահատականը և մոտեցումները Թուրքիայի՝ տարածաշրջանում ներգրավման առնչությամբ։

ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանը որևէ կերպ չի վերանայել տարածաշրջանում Թուրքիայի ապակառուցողական ներգրավման վերաբերյալ իր գնահատականը: Ընդգծվում է, որ այդ հարցուպատասխանի մեջ հստակորեն նշված էին այդ մտահոգությունները, մասնավորապես` Հայաստանի սահմանի մոտ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ իրականացնելու վերաբերյալ։

Արտաքին գերատեսչության մամուլի խոսնակը նշել է, որ, միևնույն ժամանակ, ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է Թուրքիայի կողմից Հայաստանն ապօրինի շրջափակելու քաղաքականությանը՝ պնդելով, որ ներկայումս գոյություն չունի անգամ այն պատրվակը, որի վրա հղում կատարելով՝ Թուրքիան տասնամյակներ շարունակ փակել է իր սահմանը Հայաստանի հետ:

Նաղդալյանը հիշեցրել է, որ ՀՀ բոլոր կառավարությունները, ինչպես նաև սփյուռքահայ առաջատար կազմակերպությունները, շրջափակումը մշտապես համարել են ապօրինի և հանդես են եկել դրա դադարեցման դիրքերից։

Նշվում է, որ ՀՀ դիրքորոշումն այս հարցում որևէ փոփոխություն չի կրել, ինչպես չի կրել ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունները հետապնդելու հաստատակամությունը։ Աննա Նաղդալյանը վստահություն է հայտնել, որ Թուրքիայի ուղղակի ներգրավվածությունն Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմում, Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված պատերազմական հանցագործությունները և այլ զանգվածային ոճրագործություններն առավել այժմեական են դարձնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը՝ նմանօրինակ միջազգային ոճիրների կանխարգելման և չկրկնման նպատակով։

Այս հարցում, ինչպես նշվում է, ՀՀ-ն շարունակելու է իր սերտ համագործակցությունը սփյուռքահայ հեղինակավոր կազմակերպությունների հետ։

Ընդգծվում է նաև, որ տարբեր առիթներով ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ դիտարկվելու է ոչ թե Թուրքիայից հնչող հայտարարությունները, այլ գործողությունները: Այդ գործողությունները մինչ օրս չեն եղել կառուցողական:

Աննա Նաղդալյանը մեջբերել ՀՀ ԱԳ նախարարի՝ նույն հարցուպատասխանի ժամանակ արտահայտած դիրքորոշումը, որ «Հայաստանի, մեր դիվանագիտության, մեր ժողովրդի համար պետք է մեր շուրջ ձևավորել բարենպաստ մթնոլորտ, բնականաբար, չխախտելով կարմիր գծերը և պաշտպանելով մեր պետական և ազգային շահերը»:

ԱԳՆ հայտարարությունում բարձր է գնահատվել Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի հետ ՀՀ ԱԳՆ-ի համագործակցությունը, որը, Աննա Նաղդալյանի խոսքով, մշտապես միտված է եղել համահայկական օրակարգի առաջմղմանը։

Նկարը` © MFA \ Աննա Նաղդալյան

Միացեք մեր Telegram ալիքին

%d bloggers like this: