Հակամարտություններ Նորություններ Ռուս-ուկրաինական Անվտանգություն Աշխարհ

Դոնբասում իրավիճակը սրվում է. «Սպասողական վիճակ է»

Ուկրաինայի զինված ուժերը տարբեր զինատեսակներից կրակ են բացում շփման գծի հատվածում գտնվող շրջանների վրա: Կիև է ժամանել ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի միացյալ հրամանատարության պատվիրակությունը:

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում (ԼԺՀ, Դոնբաս) վերջին օրերին ռազմական իրադրությունը սրված է. ուկրաինացի զինվորականները տարբեր զինատեսակներից կրակ են բացում շփման գծի հատվածում գտնվող շրջանների վրա, ընդ որում` նաև ցերեկային ժամերին: Մարտի 10-ին կրակ է բացվել Զոլոտոյե-5 (Միխայլովկա) բնակելի գյուղի ուղղությամբ, որտեղ գործում է նաև դպրոց:

Հաղորդվում է, որ ուկրաինական ուժերը կիրառել են ծանր հրետանի, ականանետեր, հրաձգային զենքեր և նռնականետեր: Շփման գծի երկայնքում գտնվող գյուղերի խաղաղ բնակչությունն ապաստարաններում է թաքնվել, ԼԺՀ-ի ժողովրդական միլիցիայի մեկ զինծառայող է զոհվել, մեկը` վիրավորվել: Խոցվել է ուկրաինական զինուժի մեկի միավոր ՀՄՄ-2: Որոշ հատվածներում ուկրաինական կրակակետերը ճնշվել են:

Տեղի բնակիչներից մեկը նշել է, որ հիմնական թիրախը պաշտպանական դիրքերն են, բնակելի համայնքների վրա ծանր տեխնիկա չի կիրառվում, սակայն ներկայումս իրավիճակն աստիճանաբար վատթարանում է: Նրա խոսքով` բոլորը սպասողական վիճակում են:

Հաղորդվում է, որ իրավիճակի սրման պայմաններում Ուկրաինա է ժամանել ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի միացյալ հրամանատարության պատվիրակությունը` ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռոջեր Քլությեի ղեկավարությամբ:

Հիշեցնենք` փորձագետներն ահազանգում են, որ Ուկրաինան պատրաստվում է առաջիկա շաբաթների ընթացքում լայնածավալ ռազմական գործողություններ սանձազերծել Դոնբասի դեմ: Ըստ որոշ տեղեկությունների` հնարավոր ժամկետներ են մարտի 15-ը, մարտի վերջ-ապրիլի սկիզբը կամ մինչև մայիս:

Նկարը` © Reuters

Միացեք մեր Telegram ալիքին

<span>%d</span> bloggers like this: