Նորություններ Աշխարհ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հնագետները հայտնաբերել են Եգիպտոսի հնագույն` «կորսված» մայրաքաղաքը (նկարներ)

3 հազար տարի առաջ` Ամենհոտեպ 3-րդի գահակալման օրոք Եգիպտական զարգացած կայսրության մայրաքաղաք հանդիսացած քաղաքը հայտնաբերվել է Նեղոսի արևմտյան ափին` Լուքսորում: Հնագետները սա կարևորագույն իրադարձություն են համարում:

Հնագետները Եգիպտոսում` Լուքսորում, որտեղ գտնվում է նաև Արքաների հովիտը, ավազների տակ հայտնաբերել են 3 հազարամյա «կորսված քաղաքը»:

«Աթոնի վեհացում» անվամբ հայտնի քաղաքը համընկնում է Ամենհոտեպ 3-րդի կառավարման տարիների հետ (մ.թ.ա. 1390թ.-ից): Ավելի ուշ այն օգտագործվել է փարավոնի ժառանգների կողմից, այդ թվում` Թութանհամոնի: Բալտիմորի Ջոնս Հոփկինսի համալսարանի եգիպտական մշակույթի և հնագիտության պրոֆեսոր Բեթսի Բրայանի խոսքով` կորսված քաղաքի հայտնաբերումը Թութանհամոնի դամբարանից հետո հնագիտական ամենանշանավոր բացահայտումն է: Այն հազվադեպ հնարավորություն է ընձեռնում դիտարկելու հնագույն եգիպտացիների կյանքը զարգացած կայսրության դարաշրջանում:

© EMTA

Եգիպտացի հնագետ Զահի Հավասի ղեկավարած խումբը պեղումները սկսել է 2020թ. սեպտեմբերին: Հնագետները գտել են մեծ, լավ պահպանված քաղաք` անվնաս պատերով, հացի փուռերով ու վառարաններով, դամբարաններով ու սենյակներով: Հայտնաբերվել են բազմաթիվ գործիքներ, օղակներ, քարաբզեզներ (սրբաբզեզներ), կերամիկական գունավոր պարագաներ:

Գտածոներն ապացուցել են մի քանի ոլորտերի առկայությունը, ներառյալ մանածագործություն և ջուլհակություն, մետաղամշակություն և ապակեգործություն: Հնագիտական առաքելությունն իրականացվել է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարության հետ համատեղ:

© EMTA \ Գտածո

Պատմական արձանագրությունները ենթադրում են, որ բնակավայրն ունեցել է արքայական երեք պալատներ, որոնք պատկանել են Ամենհոտեպ 3-րդին: Քաղաքը հանդիսացել է կայսրության վարչական և արդյունաբերական կենտրոնը: Քաղաքի թվագրումը հաստատվել է փարավոնի կնիքով կավե աղյուսների օգնությամբ:

Քաղաքից հյուսիս հնագետները հայտնաբերել են գերեզմաններ, որոնք դեռ ուսումնասիրված չեն: Գիտնականները գտել են նաև ժայռափոր դամբարաններ` տարբեր չափերի: Հետազոտողները հույս են հայտնել, որ կպեղեն «ձեռք չտված» թաղումներ:

Բրայանի խոսքով` հետագա պեղումները պետք է տան այդ դարաշրջանի մեծագույն հանելուկի պատասխանը. «Ինչո՞ւ են Էխնաթոնը` Ամենհոտեպ 3-րդի որդին, և նրա կին Նեֆերտիտին երկրի մայրաքաղաքը տեղափոխել նոր վայր` Ամարնա:

Հայտնաբերված քաղաքը գտնվում է Նեղոսի արևմտյան ափին, Լուքսորի շրջանում, և ձգվում է դեպի արևմուտք` ընդհուպ մինչև Դեյր-էլ-Մեդինա:

Միացեք մեր Telegram ալիքին

%d bloggers like this: