Հակամարտություններ Հայ-ադրբեջանական Հոդվածներ Նորություններ ՏՆՏԵՍԱԿԱՆ Տարածաշրջանային ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Ադրբեջան Անվտանգություն Թուրքիա

Թուրքիան` Ադրբեջանում. դանդաղ օկուպացիա, տնտեսական և ռազմական կախվածություն

Օգտվելով Արցախյան հակամարտությունից և Նախիջևանի անկլավային կարգավիճակից` Թուրքիան փորձել է խաղալ «տնտեսության փրկչի» դերը` լուծելով աշխարհաքաղաքական խնդիր` ներխուժելու Կասպից ծովի տարածաշրջան, այնտեղից` դեպի Կենտրոնական Ասիա:

Թուրքիան, որն աշնանը պատերազմ հրահրեց Արցախի դեմ, Ադրբեջանին տրամադրած աջակցության դիմաց փորձում է նրան զրկել ինքնիշխանությունից: Էրդողանի աշխարհաքաղաքական նկրտումների շարքում են Բաքվի լիարժեք կախվածությունն Անկարայից, այդ թվում` տնտեսական ոլորտում:

Դանդաղ օկուպացիա

Թուրքիան Ադրբեջանում սկսել է ամրապնդվել դեռ ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո: Արցախյան պատերազմը, Ռուսաստանի ներքին խնդիրները, Ադրբեջանում առկա ներքաղաքական ու հասարակական իրավիճակն Անկարային հնարավորություն տվեցին ռազմական և քաղաքական առումներով ներկայություն ունենալ այնտեղ:

Սկսած 1992թ.-ից` ադրբեջանցի զինվորականներն ուսում են ստանում թուրքական ռազմական բուհերում: 1994թ. երկու երկրների միջև կնքվել է ռազմավարական գործընկերության և փոխադարձ օգնության համաձայնագիրը, որն էլ ավելի է խթանել ռազմական համագործակցությունը: 1996թ.-ից Ադրբեջանում գործում է թուրք խորհրդականների մշտական խումբը, որը կառավարվում է Թուրքիայի ԶՈՒ ԳՇ-ի կողմից:

Չնայած պայմանագրերի մեծ մասը գաղտնի են, բաց աղբյուրներից հայտնի է, որ 2006-2008թթ. Ադրբեջանը թուրքական Roketsan-ից գնել է 244 մլն դոլարի հրետանային համակարգեր ու զրահատեխնիկա, անվարձահատույց ստացել է 20 մլն դոլարի սպառազինություն:

Ադրբեջանը Թուրքիայից ստանում է ժամանակակից զինատեսակներ, ինչպիսիք են Bayraktar TB2 ԱԹՍ-ները, TRG-300 Kaplan ՀԿՌՀ-երը, հակատանկային կառավարվող MAM-L ռումբերը: Հայտնի է, որ առաջիկայում Բաքուն ստանալու է «երկինք-երկիր» դասի SOM գերճշգրիտ թևավոր հրթիռներ, որոնք նախատեսվում է տեղադրել ՄիԳ-29 կործանիչների և Սու-24 ռմբակոծիչների վրա:

Հաղորդվում է, որ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ Ադրբեջանում 1500 թուրք զինվորական է գտնվել` գումարտակից մինչև Գլխավոր շտաբի խորհրդականներ, ԱԹՍ-ների ու ՀՏԿՀ-ների օպերատորներ, տարբեր զինատեսակների տեխնիկական մասնագետներ: Ադրբեջանի օգտին են գործել նաև թուրքական հետախուզական ծառայությունները: Ընդհանուր առմամբ` Ադրբեջանի տարածքում անցկացվող զորավարժությունների, անձնակազմի վերապատրաստման, սպառազինության սպասարկման և ռազմատեխնիկայի միջոցով` Թուրքիան կարողացել է իր մշտական ներկայությունն ապահովել այնտեղ` զինված ուժերը վերցնելով իր վերահսկողության տակ:

Ադրբեջանցի 77 զինվորականներ Էրդողանի փեսայի (Բայրաքթարն արտադրողը, խմբ.) կողմից անօդաչուների կիրառման ուսուցման հավաստագիր է ստացել:

Նշվում է, որ Թուրքիան նաև կադրային լուրջ քաղաքականություն է տարել Ադրբեջանի ռազմական կառույցներում` աշնանը սանձազերծած պատերազմից առաջ:

Անկարայի համար գլխավոր խնդիրը սկսած 2010թ.-ից Ադրբեջանում ռազմաբազաներ ունենալն է: Պատճառաբանությունն, իբր, այնտեղից դեպի Թուրքիա գնացող նավթի և գազի խողովակների անվտանգության ապահովումն է: Թուրքական լրատվամիջոցները շտապեցին նաև հայտարարել, որ ավիաբազաներ են կառուցվելու Գյանջայում, Գաբալայում և Լենքորանում: Թեև սա ադրբեջանական պաշտոնական աղբյուրները հերքեցին, սակայն համարվում է, որ տեղեկությունն ունի իր հիմքերը:

Տնտեսական զավթողականություն

Օգտվելով Արցախյան հակամարտությունից և Նախիջևանի անկլավային կարգավիճակից, որոնք բարդացրել են Ադրբեջանի և Ռուսաստանի տնտեսական համագործակցությունը, Թուրքիան փորձել է խաղալ «տնտեսության փրկչի» դերը: Իրականում` լուծում է իր աշխարհաքաղաքական խնդիրը` ներխուժելու Կասպից ծովի տարածաշրջան, այնտեղից` դեպի Կենտրոնական Ասիա:

Արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշներով Ադրբեջանի թիվ մեկ գործընկերն Իտալիան է, երկրորդը` Թուրքիան: Երրորդ տեղում Ռուսաստանն է` չնայած, որ վերջինը Հայաստանի հետ մասին ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում է:

Ու թեև թուրք պաշտոնյաները հայտարարում են, որ Ադրբեջանի հետ առևտրաշրջանառությունը կարող են հասցնել տարեկան մինչև 15 մլրդ դոլարի, սակայն 2020թ. այն կազմել է 2,2 մլրդ դոլար: Ակնհայտ է, որ հնչեցվող մեծ թվերով Անկարան այլ նպատակ է հետապնդում (տնտեսական վերահսկողություն Ադրբեջանի նկատմամբ): Հիշեցնենք, որ մարտի 1-ից Թուրքիայի և Ադրբեջանի միջև ազատ առևտրի համաձայնագիրն է ուժի մեջ մտել:

Ընդգծվում է, որ Թուրքիան այդպիսի միջոցներ պարզապես չունի, ինչի վկայությունն է Չինաստանից 30 մլրդ դոլարի վարկ վերցնելը: Ներկայումս, փորձելով Բաքվից ստանալ ռազմական աջակցության «վճարը», Էրդողանը սկսելու է պահանջել էներգակիրների գների նվազեցում, մինչդեռ Ադրբեջանը կարող էր նույն գազն ու նավթը իրեն ձեռնտու գներով վաճառել Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի տարածքով:

Նշվում է, որ Անկարան զոհաբերում է իր գործընկերներին` հանուն իր շահերի: Սրա վկայությունն է ի հակադրություն չինական «Մեկ գոտի, մեկ ուղու» և ԵԱՏՄ-ի Թուրքիա-Ադրբեջան-Թուրքմենստան միջանցքի մասին քննարկումը, որը բխում է նաև Արևմուտքի շահերից:

Մեկ ա՞զգ, թե՞ մեկ պետություն

Թուրքական պանիսլամական և պանթյուրքական քաղաքականության առաջին զոհը հենց Ադրբեջանն է, որի համար ստեղծվել է «Մեկ ազգ, երկու պետություն» տերմինը, սակայն թուրքական կողմի հրապարակած «ապագա» սուլթանության քարտեզներում Ադրբեջան պետություն գոյություն չունի:

Եթե ներկայումս Ադրբեջանը և Թուրքմենստանն Թուրքիայից արդեն կախվածության մեջ են, ապա հաջորդը Ղազախստանն է. ղազախական լրատվամիջոցներում արդեն լայնորեն քարոզվում է «Մեծ Թուրանին» միանալու գաղափարը` որպես Թուրքիայի հետ կրոնական և լեզվական ընդհանրություն:

Համարվում է, որ Ադրբեջանում թուրքական ռազմաբազաների տեղակայման արդյունքում ոչ միայն Բաքուն ավելի շատ կախվածության մեջ կհայտնվի Անկարայից, այլև ադրբեջանցիները կսկսեն մասնակցել թուրքական զավթողական գործողություններին` տարբեր ուղղություններում` Սիրիա, Լիբիա, Իրաք, Արևելյան Միջերկրածով:

Համարվում է, որ այս գործընթացը կարող է հանգեցնել Ադրբեջանի և Իրանի հարաբերությունների բարդացմանը: Իրանը ոչ միայն Թուրքիայի ռազմական հակառակորդն է Սիրիայում, այլև բացասաբար էր վերաբերվում Արցախում թուրք-ադրբեջանական ահաբեկչական գործողություններին` իր սահմանների երկայնքով տեղակայելով ՀՕՊ համակարգեր, ԻՀՊԿ-ի ցամաքային ուժեր: Բացի այդ` Իրանի հետ որոշ տնտեսական ծրագրեր բավականին ձեռնտու են Ադրբեջանի համար:

Ադրբեջանում թուրքական ներկայությունը չի կարող չանհանգստացնել նաև Ռուսաստանին. Անկարան ՆԱՏՕ-ի անդամ է, ուստի նրա բազաները Մոսկվայի համար թիրախ են, իսկ այս դեպքում նաև` խոցման տիրույթում են:

Նշվում է, որ նոյեմբերի 9-ի Հայտարարությամբ Ալիևն ինքնուրույնություն է դրսևորել: Արդյունքում Թուրքիան ավելի քիչ բան է ստացել, քան ակնկալել է, բայց և` ավելին, քան ունեցել է մինչև պատերազմը:

Բաքվի համար ներկայումս կարևոր է հավասարակշռված քաղաքականությունը: Թուրքիայի դեպքում Ադրբեջանը նրա մասնակցությունից ակնկալում է ստանալ հակամարտության վերջնական ցանկալի լուծումը, տնտեսական, տրանսպորտային, ենթակառուցվածքային և ինտեգրացիոն հնարավորությունները:

Միացեք մեր Telegram ալիքին

<span>%d</span> bloggers like this: