Հոդվածներ Նորություններ Տարածաշրջանային ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Իրան

Զարիֆի հարցազրույցի հրապարակման արձագանքներն ու հնարավոր հետևանքները. Էմմա Բեգիջանյան

Իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Էմմա Բեգիջանյանի հոդվածը:

Ապրիլի 25-ին «Իրան ինթերնեյշնըլ» պարսկալեզու հեռուստատեսությունը տարածել է  չափավորական դիրքորոշմամբ, տնտեսական հարցերով վերլուծաբան, դասախոս Սաաիդ Լեյլազ Մեհրաբադիի երեքժամյա հարցազրույցն Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարի‎ֆի հետ, որն արվել է «Հույսի ու նախաձեռնության կառավարության բանավոր պատմություն» (այդպես է կոչվում Ռոհանիի գլխավորած կառավարությունը) նախագծի շրջանակներում։ Ձայնագրությունը կատարվել է ընթացիկ տարվա փետրվարի 25-ին: Նշենք, որ Լոնդոնում գտնվող «Իրան ինթերնեյշնըլ» վերազգային հեռուստատեսության սուր քննադատությունների թիրախն Իրանի Իսլամական Հանրապետության ներքին, արտաքին ու սոցիալ-տնտեսական քաղաքականություններն են։ Այն հեռարձակվում է 2017թ․ ապրիլի 18-ից, երբ ԻԻՀ-ում ընթանում էր նախագահական ընտրությունների քաշոզարշավ, և հայտարարվում, որ այն մասնավոր ու անկախ լրատվամիջոց է։

Այսուհանդերձ, բրիտանական «Գարդիան» օրաթերթը, անդրադառնալով հեռուստատեսության ֆինանսական աղբյուրներին, նշել էր, թե «Իրան ինթերնեյշնըլ» հեռուստատեսությունն ընդգրկված է «Volant Media» հոլդինգի կազմում, որը պատկանում է սաուդացի Ադել Աբդոլքյարիմին, ում գործունեությունն ինչ-որ ձևով կապակցված է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանի հետ։ Տեղեկատվական հիշյալ արտահոսքից առաջացած քաղաքական «երկրաշարժը», թերևս, կարելի է համեմատել Կատարի առաջնորդի արտահայտած տեսակետների սենսացիոն արտահոսքի հետ, որը լուրջ ճգնաժամ առաջացրեց Պարսից Ծոցի ավազանում։ Այն սկսվեց 2017թ․ մայիսի 23-ին, երբ Կատարի պաշտոնական լրատվական գործակալության կայքից հայտնի դարձավ, որ այդ երկրի  առաջնորդ էմիր Թիմիմ բին Համեդ Ալ Սանին գովեստով է խոսել Լիբանանի «Հեզբոլահ», Պաղեստինի «Համաս» շարժումների մասին և շեշտել, թե ոչ մեկն իրավունք չունի «Մուսուլման եղբայրներին» ահաբեկչական խմբերի շարքին դասել: Նա անուղղակիորեն մեղադրել էր Սաուդյան Արաբիային որպես տարածաշրջանի համար իրական սպառնալիք և ահաբեկչական խմբերին ծնունդ տվող:

Համեդ Ալ Սանին միաժամանակ կարևորել է Իրանի դերը տարածաշրջանում ու իսլամական աշխարհում, որի հետ պետք է բանակցել: Հանգամանք, ինչը խիստ զայրացրեց Պարսից Ծոցի երկրներին, առաջին հերթին՝ Սաուդյան Արաբիային ու Եգիպտոսին: Արդյունքում նշյալ երկու երկրները, ինչպես նաև Բահրեյնն ու Արաբական Միացյալ Էմիրությունները որոշեցին մեկուսացնել Կատարին և վերջինիս հետ խզեցին բոլոր տեսակի կապերը՝ փակելով սահմաններն այդ երկրի հետ՝ Դոհային մեղադրելով ահաբեկչական կազմակերպություններին, առաջին հերթին՝ «Մուսուլման եղբայրներին» (ՄԵ), ապա «Համասին» ու Լիբանանի «Հեզբոլահին» հովանավորելու մեջ: Պաշտոնական Դոհայի հերքումը, թե տարածված տեղեկատվությունը հակերների ձեռքի գործն է, լուրջ չընդունվեց: Ավելին, արաբական ու իսլամական այլ երկրներ միացան Կատարին մեկուսացնելու գործընթացին։

Փաստորեն ճգնաժամը շարունակվեց ավելի քան 4 տարի, միայն ընթացիկ տարում, երբ ԱՄՆ-ում իշխանության է եկել դեմոկրատ Ջո Բայդենը, ում միջինարևելյան քաղաքականությունն ակնհայտորեն տարբերվում է Դոնալդ Թրամփի քաղաքականությունից, տարածաշրջանի երկրները Դոհայի հանդեպ փոխել են իրենց քաղաքականությունը, և փոխհարաբերություններն աստիճանաբար կանոնավորվում են։

Ստեղծված ճգնաժամից միայն օգտվել է պատեհ առիթներ որսացող Թուրքիան՝ Կատարում տեղակայելով ևս մեկ ռազմաբազա, բացի այդ Կատարը միլիարդավոր դոլարների ներդրումներ կատարեց այդ երկրում։ Նշենք նաև, որ թեև Զարիֆի հարցազրույցն առավել ընդգրկուն է (խոսվում է տարբեր երկրների հետ փոխհարաբերությունների, Իրանի արտաքին քաղաքականության գործոնների մասին), սակայն հազիվ թե լուրջ հետևանքներ ունենա։ Բայց և այնպես Զարիֆի՝ մեծ պայթյունի տպավորություն թողած հարցազրույցն օրեր շարունակ միջազգային ԶԼՄ-ների կարևոր թեմաներից է եղել, և ըստ ամենայնի, երկար ժամանակ մնալու է նաև վերլուծաբանների  ուշադրության կենտրոնում։

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ

Ապրիլի 26-ին ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Սաաիդ Խաթիբզադեն տեղական ու օտարերկրյա ԶԼՄ-ների հետ ամենշաբաթյա իր մամուլի ասուլիսին հայտարարել է, թե այդ հարցազրույցը տեղի է ունեցել կառավարության շրջանակներում առկա գաղտնի երկխոսության ձևաչափով, և որ կողմերի պայմանավորվածության համաձայն՝ հրապարակման ենթակա չի եղել։ Բացի այդ ներկայացվել է յոթժամյա հարցազրույցի խեղաթյուրված, հաճախ համատեքստից կտրված տարբերակ[1]։ Նա ընդգծել է, որ այն իրականում հարցազրույց չի եղել, այլ կոնկրետ նախագծով նախատեսված գաղտնի երկխոսություն։

Անդրադառնալով նախագծին՝ Խաթիբզադեն շեշտել է, որ երկրի նախագահի նպատակն այդ ձևաչափով կառավարության անդամների փորձառություններն ու տեսակետները հաջորդ կառավարությանը փոխանցելու նկատառումով փաստագրելն է։ Միաժամանակ նշել է, որ ԱԳ նախարարությունը երկխոսության ողջ գործընթացներում, այդ թվում՝ ընտրված թիմի, ձայնագրության պահպանման հարցում որևէ դեր չի ունեցել, իսկ թե ովքեր, ինչպես և ինչու են հրապարակել, նախարարությունը տեղյակ չէ՝ հավելելով, որ արտահայտած մտքերը պետք է դիտել ամբողջության մեջ, ոչ թե ընտրովի հատվածներով[2]։ Խաթիբզադեն հավելել է, որ Զարիֆը փակ դռների հետևում իր տեսակետները սովորաբար ներկայացնում է անպաճույճ ու թափանցիկ, այն, ինչը կատարվում է համակարգի բանականության շրջանակում։

Ապրիլի 27-ին ԶԼՄ-ների հետ ունեցած մամուլի ասուլիսին աղմկահարույց այդ հրապարակմանն անդրադարձել է նաև կառավարության խոսնակ Ալի Ռաբիին ու հայտնել, որ ձայնագրությունը գողացվել է, ինչը դավադրություն է իսլամական համակարգի, կառավարության ու ներքին համախմբվածության դեմ։ Դա է վկայում նաև այն, որ ձայնագրությունը տարածվել է նավթադոլարներով սնվող ու հստակ կողմնորոշում ունեցող հեռուստատեսությամբ։ Նա հավելել է, որ դեռևս բացահայտված չեն գողության բոլոր դրդապատճառները՝ բացառությամբ դավադրական կողմի, ինչը վկայում է բավականին երկար հայցազրույցից ընտրովի հատվածներ ներկայացնելու փաստը։ Ռաբիին ընդգծել է, որ նախագահ Ռոհանին տեղեկատվության (գաղտնի ծառայությունների) նախարարին հանձնարարել է հայտնաբերել դավադրության հեղինակներին։ Նա հավելել է, որ Զարիֆի երկխոսությունը Լեյլազի հետ տեղի է ունեցել «Կառավարության մյուս կողմը» նախագծի շրջանակներում, այն է՝ Ռոհանիի գլխավորած 11-րդ և 12-րդ կառավարության 8-ամյա ժամանակահատվածում, ծառայության ընթացքի, կատարած քայլերի, մարտահրավերների ու ձեռքբերումների թեմաներով, նախագահության ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավարության ներքո։

Նախարարների և փոխնախագահների հետ կառավարության 8-ամյա բանավոր պատմության շրջանակներում անց են կացվում հարցազրույցներ, որոնց ձայնագրություններն ու տեսագրությունները դասակարգվում ու արխիվացվում են։ Այնուհետև հարցազրույց տվողի համաձայնությամբ, ընտրովի ձևաչափով, մեկ օրինակ տրամադրվելու է Ազգային ուսումնասիրությունների կենտրոնի արխիվին, որից հետո կհրապարակվի և բոլորին հասանելի կլինի։

Ռաբիին շեշտել է, որ յուրաքանչյուր կառավարության ժամկետի ավարտին գործունեության ու կատարած քայլերի վերաբերյալ նրան վերջնահաշվարկ ներկայացնելն ընդունված երևույթ է[3]։ Ձայնագրության հրապարակմամբ պայմանավորված՝ ապրիլի 29-ին նախագահության Ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Հեսամըդդին Աշնան հրաժարական է տվել։ Վերլուծաբանները դա պատճառաբանում են Աշնայի աշխատանքային գործունեության անփութությամբ, ինչի հետևանքով տեղի է ունեցել ձայնագրության արտահոսքը։ Սակայն պահպանողական թևն ու դրան հարող ԶԼՄ-ները, որոնք Զարիֆին ու Ռոհանիի կառավարությանը մեղադրում են արևմտամետության մեջ, Աշնային են մեղավոր համարում հարցազրույցը հրապարակելու համար՝ նշելով, որ այն նրա ղեկավարած կառույցի տրամադրության տակ է եղել։ Ավելին, ծայրահեղ պահպանողական «Քեյհան» օրաթերթը շեշտել է, որ դա բնավ էլ գաղտնի չի եղել, այլ կառավարությունը Զարիֆի ինքնազոհաբերմամբ ցանկացել է այն հրապարակել, որպեսզի ԱՄՆ-ին ցույց տա, որ արել է հնարավորինը[4]։

Ապրիլի 28-ին հարցին անդրադարձել է նաև երկրի նախագահ Հասան Ռոհանին՝ նշելով, որ հարցազրույցի ձայնագրությունը գողանալու նպատակն Իրանի միջուկային ծրագրերի շուրջ Իրան-4+1-ի բանակցությունները տապալելն է՝ հավելելով, որ նախապես որոշված էր այն գաղտնի պահել, պետք է հրապարակվեին միայն որոշ հատվածներ։ Այժմ Տեղեկատվության նախարարությունը պետք է իր ողջ հնարավորությունները գործի դնի՝ բացահայտելու, թե ինչպես է գողացվել ձայնագրությունը։ Նա նշել է, որ այն տարածվել է, երբ արդեն Իրան-4+1-ի բանակցությունները շատ լուրջ հաջողության փուլում են, ուստի նպատակը երկրում  երկպառակություն առաջացնելն է[5]։

ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԾԱՐԾՎԱԾ ՀԱՐՑԵՐԸ

Ձայնագրությունում 61-ամյա Զարիֆը խոսում է դիվանագիտության ոլորտում իր 40-ամյա գործունեության մասին։ Նշենք, որ նա միջնակարգ կրթություն ստացել է Թեհրանում, իսկ բարձրագույն, ինչպեսև միջազգային իրավունքի ու հարաբերությունների դոկտորի աստիճան՝ ԱՄՆ-ում։ Ձայնագրությունում նա նշում է, որ 22 տարեկանում, երբ դեռ նոր էր ասպիրանտուրա ընդունվել, աշխատանքի է անցել ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունում։

Հրապարակված ձայնագրությունում, որը, ըստ պաշտոնական Թեհրանի, պարզապես ամբողջից վերցված հատվածներ է պարունակում, նա անդրադարձել է բավական զգայուն հարցերի՝ թե՛ Իրանի ներքին և թե՛ արտաքին քաղաքականության ոլորտներում, որոնք, թերևս, չեն կարող անտեսվել։ Օրինակ, նա պատմել է նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի՝ ՄԱԿ-ի վեհաժողովի շրջանակներում ԱՄՆ կատարած այցելությունների մասին՝ խիստ քննադատելով նրա վարած արտաքին քաղաքականությունը, այդ թվում նաև՝ Հոլոքոստի ժխտումը, ինչը, Զարիֆի խոսքով, Իսրայելին արտոնություն տվեց։ Ըստ ամենայնի, Ահմադինեժդն անպատասխան չի թողնելու իր հասցեին հնչեցված քննադատությունները, մանավանդ որ ցանկանում է առաջիկա ընտրություններում առաջադրվել որպես նախագահի թեկնածու, թեև հազիվ հաստատվի նրա թեկնածությունը։ 

ԻՐԱՆ-5+1 ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

Ձայնագրության մի զգալի հատված վերաբերում է Իրան-5+1-ի (ՄԱԿ-ի 5 մշտական անդամները` Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Չինաստան և Գերմանիա) (Joint Comprehensive Plan of Action, JCPOA) համաձայնության բանակցությունների ողջ ընթացքին ու հաջողությանը: Նա անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ ՄԱԿ-ում առաջին հանդիպմանը, Եվրամիության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ համագործակցությանը և այլն։ Զարիֆը խոսել է Ռուսաստանի՝ որպես տարածաշրջանային գերտերության ու հարևան երկրի, ինչպես նաև Չինաստանի հետ բարիդրացիական փոխհարաբերությունների անհրաժեշտության մասին։ Նա միաժամանակ նշել է, որ պետք է Արևմուտքի հետ ևս փոխհարաբերություններ լինեն, իսկ ԱՄՆ-ի դեպքում կարևորել է լարվածության բացակայումը՝ ընդգծելով, որ այլապես Ռուսաստանն ու Չինաստանն առանց մրցակցության կարող են Իրանից ստանալ այն, ինչ ցանկանում են[6]: Սակայն նա դժգոհություն է հայտնել բանակցություններում Մոսկվայի դիրքորոշումից՝ նշելով, որ խոչընդոտներ է առաջացրել դրանց արդյունավետ լինելու ճանապարհին ու ներկայացրել փաստեր: Նա խոսել է Շանհայի համագործակցություն կազմակերպության (ՇՀԿ) մասին և բացասաբար արտահայտվել, որ Մոսկվան ու Պեկինն արգելակում են Իրանի անդամակցությունը:

Այլ կերպ ասած՝ ձայնագրությունում, ընդհանուր առմամբ, իրերն իրենց անուններով են կոչվում: Թեև ո՛չ Չինաստանը, ո՛չ էլ Ռուսաստանը երբեք չեն բարձրաձայնել, որ դեմ են Իրանի անդամակցությանը, ինչպեսև Իրանը չի դժգոհել, սակայն դա ակնհայտ է, ինչի մասին տարբեր առիթներով նշել է նաև տողերիս հեղինակը: Զարիֆն ասել է, թե ռուսները չէին հավատում, որ JCPOA-ի բանակցությունները դրական ելք են ունենալու, ուստի վերջին շաբաթների ընթացքում, երբ հասկացան, որ համաձայնության հասնելը հնարավոր է, սկսեցին նոր առաջարկներ ներկայացնել, ապա շեշտել, որ Մոսկվան ջանք չի խնայել համաձայնությունը ձախողելու ուղղությամբ[7]։ Նա դժգոհություն է հայտնել  նաև Լավրովի հետ հանդիպումից՝ շեշտելով, թե ռուսական կողմը պահանջում է, որ Բուշեհրի ԱԷԿ-ի միջուկային վառելիքի ապահովումը պետք է ընդմիշտ ռուսական կողմի մենաշնորհը լինի, ինչը Թեհրանի համար անընդունելի է:

Որպես ոչ բարեկամական երկրի վարքագծի օրինակ՝ նա խոսել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ռուսաստանի կողմից Իրանի դեմ քվեարկության մասին։ Ուստի Իրանի նախագահը ձայնագրության հրապարակումը գնահատել է որպես հարված JCPOA-ի վերականգնման շուրջ բանակցություններին՝ հաշվի առնելով երկրի ներսում հնարավոր պառակտումը, դրանց դեմ պահպանողականների առավել կոշտ դիրքորոշումը։ Սակայն, կարելի է ենթադրել, որ Զարիֆի խոսքերը կարող էին զայրացնել Ռուսաստանին, որի քայլերը, բնականաբար, բխել են իր շահերից, որոնք իրականում ամբողջապես համընթաց չեն JCPOA-ի վերականգնմանը։

Ձայնագրության մեկ այլ հատվածում Զարիֆը նշել է, որ համաձայնության ստորագրմանն ի պատասխան՝ Մոսկվան ձգտել է արժեզրկել Թեհրանի դիվանագիտությունը։ Այս առնչությամբ նա ասել է, թե Ռուսաստանն Իրանի հետ փոխհարաբերությունները գերադասել է այլ խողովակներով իրականացնել՝ երկրորդ պլան մղելով ԱԳ նախարարությանը։

ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՈՒ «ՌԱԶՄԱԴԱՇՏ» ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ձայնագրության առավել ուշագրավ և ծավալուն հատվածը վերաբերում է Իսլամական հեղափոխության պահապան գվարդիայի (ԻՀՊԳ) արտերկրյա գործունեության «Ղոդս» (Երուսաղեմ) ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հետ հարաբերություններին։ Վերջինս Իրանում համարվում է ազգային հերոս, ով 2020թ․ հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի մատույցներում զոհվել է՝ Իրաքում ԱՄՆ զորքերի «Կապույտ ամպրոպ» գործողությունների թիրախ դառնալով։ Նա ոչ միայն հմուտ զինվորական էր, այլև, ինչպես խոստովանում են արևմուտքում, հզոր ռազմավար, ով ընդգրկված էր ԱՄՆ ահաբեկիչների ցուցակում։ Ինչպես հայտնի է, ԻՀՊԳ-ն Իրանում ռազմատնտեսական ու քաղաքական հզոր կառույց է, որին հաճախ գնահատում են որպես խորքային իշխանություն։

Զարիֆը ձայնագրությունում ակնածանքով ու հարգանքով է խոսել Սոլեյմանիի մասին, որպես արտաքին հարաբերություններում զինվորական թևի ներկայացուցիչ, խիստ կարևորել նրա դերն Իրաքում ու Սիրիայում դաիշականների դեմ պայքարում, ինչպեսև Եմենում խաղաղություն հաստատելու հարցում։ Միաժամանակ շեշտել է, որ ինքը դիվանագիտական ոլորտի պատասխանատու էր, իսկ Սոլեյմանին՝ զինվորական (ռազմադաշտ), և հավելել, որ թեև ոչ միայն պարտավոր էին, այլև զգում էին իրենց գործունեությունները համաձայնեցնելու անհրաժեշտությունն ու այդպես էլ վարվում էին, սակայն իրենց տեսակետները միշտ չէ, որ համընկել են, ինչը նա բնական է համարել։ Այնուամենայնիվ, նա նշել է, որ զիջողի դերում միշտ էլ դիվանագիտությունն է եղել՝ հաճախ ընդառաջ գնալով «ռազմադաշտի» խորհուրդներին։ Զարիֆն անուղղակիորեն դժգոհել է ԱԳ նախարարությանը չկարևորելուց, նշել, որ երբեմն անտեսվել է ուղղակիորեն այդ գերատեսչության գործառույթներին վերաբերող հարցերում, իսկ որպես օրինակ նշել է Սոլեյմանիի հրավերով 2019թ․ մայիսին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ Իրան կատարած այցը, ինչից ինքն անտեղյակ է եղել։ Հայտնի է, որ նա հենց այդ պատճառով հրաժարական ներկայացրեց, սակայն Ռոհանին չընդունեց։ Զարիֆը նշում է, թե ԱԳ նախարարությունն այն աստիճան է անտեսվել, որ Սիրիայում իրանական ուժերի դեմ Իսրայելի 200 հարձակման մասին լսել է Ջոն Քերիից։

Զարիֆը, ինչպես նաև հարցազրուցավար Լեյլազը, խիստ կարևորելով Իրան-5+1-ի համաձայնությունը, նշել են, որ այն փաստորեն փրկություն էր վերահաս պատերազմից։ Ապա Զարիֆն անդրադարձել է JCPOA-ի դեմ ներքին ու արտաքին ուժերին և դրանց կատարած քայլերին 2015թ․ հուլիսի 14-ից հետո, երբ Համաձայնությունը ստորագրվեց, մինչև 2016թ․ հունվարի 16-ը, երբ այն կյանքի կոչվեց։ Նա այս համատեքստում խիստ կարևորել և մատնանշել է 2015թ․ հոկտեմբերին Ռուսաստանի «կամքով» Ղոդսի հրամանատար, գեներալ Սոլեյմանիի այցը Մոսկվա և նրա բանակցությունները նախագահ Պուտինի հետ։ Զարիֆը շեշտել է, որ այցը տեղի է ունեցել՝ լիովին անտեսելով ԱԳ նախարարությանը, ինչը հակասում է այդ երկրի շահերին։ Նա Ռուսաստանի այդ քայլը գնահատել է ԱԳ նախարարության հեղինակազրկում և Իրան-5+1-ի բանակցություններում արձանագրված հաջողության արժեզրկում[8]։ Իր տեսակետները նա հիմնավորում է նրանով, որ Սոլեյմանին դեռևս 2014թ․ էր ցանկություն հայտնել Սիրիայի հարցի շուրջ բանակցելու նպատակով Մոսկվա այցելել, սակայն վերջինս նրան հրավիրեց JCPOA-ի ստորագրումից հետո միայն։ Զարիֆը վերջին հարվածը համարել է Համաձայնության ներքին հակառակորդների կողմից 2016թ․ հունվարի 2-ին Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանության գրավումը, ինչը ոչ միայն սխալ, այլ դավաճանական քայլ է գնահատել, երբ կարելի էր տարածաշրջանային հարցերը լուծել բանակցություններով։

Զարիֆը նաև դժգոհել է, իր խոսքերով, երկրում իշխող այն մտածելակերպից, որտեղ խիստ կարևորվում են ռազմական հզորությունը, ինչը նա համարում է սառըպատերազմյան մտածելակերպ, որտեղ անտեսվում են միջազգային հարաբերությունների հզորության հարցում դերակատար այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ դիվանագիտությունը, տնտեսական հզորությունը և ազգային միասնությունը։ Նա բազմիցս մեծարել է, նշել, թե որքան է հարգել ազնվագույն ու հզոր գեներալ Սոլեյմանիին, և պարզապես ճիշտ չի համարում տարածված այն մտածելակերպը, որտեղ գլխավոր դերը հասարակական-քաղաքական ոլորտներում տրված է «ռազմադաշտին»։ Զարիֆը խոսել է նաև Եմենի հարցի շուրջ Սաուդյան Արաբիայի ու ԱՄՆ պետքարտուղարի հետ բանակցությունների մասին, որոնք նա համաձայնեցրել է գեներալ Սոլեյմանիի հետ՝ անդրադառնալով նաև Էր Ռիյադի կողմից Իրան-5+1-ի բանակցությունները խոչընդոտելու նպատակով կատարած քայլերին։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԱԼԵԿՈԾՈՒՄ

Զարիֆի՝ շուրջ երեքժամյա հարցազրույցում առավել աղմկահարույց են հիշատակված հարցերը, որոնք տարածվեցին հենց «ճիշտ պահին»՝ հաշվի առնելով որոշ զարգացումներ ու իրադարձություններ, ինչպես նաև երկրում տիրող նախագահական ընտրությունների մթնոլորտը։ Այլ կերպ ասած՝ ձայնագրության հրապարակումն Իրանի իսլամական համակարգում առկա քաղաքական հոսանքների՝ պահպանողականների ու բարենորոգիչների միջև առկա տարաձայնությունները դարձրել են առավել ցայտուն։ Պահպանողական կողմնորոշմամբ, երկրի ռազմաքաղաքական ու տնտեսական, թերևս, հզորագույն կառույցի՝ ԻՀՊԳ-ի ու պահպանողական ուժերի, որոնք գերիշխող դիրք ունեն օրենսդիր ու դատական իշխանություններում, արձագանքները եղան կոշտ, անհանդուրժողական՝ թե՛ ԶԼՄ-ների և՛ թե քաղաքական գործիչների մակարդակով։

«Քեյհան» օրաթերթում երկրի ռազմաքաղաքական ու կրոնական առաջին դեմք, հեղափոխության առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի ներկայացուցիչ և միաժամանակ պատասխանատու քարտուղար Հոսեյն Շարիաթմադարին «ԱՄՆ կառավարությանը հրաժեշտ ու ներողության հայցում» վերնագրով բավական ծավալուն խմբագրականում, որը վերահրապարակվել է բազում այլ ԶԼՄ-ներում, անարգանքի սյունին է գամել Զարիֆին։ Նա վերջինիս դաիշականների ու այդօրինակ ահաբեկիչների հետ սեղանակից ու Սոլեյմանիի սպանողներին համերաշխ է համարել։

Շարիաթմադարին, դիմելով Զարիֆին, նշել է, թե ահաբեկչության դեմ պայքարի ամենավառ խորհրդանիշ, մարտիրոսացած զորավար Սոլեյմանիի հասցեին ոչ վայելուչ արտահայտություններ անել նշանակում է հազարավոր անմեղ մանուկների, կանանց ու տղամարդկանց ոչնչացնող ահաբեկչական խմբերի հետ սեղանակից լինել և համերաշխություն հայտնել մարդասպաններ Թրամփին, Պոմպեոյին, Նաթանյահուին, Բին Սալմանին և այլոց։ Նա շեշտել է նաև՝ միամիտ չլինե՛ք, ի սկզբանե ձայնագրությունը պատրաստվել է հրապարակման համար, որի գլխավոր դերակատարը կառավարությունն է, իսկ Զարիֆն ինքնազոհողությամբ ստանձնել է ներկայացուցչի դերը։ Ապա նա հավելել է, որ այն ոչ թե իրանցիներին է ուղղված, այլ ուղերձ է ԱՄՆ կառավարությանը, որտեղ նշվում է, թե իրենք ինչ-որ կարող էին, արել են, որպեսզի իսլամական Իրանին նրա թակարդը գցեն, բայց չի հաջողվել, և ներողություն են հայցում ու հրաժեշտ տալիս[9]։ Սա այն դեպքում, երբ ձայնագրության մեջ բացարձակապես Սոլեյմանիի հասցեին դրվատանքից զատ այլ  այլ բան չի ասվել, եթե նույնակարծիք չլինելը չհամարվի անարգանք։

Քննադատող ու դատապարտող հարյուրավոր վերլուծականներ և թղթակցություններ են հրապարակվել՝ հեղինակազրկելով երկրի ԱԳ նախարարին, ալեկոծելով ողջ քաղաքական դաշտը։ Tansimnews գործակալությունը, քննադատելով կառավարության «Բանավոր պատմություն» նախաձեռնությունն ու Զարիֆին, գլխավոր մեղադրյալ է համարել Նախագահության ռազմավարության հետազոտությունների կենտրոնի արդեն նախկին տնօրենին ու նախագահի նախկին խորհրդականին, ով այդ նախագծի համար բյուջեից գումար է ստացել, բայց արխիվի համար պատրաստված նյութը չի կարողացել պատշաճորեն պահպանել, իսկ եթե դիտավորություն կա, առավել ևս ձայնագրությունը գնահատել է «անվտանգության դավաճանություն»[10]։

Օրենսդիրի կողմից էլ կոշտ քննադատություններ ու մեղադրանքներ են հնչել։ Խորհրդարանի խոսնակ Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆը, Սոլեյմանիին մեծարելով, գովերգելով,  իրեն  համարելով նրա ժառանգորդը,  նշել է, թե հիմա, երբ արդեն նա չկա, թույլ  չի տալու, որ մարդիկ պատեհապաշտությամբ զբաղվեն, իրենց քաղաքական նպատակների համար նրա հանդեպ վարվեն հանիրավի, նրա պատմական դերը նսեմացնեն ու  ներկայացնեն հակառակ կողմից[11]։

Անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Զահրա Ալահյանը նշել է՝ հնարավոր է, որ Զարիֆը դատարանի առաջ կանգնի, նա չգիտի, որ դիվանագիտությունը պետք է ծառայի երկրի շահերին ու անվտանգությանը։

Պատգամավոր Մոհամեդ Թաղի Նաղդալին էլ նշել է, թե Զարիֆը հատել է կարմիր գծերը, վիրավորել զորավար Սոլեյմանիին, ուստի խորհրդարանը կկատարի այս առիթով օրենքով նախատեսված իր պարտականությունները[12]։

ԱԳ նախարարի հասցեին այդօրինակ և ավելի խիստ գնահատականներ ու որակումներ են հնչեցրել օրենսդիրի այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև ԻՀՊԳ-ի որոշ հրամանատարներ, այդ թվում՝ Էսմաիլ Քոսարին։ Բացի այդ Զարիֆը հրավիրվել է խորհրդարանի անվտանգության ու արտաքին հարցերի հանձնաժողով։ Եղել են հրապարակումներ նաև ի պաշտպանություն Զարիֆի, բայց դրանք պահպանողականների ցունամիի հետ համեմատելի չեն։

Իրանի պաշտոնական Irna գործակալությունն ապիլի 27-ին «Զարիֆին «փչացնելու» ցունամիից հետո անհրաժեշտ է խորհել»» ծավալուն հոդվածում շեշտել է, թե 7 ժամանոց երկխոսության, հատվածային, խեղաթյուրված ձայնագրության հրապարակումը, որտեղ ձգտել էին ցուցադրել զորավար Սոլեյմանիի և Զարիֆի միջև «խորը տարաձայնությունները»,  հիրավի դարձավ երկնային ճոխ սեղան վերջինիս քննադատողների համար։

Սոցցանցերում ընդդեմ Զարիֆի հեշթեգների հեղեղ առաջացավ, որոշ ԶԼՄ-ներ աննախադեպ խանդավառություն դրսևորեցին նրա մասնավոր զրույցի հրապարակման հարցում, ինչը նման է Իսրայելի Նաթանզից փաստաթղթեր գողանալուն, իսկ այս դեպքում հասավ մինչև ԱԳ նախարարի հարցապնդմանը[13]։

Հոդվածագիրը սթափության կոչ է անում, խորհուրդ տալիս՝ Զարիֆի դեմ ցունամիից հետո վերլուծություններ անելիս երեքժամյա երկխոսությունն ամբողջությամբ լսեն ու կտեսնեն, որ Սոլեյմանիի մասին միայն դրվատանքով ու գովեստով է խոսվել։ Սա ճշմարիտ է, տողերիս հեղինակն այն ամբողջությամբ լսել է երկու անգամ և բացարձակապես վիրավորական որևէ բան չի նկատել, պարզապես խոսվում է երկրում իշխող մտածողության մասին։ Հոդվածում շեշտվում է, որ տարակարծությունը երկրի կառավարման հարցում ամենասովորական երևույթն է ողջ աշխարհում, բնական են նաև զինվորականների ու դիվանագետների միջև տարաձայնությունները։ Հոդվածագիրն այնուհետև շեշտում է, որ պետք չէ սահմանափակումների վերացումը զոհաբերել խեղաթյուրված մի ձայնագրության, ինչպես ասում է հայտնի առածը՝ «Ղեյսարիեի շուկան վառել հանուն մի թաշկինակի»։ Հոդվածը եզրափակելով՝ հեղինակը նշել է՝ արժե՞ արդյոք հանուն մի քանի ավել քվեի այժմ, երբ Իրան-5+1-ի համաձայնության հակառակորդները ջանք ու եռանդ չեն խնայում դրա վերականգնումն արգելակելու ուղղությամբ, թիկունքից հարվածենք Իրանի պատվիրակությանը։

ԶԱՐԻՖԻ ՈՒ ԼԵՅԼԱԶԻ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ապրիլի 28-ին Իրանի ԱԳ նախարար Զարիֆն instagram-ի իր էջում գրառմամբ  արձագանքել է ձայնագրության հրապարակմանը, ափսոսանք հայտնել թյուրըմբռնման ու այն շահարկումների առարկա դարձնելու համար։ Նա շեշտել է, թե իր՝ դիվանագիտության ու «ռազմադաշտի» մասին ասածները տեսական դիսկուրսի շրջանակներում են ԻԻՀ-ի արտաքին հզորության երկու թևերի վերաբերյալ։ Սակայն դա դարձել է պատրվակ, որպեսզի այն իջեցնեն հպարտ զինվորականների ու համարձակ դիվանագետների երկատման մակարդակի։ Նա նշել է նաև, որ Սոլեյմանիի ու իր 20-ամյա բարեկամական կապերը եղել են սրտագին ու ջերմ, ապա տարակուսանք է հայտնել, թե ինչպես է գաղտնի ձայնագրությունը հասել «աշխարհի մյուս ծայրը»։ Նա նաև ափսոսանք է հայտնել, որ դիվանագիտության ու «ռազմադաշտի» համադրության անհրաժեշտության վերաբերյալ տեսական, գաղտնի դիսկուրսը, ինչի նպատակն օգտակար փորձառությունների փոխանցումն է հաջորդ իշխանություններին, վերածվել է ներքին վեճի ու «քաշքշուկի», իսկ որոշ երևույթների սրտացավ ու ազնիվ շեղումը ներկայացվել է որպես անձի քննադատություն[14]։

Հարցազրույցի հեղինակ, վերլուծաբան Լեյլազը ևս, instagram-ի ուղիղ եթերում  անդրադառնալով ձայնագրության հրապարակմանը, շեշտել է, որ ցանկանում է տեսնել, թե արդյոք Տեղեկատվության նախարարությունն ի զորու է հայտնաբերել տեսագրությունը գողացող մարդուն, հնչեցնել անունը, թե Նաթանզի դեպքի օրինակով սպասելու է մինչև այն պայթի, հետո անունը հայտարարի։ Նա, հենվելով նշյալ գերատեսչության վրա, հավելել է, թե այն ընդունակ է միայն լսելու Լեյլազի հեռախոսային խոսակցությունները, ապա շեշտել, որ ձայնագրությունը հրապարակողը պետք է պատժվի[15]։

ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ՓՈԽԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇՈՇԱՓԵԼԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԿՐԵԼ

Զարիֆը, հրապարակված ձայնագրությունում, ինչպես նշվեց, անդրադարձել է Իրան-5+1-ի  անդամ երկրների դիրքորոշումներին ու կատարած քայլերին, մասնավորապես Ռուսաստանին, ինչպես նաև այդ երկրի հետ համագործակցություններին  տարածաշրջանային հարցերում, որոնք, թերևս, քննադատական լույսի ներքո են ներկայացված։ Ուստի ենթադրվում էր, որ Մոսկվայի հակազդեցությունը համապատասխան է լինելու։ Սակայն Մոսկվայից հնչել է հավասարակշիռ և բավականին զուսպ արձագանք, որտեղ կարևորվել են Մոսկվա-Թեհրան պատմական փոխհարաբերությունները, ընդգծվել, որ ոմանք ձգտում են հարվածի տակ դնել դրանք։

Ապրիլի 29-ին Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան, անդրադառնալով Զարիֆի ձայնագրության արտահոսքին, շեշտել է, թե Ռուսաստանի համար չափանիշն Իրանի պաշտոնական դիրքորոշումն է, որի շրջանակներում Թեհրանը, բազմիցս բարձր գնահատելով Մոսկվայի գործելակերպը, JCPOA-ի առնչությամբ գոհունակություն է հայտնել։ Զախարովան ևս ձայնագրության տարածման համար ընտրված ժամանակը գնահատել է բանակցություններին հարվածող քայլ՝ հավելելով, որ Մոսկվան գիտի, թե դա ում ձեռքի գործն է։ Նա շեշտել է, որ Ռուսաստանի շահերը կամ գործընկերներին շահարկումների առարկա չի դարձնում, բայց և այնպես քննադատություն է հնչեցնում Զարիֆի հասցեին՝ նշելով, որ Մոսկվան իր գործընկերներին դատում է նրանց գործերով և ոչ թե չկշռադատված ու անընդունելի խոսքերով[16]։ Հավելենք, որ Զարիֆը ձայնագրությունում նշել է, որ Ռուսաստանն Իրանի հետ փոխհարաբերությունները գերադասում է այլ խողովակներով իրականացնել՝ երկրորդ պլան մղելով ԱԳ նախարարությանը։ Ռուսաստանի նման հակազդեցությունը մեծավ մասամբ պայմանավորված է այդ երկրի ԱԳ նախարարության պարզաբանումներով։

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը, դեռևս ապրիլի 26-ին անդրադառնալով Ռուսաստանի առնչությամբ հարցազրույցում արծարծված տեսակետներին, նշել էր, թե դրանք լոկ փորձագիտական տեսակետներ են, իսկ պաշտոնական տեսակետները ձևավորվում են այդօրինակ տարբեր, երբեմն նաև միմյանց հակասող տեսակետների, խոսույթների համագումարի արդյունքում, որը հայտարարվում է ԱԳ նախարարության ու այդ երկրի նախագահի կողմից։ Նա ընդգծել է նաև, որ Զարիֆը ռուս-իրանական փոխհարաբերությունների ընդլայնման ճարտարապետներից է, ապա հավելել, թե նա բազմիցս այցելել է Ռուսաստան, երկու երկրների փոխառնչությունները զգալիորեն ընդլայնվել են, և այդ միտումը շարունակվել է՝ ի հեճուկս որոշ ԶԼՄ-ների խանդավառության, ինչը որևէ ազդեցություն չի ունենալու երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման վրա[17]։

Հրապարակված ձայնագրությունում Զարիֆը, խոսելով JCPOA-ի մասին և դժգոհելով դիվանագիտությունը երկրորդ պլան մղելու առնչությամբ, անդրադարձել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիին, ով այժմ Ջո Բայդենի գլխավորած կառավարությունում՝  Ազգային անվտանության խորհրդում, կլիմայի փոփոխության հարցերով պատասխանատուն է։ ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական սենատորների ու ներկայացուցիչների պալատի որոշ անդամների խիստ զայրացրել է այն, որ Սիրիայում Իրանի ուժերի դիրքերի վրա Իսրայելի կողմից 200 անգամ կրակ բացելու մասին  Զարիֆին հայտնել է Քերին, ուստի պահանջում են նրա անհապաղ հրաժարականը։ Սա այն դեպքում, երբ Քերին իր թվիթերյան էջում հերքել է Զարիֆի խոսքերը, շեշտել, որ երբեք նրա հետ Իսրայելի գաղտնի գործողությունների մասին չի խոսել[18]։ Իսկ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն այդ առնչությամբ շեշտել է, որ ընդհանրապես արտահոսքի տեղեկությունների հավաստիությունը կասկածելի է և հավելել, որ եթե այն ժամանակվա մամուլի ասուլիսներին հայացք նետենք, կտեսնենք, որ այդ տեղեկությունները բնավ էլ գաղտնի չեն եղել։ 

Հավելենք, որ ինչպես նշում են արևմտյան ԶԼՄ-ները, Իսրայելը երբեք ջանք չի գործադրել հերքելու Սիրիայում իրեն վերագրվող հարձակումները։ Ավելին, նշվում է, որ իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաները 2018թ․ սեպտեմբերի 13-ին հայտարարել են, թե շուրջ մեկուկես տարվա ընթացքում այդ երկրի բանակն ավելի քան 200 հարձակում է իրականացրել Սիրիայում իրանական օբյեկտների ու դիրքերի դեմ[19]։  Այլ խոսքով՝ հաշվի առնելով պաշտոնական Վաշինգտոնի հայտարարությունները՝ ձայնագրությունը որևէ լուրջ ազդեցություն չի ունեցել այդ երկրի իրանյան քաղաքականության վրա, և որ JCPOA-ի վերականգնման առնչությամբ ջանքերը շարունակվում են։

Ինչպես հայտնի է, Սաուդյան Արաբիան ի սկզբանե դեմ է եղել և այսօր էլ չի փոխել իր դիրքորոշումը JCPOA-ի վերաբերյալ։ Հրապարակված ձայնագրությունում ևս Զարիֆը խոսել է այդ երկրի կողմից դժվարություններ հարուցելու ջանքերի մասին։ Նա խոսել է նաև Եմենի հարցում Էր Ռիյադի ոչ կառուցողական դիրքորոշման ու հրադադարի առնչությամբ պայմանավորվածությունը խախտելու մասին։ Հետևաբար կարելի էր ենթադրել, որ ձայնագրությունը կարող էր բացասաբար անդրադառնալ Իրաքի միջնորդությամբ երկու երկրների փոխհարաբերությունների բարելավման շուրջ գաղտնի բանակցությունների վրա։ Դրանք տեղի են ունեցել ապրիլի 9-ին Բաղդադում։ Վերջինս հաստատել է դա, սակայն Էր Ռիյադը պաշտոնապես հերքել է։

Իրան-Սաուդյան Արաբիա փոխհարաբերություններն ընդհատվել են 2016թ․ հունվարից, երբ Սաուդյան Արաբիայում հայտնի շիա հոգևորական Նամիր ալ Նամիրին մահապատժի ենթարկելու առնչությամբ Թեհրանում ցուցարարները գրավեցին այդ երկրի դեսպանությունը, ինչը Զարիֆը ձայնագրությունում ոչ միայն սխալ, այլև դավաճանական է գնահատել։ Ստեղծված իրավիճակում Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանը, ով երկրի դե ֆակտո ղեկավարն է, հայտնի է նաև խիստ հակաիրանական հայացքներով, ապրիլի 27-ին հեռուստազրույցի ժամանակ, ինչպես գնահատում են փորձագետները, ակնհայտ «խաղաղասիրական» երանգով ընդգծել է, թե Էր Ռիյադը ցանկանում է Իրանի հետ ունենալ «լավ ու հատուկ» փոխհարաբերություններ։ Նա չի պատասխանել գաղտնի բանակցությունների վերաբերյալ հեռուստալրագրողի հարցին, բայց նշել է, որ տարածաշրջանի ու միջազգային գործընկերների հետ ջանքեր են գործադրում Իրանի «բացասական վերաբերմունքների» հարցը լուծելու ուղղությամբ։ Սալմանը հավելել է նաև, թե Էր Ռիյադը չի ցանկանում, որ Իրանի վիճակն ավելի վատթարանա, այլ ընդհակառակը՝ ցանկանում է, որ Իրանը բարգավաճի և  տարածաշրջանին ու աշխարհին բարօրություն բերի[20]։ Էր Ռիադի խոսույթի նման փոփոխությունը, թերևս, պայմանավորված է Եմենի հարցի կարգավորմամբ, որտեղ երկրները միջնորդավորված պատերազմի մեջ են, և Իրանի ազդեցությունը հուսիների վրա անժխտելի փաստ է։ Չի կարելի բացառել նաև,  որ հրապարակված ձայնագրությունը ոչ թե բացասական, այլ ինչ-որ չափով դրական ազդեցություն է ունեցել՝ հաշվի առնելով դեսպանության սխալ համարելը։ 

***

Նախագահության ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հովանու ներքո իրականացվող նախագծի շրջանակներում, գաղտնի դասակարգմամբ, Իրանի ԱԳ նախարարի յոթժամյա ձայնագրությունից հրապարակվել է երեքժամյա հատված, որը վերաբերում է Իրանի ԱԳ նախարարության օրակարգային ու, թերևս, հրատապ հարցերին։ Ինչպես օրինակ, JCPOA-ի վերականգնման շուրջ բանակցություններն են, որոնք զգալի տեղ են գրավել ձայնագրությունում և խիստ կարևոր են Թեհրանի համար՝ ընդհանրապես, իսկ շուտափույթ լուծումը՝ բարենորոգչա-չափավորական թևի՝ մասնավորապես, քանի որ հարցի լուծումը նշանակալի դեր կունենա վերջիներիս համար նախագահական ընտրություններին։ Ահա թե ինչու է նախագահ Ռոհանիին մտահոգել առաջին հերթին հենց այդ հարցը, ինչը կապել է ներքին հնարավոր պառակտման հետ։

Իրականում էլ, կարելի է նշել, որ ձայնագրության հրապարակումը խիստ սրել է  համակարգում առկա քաղաքական ուժերի՝ պահպանողական ու բարենորոգչա-չափավորական թևերի միջև տարաձայնությունները, Սոլեյմանիի հետ Զարիֆի համակարծիք չլինելը, երկրում արդեն իշխող դարձած ընտրական մթնոլորտում պահպանողականների համար դարձել է մրցակցի դեմ հարվածային զենք։

Բացի այդ այս առումով նշանակալից են նաև Ռուսաստանի ու Չինաստանի հետ փոխհարաբերությունների վերաբերյալ Զարիֆի տեսակետները, որտեղ առկա են քննադատություններ։ Մինչդեռ պահպանողականները խիստ կարևորում են այդ երկրների հետ ռազմավարական մակարդակի փոխառնչությունները, նախագահ Ռոհանիի կառավարությանը և մասնավորապես Զարիֆին մեղադրում արևմտամետության համար, ահավասիկ խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆը, ով խիստ շահագրգիռ է Մոսկվայի հետ փոխհարաբերությունների սերտացմամբ։ Ավելին, նա ընթացիկ տարվա փետրվարի սկզբներին Մոսկվա կատարած այցից հետո հայտարարել էր, թե առաջիկա երկու շաբաթվա ընթացքում սկսվելու են Իրանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, սակայն հետո լռություն տիրեց։

Ինչպես նշվել է վերևում, Ղալիբաֆը, որոշ հանգամանքներով պայմանավորված, այդ թվում նախագահի՝ նրա թեկնածության հավանականությամբ, խստագույնս քննադատություններ է հնչեցրել խնդրո առարկայի վերաբերյալ։ Ավելին, նա, ակնարկելով Զարիֆին ու համախոհերին, շեշտել է, թե վերջին իրադարձությունները պատճառ կդառնան, որ արևմտամետները վերջնականապես խայտառակվեն ու արմատախիլ լինեն երկրից[21]։ 

Չինաստանի դեպքում էլ բարենորոգիչները մեղադրվել են 25-ամյա համաձայնության հարցում պասիվություն դրսևորելու համար, դարձել պահպանողականների սուր քննադատությունների  թիրախ։ Այլ կերպ ասած՝ թեև Մոսկվայի հակազդեցությունը ձայնագրության հրապարակմանը հավասարակշիռ է, իսկ Չինաստանը, թերևս, լռել է, սակայն բացառված չէ, որ վերջիններս շահագրգիռ լինեն JCPOA-ի վերականգնման ձգձգմամբ մինչև Իրանի նախագահական ընտրությունների ավարտը։

Ահավասիկ, Ռուսաստանը բանակցությունների վերջին փուլից հետո, ի տարբերություն Իրանի լավատեսության, հայտնել է, թե լուրջ դժվարություններ կան և ձեռքբերումները շոշափելի չեն։ Մինչդեռ, թեև Թրամփի կողմնակիցներն ու հանրապետական սենատորները խիստ բացասաբար են ընկալել  հրապարակման մեջ Ջոն Քերիի մասին տեղեկությունը, սակայն պաշտոնական Վաշինգտոնը գերադասել է տեղեկության արտահոսքին լուրջ չվերաբերվել։ Քերիին վերագրվող մեղադրանքի առնչությամբ էլ ընդգծել  է, որ այդ մասին տեղեկությունները բնավ էլ գաղտնի չեն եղել։

Այլ խոսքով՝ «Իրան ինտերնեշնըլի» հրապարակումը, կարելի է ասել, որ գլխավորապես լուրջ ազդեցություն է ունեցել Իրանի ներքաղաքական զարգացումների վրա, խորացրել քաղաքական ուժերի միջև տարաձայնությունները, և գուցե դրանք նախագահական ընտրությունների վրա կունենան որոշիչ ազդեցություն։ Թեև Զարիֆը տարբեր առիթներով ձայնագրության մեջ նշում է, թե չի ցանկանում որպես նախագահի թեկնածու մասնակցել ընտրություններին, բայց և այնպես նա դիտվում է որպես չափավորա-բարենորոգչական թևի հնարավոր թեկնածուներից մեկը։ Այժմ ոմանք դա ոչ արդիական թեմա են համարում՝ տեղի ունեցածը գնահատելով նրա քաղաքական կարիերայի ավարտ, իսկ ոմանք էլ, ընդհակառակը, նշում են, որ ստեղծված իրավիճակը կնպաստի ընտրություններին նրա հաջողությանը։

Սակայն մայիսի 2-ին, թերևս, վերջնականապես դրվեց Զարիֆի քաղաքական կարիերայի վերջակետը։ Հեղափոխության առաջնորդը, խոսելով տեղի ունեցածի մասին և խիստ քննադատելով նրան, հայտնել է, որ «շատ մեծ սխալ» է գործել։ Թեև Զարիֆը խոնարհաբար ներողություն է հայցել առաջնորդին նեղացնելու առնչությամբ, սակայն հաշվի առնելով որոշ հանգամանքներ՝ դա չի հանգեցրել հրաժարականի։ Իրերն իրենց անուններով կոչելով՝ Շարիաթմադարիի խոսքով՝ ինքնազոհողության է գնացել և 61 տարեկանում քաղաքականապես անցել թոշակի, ինչը ենթադրելի էր հենց Շարիաթմադարիի խմբագրականից։

Էմմա Բեգիջանյան

Իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)


[1] Զարիֆի արտահայտած տեսակետները փաստերի արձանագրության նպատակ են ունեցել, https://www.isna.ir/news/1400020603681/%DA%AF%D9%81%D8%AA-%D9%88%DA%AF%D9%88%DB%8C-%D8%B8%D8%B1%DB%8C%D9%81-%D8%A8%D8%B1%D8%A7%DB%8C-%D8%AB%D8%A8%D8%AA-%D8%AF%D8%B1-%D8%A7%D8%B3%D9%86%D8%A7%D8%AF-%D8%A8%D9%88%D8%AF-%D8%A7%D9%82%D8%AF%D8%A7%D9%85%D8%A7%D8%AA-%D8%B5%D9%87%DB%8C%D9%88%D9%86%DB%8C%D8%B3%D8%AA-%D9%87%D8%A7-%D8%A8%DB%8C-%D9%BE%D8%A7%D8%B3%D8%AE

[2] Նույն տեղում։

[3] Զարիֆի ձայնագրությունը գողացվել է․ Ռոհանիի կարգադրությունը Տեղեկատվության նախարարին հարցն ուսումնասիրելու մասին, https://mashreghnews.ir/news/1209393/%D9%81%D8%A7%DB%8C%D9%84-%D8%B5%D9%88%D8%AA%DB%8C-%D8%B8%D8%B1%DB%8C%D9%81-%D8%A8%D9%87-%D8%B3%D8%B1%D9%82%D8%AA-%D8%B1%D9%81%D8%AA-%D8%AF%D8%B3%D8%AA%D9%88%D8%B1-%D8%B1%D9%88%D8%AD%D8%A7%D9%86%DB%8C-%D8%A8%D9%87-%D9%88%D8%B2%DB%8C%D8%B1-%D8%A7%D8%B7%D9%84%D8%A7%D8%B9%D8%A7%D8%AA-%D8%A8%D8%B1%D8%A7%DB%8C

[4] «Քեյհան» օրաթերթ, ԱՄՆ կառավարությանը հրաժեշտ ու ներողության հայցում, 28 ապրիլի, 2021թ․։

[5] Ռոհանի․ Ձայնագրության հրապարակման նպատակը միջուկային ծրագրերի շուրջ բանակցությունների «հաջողությունը» հարվածի տակ դնելն է, https://www.radiofarda.com/a/iran-rohani-says-zarif-audio-file-published-to-harm-nuclear-talks/31226767.html

[6] Զարիֆի՝ հրապարակված հարցազրույցն ամբողջությամբ, https://www.youtube.com/watch?v=Q-J8QuYE5vI

[7] Նույն տեղում։

[8] Զարիֆի՝ հրապարակված հարցազրույցն ամբողջությամբ, https://www.youtube.com/watch?v=Q-J8QuYE5vI

[9] ԱՄՆ կառավարությանը հրաժեշտ ու ներողության հայցում, https://www.farsnews.ir/news/14000207001024/%D9%BE%D9%88%D8%B2%D8%B4-%D9%87%D9%85%D8%B1%D8%A7%D9%87-%D8%A8%D8%A7-%D8%AE%D8%AF%D8%A7%E2%80%8C%D8%AD%D8%A7%D9%81%D8%B8%DB%8C-%D8%AF%D9%88%D9%84%D8%AA-%D8%A7%D8%B2-%D8%A2%D9%85%D8%B1%DB%8C%DA%A9%D8%A7

[10] Զարիֆի ձայնագրության արտահոսքի համար գլխավոր մեղադրյալը Հեսամըդդին Աշնան է, https://www.tasnimnews.com/fa/news/1400/02/07/2492649/%D8%AD%D8%B3%D8%A7%D9%85-%D8%A7%D9%84%D8%AF%DB%8C%D9%86-%D8%A2%D8%B4%D9%86%D8%A7-%D9%85%D8%AA%D9%87%D9%85-%D8%B1%D8%AF%DB%8C%D9%81-%D8%A7%D9%88%D9%84-%D8%A7%D9%81%D8%B4%D8%A7%DB%8C-%D9%81%D8%A7%DB%8C%D9%84-%D8%B5%D9%88%D8%AA%DB%8C-%D8%B8%D8%B1%DB%8C%D9%81

[11] Սաաիդ Լեյլազ․ Ձայնագրությունը հրապարակողը պետք է պատժվի, https://www.rfi.fr/fa/%D8%A7%DB%8C%D8%B1%D8%A7%D9%86/20210428-%D8%B3%D8%B9%DB%8C%D8%AF-%D9%84%DB%8C%D9%84%D8%A7%D8%B2-%D8%A8%D8%A7%DB%8C%D8%AF-%DA%86%D9%88%D8%A8-%D8%AF%D8%B1-%D8%A2%D8%B3%D8%AA%DB%8C%D9%86-%DA%A9%D8%B3%DB%8C-%DA%A9%D8%B1%D8%AF-%DA%A9%D9%87-%D9%81%D8%A7%DB%8C%D9%84-%D8%B5%D9%88%D8%AA%DB%8C-%D8%B1%D8%A7-%D9%85%D9%86%D8%AA%D8%B4%D8%B1-%DA%A9%D8%B1%D8%AF%D9%87-%D8%A7%D8%B3%D8%AA

[12] Պահպանողականների խիստ հակազդեցությունները․ դավաճաններին ներկայացնելու ենք դատական իշխանությանը, https://aftabnews.ir/fa/news/706435/%D9%88%D8%A7%DA%A9%D9%86%D8%B4-%D8%AA%D9%86%D8%AF-%D8%A7%D8%B5%D9%88%D9%84%DA%AF%D8%B1%D8%A7%DB%8C%D8%A7%D9%86-%D8%A8%D9%87-%D9%81%D8%A7%DB%8C%D9%84-%D8%B5%D9%88%D8%AA%DB%8C-%D8%B8%D8%B1%DB%8C%D9%81-%D8%A7%D9%81%D8%B1%D8%A7%D8%AF-%D8%AE%D8%A7%D8%A6%D9%86-%D8%B1%D8%A7-%D8%A8%D9%87-%D9%82%D9%88%D9%87%E2%80%8C%D9%82%D8%B6%D8%A7%DB%8C%DB%8C%D9%87-%D9%85%D8%B9%D8%B1%D9%81%DB%8C-%D9%85%DB%8C%E2%80%8C%DA%A9%D9%86%DB%8C%D9%85

[13] Զարիֆին «փչացնելու» ցունամիից հետո անհրաժեշտ է խորհել, https://www.irna.ir/news/84309889/%D8%B6%D8%B1%D9%88%D8%B1%D8%AA-%D8%AA%D8%A7%D9%85%D9%84-%D9%BE%D8%B3-%D8%A7%D8%B2-%D8%B3%D9%88%D9%86%D8%A7%D9%85%DB%8C-%D8%AA%D8%AE%D8%B1%DB%8C%D8%A8-%D8%B8%D8%B1%DB%8C%D9%81

[14] Զարիֆ․ «Ռազամադաշտն» ու դիվանագիտությունը միմյանց լրացնող եմ համարում, չեմ հասկանում՝ ինչպես է ձայնագրությունը հայտնվել աշխարհի մյուս ծայրում, https://www.radiofarda.com/a/iran-zarif-reacts-to-audio-file-soleimani-diplomacy-secret/31226740.html

[15] Սաաիդ Լեյլազ․ Ձայնագրությունը հրապարակողը պետք է պատժվի, https://www.rfi.fr/fa/%D8%A7%DB%8C%D8%B1%D8%A7%D9%86/20210428-%D8%B3%D8%B9%DB%8C%D8%AF-%D9%84%DB%8C%D9%84%D8%A7%D8%B2-%D8%A8%D8%A7%DB%8C%D8%AF-%DA%86%D9%88%D8%A8-%D8%AF%D8%B1-%D8%A2%D8%B3%D8%AA%DB%8C%D9%86-%DA%A9%D8%B3%DB%8C-%DA%A9%D8%B1%D8%AF-%DA%A9%D9%87-%D9%81%D8%A7%DB%8C%D9%84-%D8%B5%D9%88%D8%AA%DB%8C-%D8%B1%D8%A7-%D9%85%D9%86%D8%AA%D8%B4%D8%B1-%DA%A9%D8%B1%D8%AF%D9%87-%D8%A7%D8%B3%D8%AA

[16] Ռուսաստանի հակազդեցությունը Զարիֆի հարցազրույցին․ Մեզ համար չափանիշ են Իրանի պաշտոնական դիրքորոշումները, https://www.radiofarda.com/a/31230188.html

[17] Զարիֆի արտահայտած տեսակետները փաստերի արձանագրության նպատակ են ունեցել, https://www.isna.ir/news/1400020603681/%DA%AF%D9%81%D8%AA-%D9%88%DA%AF%D9%88%DB%8C-%D8%B8%D8%B1%DB%8C%D9%81-%D8%A8%D8%B1%D8%A7%DB%8C-%D8%AB%D8%A8%D8%AA-%D8%AF%D8%B1-%D8%A7%D8%B3%D9%86%D8%A7%D8%AF-%D8%A8%D9%88%D8%AF-%D8%A7%D9%82%D8%AF%D8%A7%D9%85%D8%A7%D8%AA-%D8%B5%D9%87%DB%8C%D9%88%D9%86%DB%8C%D8%B3%D8%AA-%D9%87%D8%A7-%D8%A8%DB%8C-%D9%BE%D8%A7%D8%B3%D8%AE

[18] Ջոն Քերին հերքել է Զարիֆի հետ Սիրիայի վրա Իսրայելի օդուժի հարձակումների մասին երկխոսությունը, https://www.radiofarda.com/a/john-kerry-denies-ever-discussing-the-israeli-strikes-in-syria-with-zarif/31225015.html

[19] Նույն տեղում։

[20] Մոհամեդ բին Սալման․ Ցանկանում ենք Իրանի հետ լավ փոխհարաբերություններ ունենալ, https://www.dw.com/fa-ir/%D9%85%D8%AD%D9%85%D8%AF-%D8%A8%D9%86-%D8%B3%D9%84%D9%85%D8%A7%D9%86-%D8%AE%D9%88%D8%A7%D9%87%D8%A7%D9%86-%D8%B1%D9%88%D8%A7%D8%A8%D8%B7-%D8%AE%D9%88%D8%A8-%D8%A8%D8%A7-%D8%A7%DB%8C%D8%B1%D8%A7%D9%86-%D9%87%D8%B3%D8%AA%DB%8C%D9%85/a-57357447

[21] Սաաիդ Լեյլազ․ Ձայնագրությունը հրապարակողը պետք է պատժվի,

https://www.rfi.fr/fa/%D8%A7%DB%8C%D8%B1%D8%A7%D9%86/20210428-%D8%B3%D8%B9%DB%8C%D8%AF-%D9%84%DB%8C%D9%84%D8%A7%D8%B2-%D8%A8%D8%A7%DB%8C%D8%AF-%DA%86%D9%88%D8%A8-%D8%AF%D8%B1-%D8%A2%D8%B3%D8%AA%DB%8C%D9%86-%DA%A9%D8%B3%DB%8C-%DA%A9%D8%B1%D8%AF-%DA%A9%D9%87-%D9%81%D8%A7%DB%8C%D9%84-%D8%B5%D9%88%D8%AA%DB%8C-%D8%B1%D8%A7-%D9%85%D9%86%D8%AA%D8%B4%D8%B1-%DA%A9%D8%B1%D8%AF%D9%87-%D8%A7%D8%B3%D8%AA

%d bloggers like this: