Հոդվածներ Նորություններ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Իրան

Իրանի նախագահական ընտրությունների արդյունքները կանխատեսելի են. Էմմա Բեգիջանյան

Իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Էմմա Բեգիջանյանի հետազոտությունը` Իրանում հունիսի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների հնարավոր արդյունքների վերաբերյալ:

2021թ. հունիսի 18-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) տեղի կունենան նախագահական 13-րդ և տեղական խորհուրդների 6-րդ, ինչպեսև խորհրդարանական ու Բանիմացների ժողովի միջանկյալ ընտրությունները: ԻԻՀ Սահմանադրության համաձայն՝ բոլոր մակարդակի ընտրություններն ու հանրաքվեներն  անցկացնում է Ներքին գործերի նախարարությունը, դրանց համար պատասխանատու է ՆԳ նախարարը՝ Աբդոլռեզա Ռահմանի Ֆազելին: Այդ նպատակով ՆԳ նախարարությունում ձևավորվում է ընտրությունների գլխավոր շտաբ, որի պետ է նշանակվում ՆԳ քաղաքական հարցերով փոխնախարարը, ներկա դրությամբ` Ջամալ Արա‎ֆը: Բացի այդ ձևավորվում է  նաև ընտրությունների անցկացման գործադիր հանձնաժողով, որտեղ ընդգրկված են ՆԳ ու գաղտնի ծառայությունների (տեղեկատվության) նախարարները, գլխավոր դատախազը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման կազմակերպության ղեկավարը և կրոնական, քաղաքական, տնտեսական, իրավաբանական, մշակույթի ու հասարակական  ոլորտների 7 հեղինակավոր անձինք:

Ըստ Սահմանադրության՝ ընտրությունների վերահսկումն իրականացնում է Սահմանադրության պահապան խորհուրդը (ՍՊԽ): Վերջինս ունի 12 անդամ, 6-ը բարձրաստիճան հոգևորական են, որոնց նշանակում է երկրի ռազմաքաղաքական առաջին դեմք հեղափոխության առաջնորդը, իսկ մյուս վեցը տարբեր ոլորտների իրավաբաններ են, որոնց թեկնածությունը խորհրդարանին է ներկայացնում դատական իշխանությունը:

Նշենք, որ Իրանի Սահմանադրության 91-99 հոդվածները վերաբերում են ՍՊԽ-ին:  91-րդ հոդվածի համաձայն՝ վերջինիս գլխավոր գործառույթը խորհրդարանում հաստատված օրինագծերի վավերացումն է, որպեսզի դրանք չհակասեն երկրի Սահմանադրությանն ու շարիաթի օրենքներին, հետևաբար առանց ՍՊԽ-ի հաստատման չեն կարող օրենքի ուժ ստանալ: Վերջինիս մենաշնորհն է նաև Սահմանադրության մեկնությունը, որն էլ մեկնաբանում է 99-րդ հոդվածը․ «ՍՊԽ-ը վերահսկում է խորհրդարանական, Իմաստունների վեհաժողովի և նախագահական ընտրություններն ու հանրաքվեները», իրեն վերագրել է հավանություն տվող վերահսկողություն, ինչը նշանակում է հաստատել թեկնածուների համապատասխանությունը: Ուստի նշյալ  ընտրությունների թեկնածու դառնալու համար անհրաժեշտ է ՍՊԽ-ի «անցագիր»:  Թեկնածուների համապատասխանությունը որոշելու համար վերջինիս գլխավոր չափանիշներն են իսլամի օրենքներին, Սահմանադրությանն ու «Վելայաթ-ե ֆաղիհին[1]» հավատարմությունը:

Այլ կերպ ասած, ՆԳ նախարարության գրանցված թեկնածուները հաստատվում կամ մերժվում են նշյալ չափանիշներով, որոնցով գնահատումը, թերևս, բավական բարդ ու սուբյեկտիվ բնույթ է կրում։ Թեև նման մեկնություն ՍՊԽ-ը հնչեցրել էր դեռևս 1991թ․, սակայն կիրառումը համեմատաբար մեղմ էր, ինչի շնորհիվ 2000թ․ խորհրդարանի 6-րդ գումարման ընտրություններին բարենորոգիչները, որոնք արդեն ձևավորված քաղաքական ուժ էին, խորհրդարանում 65 տոկոսով մեծամասնություն կազմեցին։ Հանգամանք, ինչը հնարավորություն ընձեռեց 2002թ․ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների օրինագիծ հաստատելու համար, որով հանվում էր հավանություն տվող վերահսկողությունը։  Հետևաբար ՍՊԽ-ն իրավասու չէր մերժել գրանցված թեկնածուներին առանց պատասխանատու կառույցների՝ տեղեկատվության նախարարության, դատական իշխանության ու օրինապահ ուժերի ներկայացրած փաստաթղթերի։

Հստակ պահպանողական կողմնորոշմամբ ՍՊԽ-ը, բնականաբար, չհաստատեց օրինագիծը (դա բխում է նրա ձևավորման բնույթից), ինչը ներքաղաքական լուրջ ճգնաժամ առաջացրեց 2004թ․ խորհրդարանի 7-րդ գումարման ընտրությունների նախաշեմին։ 130 պատգամավոր հրաժարական տվեց բարենորոգիչների թեկնածուներին զանգվածաբար մերժելու պատճառով։ Իրավիճակը հանգուցալուծվեց հեղափոխության առաջնորդի միջամտությամբ, ով հաստատեց ՍՊԽ-ի նման լիազորությունը՝ միաժամանակ պահանջելով վերանայել մերժվածների թեկնածությունը։ ՍՊԽ-ը բարենորոգիչների թեկնածուների թիվն ավելացրեց այնքանով, որը չէր խանգարի պահպանողականների՝ խորհրդարանում մեծամասնություն կազմելուն։

«Գրանցված թեկնածուների թիվը կազմում էր 8 հազար 157, որոնցից 5627-ն ընտրություններին մասնակցելու «անցագիր» ստացան: Պահպանողականների ազդեցության ներքո գտնվող ՍՊԽ-ը մերժել էր բարենորոգչական կողմնորոշմամբ առաջադրվածներից 2530-ին: Կառավարության ու օրենսդիրների բուռն ջանքերի և բողոքի ակցիաների արդյունքում հաստատվածների թիվն աճեց շուրջ 1100-ով, ընդ որում, ըստ բարենորոգիչների՝ լրացուցիչ հաստատումները կատարվեցին այն հաշվարկով, որ պահպանողականների համար նախօրոք ապահովված 180 ընտրատարածքներում մրցակցություն չառաջանա»[2]: Փաստորեն խորհրդարանի 7-րդ գումարումից ի վեր միշտ էլ պահպանողականներն օրենսդիրում մեծամասնություն են կազմել, իսկ բարենորոգիչները՝ ազդեցիկ կամ ոչ ազդեցիկ փոքրամասնություն՝ կախված առաջադրվածների թվից ու հանգամանքներից։

ՏԵՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Քաղաքային ու գյուղական իսլամական խորհուրդների ընտրությունները ևս անցկացնում է ՆԳ նախարարությունը և, փաստորեն, ողջ երկրի մակարդակով միակ ընտրությունն է, որը չի վերահսկում ՍՊԽ-ը, այն խորհրդարանի՝ Իսլամական մեջլիսի լիազորություններից է։ Այդ նպատակով ձևավորվում է կենտրոնական հանձնաժողով, որը կազմված է ներքին գործերի և քաղաքային ու գյուղական խորհուրդների հարցերի հանձնաժողովի 3 և Սահմանադրության 90-րդ[3] հոդվածի համաձայն՝ հանձնաժողովի 2 անդամից։ Նահանգներում (Օստան) վերահսկողության 3 անձից կազմված գերագույն հանձնաժողովը ձևավորվում է կենտրոնական հանձնաժողովի կողմից՝ տվյալ նահանգից ընտրված պատգամավորների թվից։ Ինչ վերաբերում է տեղական խորհուրդների ընտրություններին որպես թեկնածու մասնակցելուն, համապատասխանությունը, ըստ Սահմանադրության 101-րդ հոդվածի, որոշվում է նշյալ ընտրությունների օրենքով։ Ըստ որի՝  տեղական խորհուրդների ընտրությունների կենտրոնական հանձնաժողովի իրավասությունը սահմանափակվում է ընտրությունների ընթացքը վերահսկելով և չունի ՍՊԽ-ի հավանություն տվող վերահսկողություն իրականացնողի իրավասությունը, այն բացառապես տրված է միայն ՍՊԽ-ին[4]։ 

Պաշտոնական տվյալներով՝ քաղաքային խորհրդի ընտրություններ անցկացվելու են 1372 քաղաքային և 40․620 գյուղական համայնքներում։ Քաղաքային ու գյուղական խորհուրդները ձևավորվում են ըստ տվյալ համայնքի բնակչության․ 50 հազարից պակաս բնակչությամբ համայնքի խորհուրդն ունի 5 իսկական և 3 ոչ իսկական անդամ, 50-200 հազարը՝ 7 իսկական և 5 ոչ իսկական, 200-500 հազարը՝ 9 իսկական, 6 ոչ իսկական, 500 հազարից մեկ միլիոնը՝ 11 իսկական և 9 ոչ իսկական, 1-2 միլիոնը՝ 13 իսկական, 7 ոչ իսկական, 2 միլիոնից ավելը՝ 15 իսկական, 10 ոչ իսկական, իսկ Թեհրանինը՝ 21 իսկական և 11 ոչ իսկական անդամներ։

2021թ. կայանալիք ընտրությունների թեկնածուների գրանցումը տեղի է ունեցել քաղաքներում՝ մարտի 11-17-ը, իսկ գյուղերում՝ ապրիլի 10-16-ը: Այնուհետև  ընտրությունների գործադիր ու վերահսկիչ մարմիները 14 օրվա ընթացքում ուսումնասիրել են թեկնածուների համապատասխանությունն օրենքի պահանջներին։ Ապրիլի 29-ին արդեն հայտնի է դարձել, որ չի հաստատվել գործող խորհուրդների անդամների շուրջ 80 տոկոսի համապատասխանությունը, որոնք գլխավորապես բարենորոգչական կողմնորոշում ունեն: Բացի այդ ըստ իրանական ԶԼՄ-ների՝ զանգվածաբար մերժվել են նաև նույն կողմնորոշմամբ մյուս թեկնածուները[5]։ Հանգամանք, ինչը, թերևս, պայմանավորված է երկրի խորհրդարանի պահպանողական կողմնորոշմամբ:

ՏԵՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԻՏՈՒՄ

Քաղաքային և գյուղական խորհուրդների 6-րդ ընտրությունների թեկնածուների համապատասխանությունը վերահսկիչ հանձնաժողովների կողմից ավարտելուց հետո հայտարարված արդյունքներն իրանյան ԶԼՄ-ներում դարձել են լուրջ քննարկումների ու քննադատությունների առարկա, քանի որ մերժվածները գլխավորապես բարենորոգչական  կողմնորոշում ունեցողներ էին։

«Համշահրի» օրաթերթը «Խորհուրդների թեկնածուների մերժումների հանդեպ հակազդեցությունները» վերտառությամբ թղթակցությունում շեշտել է, որ տեղական խորհուրդների վերահսկիչ հանձնաժողովները չեն հաստատել բարենորոգչական կողմնորոշմամբ մեծ թվով գրանցվածների թեկնածությունը։ Ապա նշել է, որ Թեհրանի գործող քաղաքային խորհրդի 21 անդամներից 12-ը կրկին ցանկացել էր մասնակցել ընտրություններին, սակայն նրանցից հաստատվել է միայն 2-ի համապատասխանությունը, ինչն աննախադեպ է։

Հեղինակը հավելել է, որ, բացի այդ զանգվածաբար մերժվել են նաև նշյալ հոսանքի հայտնի և երիտասարդ թեկնածուներ, այնպես որ նրանց թիվը երկու ձեռքի մատների թվից չի անցնում։ Ըստ «Համշահրի»-ի՝ մերժումները բուռն քննարկման թեմա են դարձել նաև այն պատճառով, որ Բարենորոգչության ճակատը կոչ էր արել՝ գրանցվեն միայն ոլորտում փորձ ունեցող մասնագետները։ Ահա թե ինչու քաղաքապետ Փիրուզ Հանաչին նախազգուշացրել է  Թեհրանի ապագա խորհրդում «վատ դեպքերի» մասին, նշել, որ երբ չեն ընտրվում մասնագետներ, արժանի մարդիկ, նրանց փոխարինում են առևտրականներն ու անշարժ գույքի առուվաճառքով զբաղվողները[6]։ Թեև մերժվածները 4 օրվա ընթացքում կարող էին որոշումը բողոքարկել նահանգների վերահսկիչ գերագույն հանձնաժողովներին, սակայն դա ևս շոշափելի արդյունք չի ունեցել։

Թեհրանի խորհրդի Հասարակական և մշակույթի հանձնաժողովի նախագահ Մոհամեդ Ջավադ Հաղաշենասը «Համշահրի»-ին տված հարցազրույցում ընդգծել է, թե կոնկրետ հոսանքի երիտասարդ մասնագետների համապատասխանությունը չհաստատողները, ըստ ամենայնի, ամբողջովին անտեղյակ են ազատ ընտրություններից, մասնակցության ընդլայնումից։ Նա նշել է, որ մերժվածներից յուրաքանչյուրը Թեհրանում ավելի շատ ձայնով էր ընտրվել, քան մայրաքաղաքից ընտրված խորհրդարանի պատգամավորները[7]։

Ողջ երկրի մակարդակով ՆԳ նախարարությունը գրանցվածների շուրջ 9 տոկոսին մերժել է, որտեղ, ըստ երևույթին, քաղաքական կողմնորոշումը դերակատար չի եղել փաստաթղթերի լիարժեք չլինելու և այդօրինակ այլ պատճառներով։ Մինչդեռ վերահսկիչ հանձնաժողովների մերժումները, որոնք 20 տոկոս են կազմել, գլխավորապես բարենորոգչական կողմնորոշմամբ թեկնածուներին են թիրախ դարձրել։ Հանգամանք, ինչը բողոքի ու դժգոհության լուրջ ալիք էր բարձրացրել քաղաքական ու կուսակցական ակտիվ գործիչների շրջանակներում, այդ թվում՝ բարենորոգչական հայացքներով, իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնիի թոռան՝ Սեյյեդ Հասան Խոմեյնիի մոտ, ով ցանկանում էր ընտրություններին մասնակցել որպես նախագահի թեկնածու, սակայն հեղափոխության առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին նրա հետ հանդիպմանը խորհուրդ էր տվել չառաջադրվել։ Բացի այդ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել նաև չափավորական կողմնորոշմամբ, Թեհրանի խորհրդի նախագահ Մոհսեն Հաշեմին, կանանց ու ընտանիքի հարցերով երկրի փոխնախագահ Մաասումե Էբթեքարը, մինչև 2018թ․ Ռոհանիի նախագահության առաջին ու երկրորդ ժամկետում Քաղաքաշինության ու ճանապարհաշինության  նախկին նախարար Աբբաս Ախոնդին, բարենորոգչական կողմնորոշմամբ «Ազգային վստահություն» կուսակցության առաջնորդ Էլյաս Հազրաթին և ուրիշներ։ Վերջինս խորհրդարանի խոսնակ Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆին հասցեագրված նամակում շեշտել է, թե գործադիր ու վերահսկիչ հանձնաժողովների գործունեությանը «քաղաքական մաքրազարդումից» ավելի լավ անուն չի լինի տալ[8]։  Այլ կերպ ասած, հաշվի առնելով, որ դժգոհների շարքում չկան պահպանողականներ, կարելի է ասել, թե տեղի ունեցածը համընկնում է նրանց շահերին։ Այսուհանդերձ, դժգոհություններն ու բողոքները պատճառ դարձան, որ մայիսի 2-ին Ղալիբաֆը խնդիրը ՆԳ նախարար Ռահմանի Ֆազելիի և վերահսկիչ հանձնաժողովների հետ թեկնածուների համապատասխանության հարցը քննարկելու նպատակով նիստ հրավիրի, որին ներկա էին նաև ընտրությունների գլխավոր շտաբի պետը և խորհրդարանի անդամներ։

Ղալիբաֆը, նիստում խիստ կարևորելով խորհուրդների դերը երկրի զարգացման ու առաջընթացի առումով, ընդգծել է, թե վերահսկիչ հանձնաժողովները համապատասխանության հարցը քննարկելիս չպետք է մանրախնդիր լինեն, պետք է հաշվի առնեն թեկնածուների մասնագիտական հմտությունները, միաժամանակ նշել է, որ անհրաժեշտ է գործել բացառապես վերկուսակցական սկզբունքներով ու օրենքի թելադրանքով[9]։ Սակայն հանձնաժողովներին ներկայացված բողոքների ուսումնասիրության արդյունքում հաստատվածների թվի շոշափելի փոփոխություններ տեղի չունեցան, ինչի պատճառով դժգոհությունները շարունակվեցին, և որոշ պատգամավորների հարցն արծարծվեց խորհրդարանում։

 Այս առնչությամբ մայիսի 23-ին չհաստատված թեկնածուների բողոքների հիման վրա պատգամավոր Հասան Մոհամեդյարին, հարցը բարձրացնելով խորհրդարանի ընդհանուր բաց նիստում, շեշտել է, թե բազմաիվ փաստեր կան, որ գործադիր ու վերահսկիչ հանձնաժողովների կողմից հաստատված թեկնածուների հարցը վերանայվել է կենտրոնական վերահսկիչ հանձնաժողովում, ինչն ապօրինի է։ Միաժամանակ  հիշեցրել  է, թե հավանություն տվող վերահսկողության լիազորություն ունի միայն ՍՊԽ-ը։

Նշենք նաև, որ ըստ Խորհուրդների Ընտրական օրենսգրքի 59-րդ հոդվածի 2003թ․  լրամշակված տարբերակի, որը լույս է տեսել ՍՊԽ-ի կայքում, նշվում է․ «Նահանգային ու շրջանային վերահսկիչ հանձնաժողովների գործունեությունը՝ բացառությամբ թեկնածուների համապատասխանության հաստատման ու ընտրությունների ճշգրիտ իրականացման, այլ դեպքերում չեն կարող հակասել կենտրոնական հանձնաժողովի որոշումներին, որոնց կիրարկումը պարտադիր է[10]»։

Ի պատասխան՝ խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆը շեշտել է, թե հարցը քննարկել է կենտրոնական հանձնաժողովի հետ և պարզել, որ նրանք մերժվել են փաստաթղթերի ու փաստարկների թերի լինելու պատճառով։ Այսուհանդերձ, ըստ նրա՝ հանձնաժողովին խորհուրդ է տրվել ավելի ուշադիր լինել։ Նա հավելել է, որ զանգվածային մերժումների վերաբերյալ տեղեկությունները հերյուրանքներ են, քանի որ դրանք չեն անցնում գրանցվածների 15 տոկոսը[11]։ 

Բացի այդ մայիսի 16-ին խորհրդարանի Դատական ու իրավական հարցերի հանձնաժողովի խոսնակ Քազեմ Դելխոշ Աբթարին էր հիշյալ հարցը ներկայացրել խորհրդարանին՝ նախազգուշացնելով, թե որոշ տեղերում ըստ «ճաշակի» համապատասխանությունների հաստատումը հեղինակազրկում է խորհրդարանին։ Նա նշել է, որ տեղական ու կենտրոնական վերահսկիչ հանձնաժողովները պարզապես սխալ մեթոդներ են կիրառում այս հարցում, ինչը լուրջ հարված է խորհրդարանի նախագահությանը։ Նա հավելել էր, թե տեղական խորհուրդների ընտրություններին օրենքով մասնակցում է 4 կառույց, որոնց փաստացի տեսակետները պետք է հիմք ընդունվեն համապատասխանությունը հաստատելու հարցում, մինչդեռ գործնականում բազմաթիվ կառույցների տեսակետներն են հաշվի առնվում, ինչն օրենքի խախտում է։  Ղալիբաֆը նշյալ դիտողությունները ոչ տեղին ու անընդունելի է գնահատել[12]։

Այլ կերպ ասած՝ քաղաքային ու գյուղական խորհուրդների անդամության համար առաջադրված և ընտրությունների գործադիր կառույցներում գրանցված ու վերահսկիչ հանձնաժողովների կողմից մերժվածները, չնչին բացառություններով, բարենորոգիչներ են։  Հանգամանք, ինչը պայմանավորված է օրենքով վերահսկողություն իրականացնող մարմնի՝ խորհրդարանի պահպանողական լինելով։

Մյուս  կողմից, վերահսկիչին, ինչպես նշում են իրավաբանները, որոշ դեպքերում նման հնարավորություն ընձեռնում է օրենքների անհստակությունը։ Արդյունքում դրանք ևս, ի տարբերություն գործող խորհուրդների, լինելու են պահպանողական։ Այս առնչությամբ հատկանշական է իրեն չափավորական համարող «Ջոմհուրի-ե Էսլամի» օրաթերթի «Իշխանության մեկտեղո՞ւմ, թե՞ տարանջատում» վերտառությամբ խմբագրականը․ «․․․ մեկ այլ խնդիր է քաղաքական գործունեության՝ «հանրահայտ, ազդեցիկ ու հարուստ» ընտանիքների մենաշնորհ դառնալը, ինչի պատճառով ասպարեզից դուրս են մղվում տաղանդավոր մարդիկ, որոնք դուրս են այդ շրջանակից։ Այսօր երկրում ստեղծված պայմանները նշյալ ոլորտներում շատ նման են նախահեղափոխական ժամանակներին, երբ քաղաքական իշխանությունը և այլ հնարավորություններ գտնվում էին «հազար ընտանիքի[13]» ու մեկ-երկու կուսակցության ձեռքերում, իսկ դրանց չառնչվող զանգվածները զրկված էին երկրի կառավարման ու պատասխանատվություն ստանձնելու հնարավորությունից[14]»։

ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՇՈՒՐՋ

ԻԻՀ-ի նախագահական 13-րդ ընտրությունները, ի տարբերություն նախորդ ընտրությունների, որոնք անցել են համեմատաբար ավելի հանգիստ մթնոլորտում, ի սկզբանե աղմկահարույց են եղել, ինչը պայմանավորված է նաև թեկնածուների առաջադրման ու հաստատման առնչությամբ նորամուծություններով։

2020թ․ դեկտեմբերին խորհրդարանում հաստատվել է ընտրությունների օրենսգրքի փոփոխությունների օրինագիծ, որով հնարավորություն է տրվում հասարակության ավելի լայն շրջանակներին ընտրություններին մասնակցել որպես թեկնածու։ Նշյալ փոփոխությունների համաձայն՝ այսուհետ զինվորականները ևս իրավունք ունեն  մասնակցել նախագահական ընտրություններին որպես թեկնածու՝ պայմանով, որ  առնվազն ունենան բրիգադի գեներալի աստիճան և հրամանատարության 6 տարվա փորձ։ Բացի այդ նման հնարավորություն են ստացել նաև գերագույն խորհուրդների ու այլ կառույցների անդամները, որոնք նշանակվում են հեղափոխության առաջնորդի հրամանագրով, օրինակ, ռադիոհեռուստատեսության կազմակերպության ղեկավարը և այլն։

Մյուս կողմից, ՍՊԽ-ը բարդացրել է նախագահի թեկնածու դառնալու պայմանները՝ մեկնաբանելով Սահմանադրության 115-րդ հոդվածը, որտեղ նշվում է, թե նախագահը պետք է ընտրվի քաղաքական ու կրոնական գործիչներից՝ ներքոհիշյալ հատկանիշներով․ լինի ծագումով իրանցի և Իրանի քաղաքացի, շրջահայաց, ունենա կառավարման ունակություններ (պատասխանատու), անբիծ կենսագրություն, բարեպաշտ և ազնիվ, Իրանի Իսլամական Հանրապետության և պաշտոնական կրոնի սկզբունքների հանդեպ հավատք ունենա և լինի հավատարիմ։

ՍՊԽ-ը, մեկնաբանելով քաղաքական ու կրոնական գործիչ, շրջահայաց և պատասխանատու բառերը, մշակել և հաստատել է 12 կետից բաղկացած օրենք, ընդ որում՝ 2-րդն ունի 11 ենթակետ, և հանձնել ՆԳ նախարարությանը, որպեսզի նախագահի թեկնածուներին գրանցի նոր չափանիշներով՝ ըստ այդ օրենքի[15]։ ՍՊԽ-ի քայլն արժանացել է բարենորոգիչների և բազմաթիվ իրավաբանների, ինչպեսև կառավարության բուռն քննադատություններին։ Ավելին, վերջինս, նշելով, որ ՍՊԽ-ն օրենսդրության լիազորություն չունի և ապօրինի համարելով ՍՊԽ-ի քայլը՝ ՆԳ նախարարությանը հրահանգել է թեկնածուներին գրանցել ըստ Սահմանադրությամբ նախատեսված պայմանների:

Հարկ է նշել, որ նոր պայմանների առկայությամբ բարենորոգչական թևի մի քանի կարևոր թեկնածուներ բոլոր դեպքերում դուրս կմնային, քանի որ գրանցվելու դեպքում էլ ՍՊԽ-ը համապատասխանությունները որոշելիս առաջնորդվելու էր իր հաստատած օրենքով և մերժելու էր նրանց։ Այդ օրենքը քննադատությունների թիրախ է դարձել ոչ միայն այն պատճառով, որ Սահմանադրությամբ ՍՊԽ-ին օրենսդրության գործառույթ նախատեսված չէ, այլև իրավաբանները  շեշտում են, թե այդ օրենքի բովանդակությունը ևս ակնհայտորեն հակասահմանադրական է։

Նշենք, որ մինչև սույն օրենքի հաստատումը ՍՊԽ-ը թեկնածուներին մերժում կամ հաստատում էր իսլամի օրենքներին ու Սահմանադրությանը հավատարիմ լինելու չափանիշով։ Ի պատասխան քննադատությունների՝ ՍՊԽ-ի փոխնախագահ Սիամաք Ռահփեյքը շեշտել է, որ օրենքի հաստատման նպատակը թեկնածուների գրանցման գործընթացի կանոնավորումն  է, ինչը տեղի է ունեցել ընտրությունների քաղաքականության վերաբերյալ հեղափոխության առաջնորդի 2017թ․ հանձնարարականի  շրջանակներում[16]։

Բայց և այնպես թվում էր, թե նախագահական այս ընտրություններին, ի վերջո,  վերջնականապես լուծում է ստացել խնդրահարույց, բայց կարևոր մի հարց: Ինչպես  նշվեց, Սահմանադրության  115-րդ հոդվածում  ասվում է, որ նախագահն ընտրվում է քաղաքական ու կրոնական գործիչներից, սակայն գործչի համար կիրառվել է արաբերեն «ռաջոլ» բառը, որը նշանակում է տղամարդ, մինչդեռ Իրանի քաղաքական գրականության մեջ դա օգտագործվում է որպես գործիչ, երևելի, անկախ սեռից: Հանգամանք, որը նախագահական վերջին 4-5 ընտրություններին պահպանողական ու բարենորոգչական հոսանքների միջև լուրջ տարաձայնությունների առիթ էր դառնում, քանի որ ՍՊԽ-ը հակված էր այն տղամարդ մեկնաբանելուն և դեմ էր հանդես գալիս կանանց առաջադրմանը: Հետևաբար, թեև բարենորոգչական հակումներով կին քաղաքական գործիչներ էին գրանցվում ՆԳ նախարարությունում, սակայն ՍՊԽ-ը, նրանց թեկնածությունը քննարկման առարկա չդարձնալով, մերժում էր: Այս առնչությամբ հատկանշական է Իրանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից չափավորական հոսանքի եթե ոչ հիմնադիր, ապա հանրահայտ ներկայացուցիչ, Իրանի նախկին նախագահ, հանգուցյալ Ալի Աքբար Ռա‎ֆսանջանիի տեսակետը, ով մասնակցություն է ունեցել Սահմանադրության մշակման գործին: Նա 2016թ. նոյեմբերի 14-ին բարենորոգչական կողմնորոշմամբ «Արման» օրաթերթին տված հարցազրույցում նշել էր, թե քաղաքական «ռաջոլը» նաև իգական սեռին է վերաբերում: Ապա հավելել է, որ երբ հեղափոխության խորհուրդը մշակում էր սահմանադրության նախագիծը, այդ ոչ հստակ եզրույթն ընտրեց՝ հաշվի առնելով, որ տվյալ ժամանակահատվածում կին նախագահ ունենալը նպատակահարմար չէր, սակայն այն միաժամանակ չէր ժխտում իգական սեռի մասնակցությունն ընտրություններին:

Թվում էր, թե 2017թ. ընտրություններին այդ խնդրի շուրջ տարաձայնությունների հարցը լուծված է, սակայն, ըստ երևույթին, ոչ վերջնական: Եվ ահա ընթացիկ տարվա հունվարի 14-ին ՍՊԽ-ի խոսնակ Աբբաս Ալի Քյադխոդային, նշելով, որ ՍՊԽ-ը քաղաքական «ռաջոլի» վերաբերյալ հետազոտությունների արդյունքում հայտարարում է, թե կանանց առաջադրումը որպես նախագահի թեկնածու որևէ խնդիր չունի, նրանք կարող են առաջադրվել, ինչպես տղամարդիկ։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՐՑԱԿԻՑ ՈՒԺԵՐԸ

ԻԻՀ-ում հեղափոխության հաղթանակից հետո շուրջ 2 տասնյակ տարի իսլամական համակարգում առկա էին իսլամական երկու՝ աջ և ձախ քաղաքական հոսանքներ, որոնց գլխավորում էին համապատասխանաբար՝ Մարտնչող հոգևորականության հասարակությունը (ՄՀՀ) և Մարտնչող հոգևորականների վեհաժողովը (ՄՀՎ), որոնցից յուրաքանչյուրում ներառված էին նույն հոսանքի տարբեր կազմակերպություններ, և այդ ընթացքում ընտրություններում լուրջ պայքար չէր ընթանում նրանց միջև։ Սակայն ձախակողմյան ՄՀՎ-ում, որի կազմում էր 6 համախոհ կազմակերպություն, աստիճանաբար դրսևորվեցին բարենորոգչական միտումներ, ինչը 1997թ. մայիսի 23-ի (իրանական տոմարով՝ խորդադի 2-ին) նախագահական ընտրություններից հետո Խաթամիի համախոհ կազմակերպությունների համախմբմամբ Իրանի իսլամական վարչակարգի շրջանակներում ձևավորեցին նոր՝ բարենորոգչական շարժում, որը կոչվում էր Խորդադերկուսյան ճակատ:

Խաթամին իշխանության էր եկել քաղաքական բարեփոխումների կարգախոսով, ընտրողների աննախադեպ մեծամասնության ձայներով։ Նրա գլխավորած կառավարությունը ձգտում էր ձևավորել քաղաքացիական հասարակության, մամուլի, խոսքի ազատության, քաղաքացիական ինստիտուտներ հանձինս իսլամական խորհուրդների, որոնք, թեև Սահմանադրությամբ նախատեսված էին, սակայն մինչ այդ կյանքի չէին կոչվել։

Իրանցի փորձագետներից ոմանք էլ բարենորոգչական եզրույթը պայմանավորում  են քաղաքական ու հասարակական ոլորտում տեղի ունեցած զարգացումներով, մասնավորապես՝  Իրան-իրաքյան պատերազմի ավարտով, հեղափոխության առաջնորդի մահով, Խամենեիի՝ հեղափոխության առաջնորդ ընտրվելով, ինչպես նաև նախագահ  Ռաֆսանջանիի կառուցողականություն կոչվող կառավարության ժամանակահատվածում քաղաքական, տնտեսական և մշակույթի ոլորտներում մտածողության փոփոխությամբ, ինչը ձախ ուժերում ազգայնականների, ազատականների ինտեգրման համար նպաստավոր հող  պատրաստեց խորդադերկուսյան երևույթի համար իր հայտնի կարգախոսներով[17]։

Այս հոսանքի մեջ մտնում են ավելի քան 2 տասնյակ կուսակցություններ և կազմակերպություններ, այդ թվում՝ Իսլամական Իրանի ընկերակցության ճակատ, Ազգային վստահության կուսակցություն, Մարտնչող հոգևորականների վեհաժողով, Էմամի գծի հետևորդների վեհաժողով, Աշխատանքի իսլամական կուսակցություն, Ժողովրդավարություն կուսակցություն, Իրանի ժողովրդի կամք կուսակցություն,  Իսլամական Իրանի ժողովրդի միասնություն կուսակցություն և  այլն։

Ըստ նույն տեսակետի կողմնակիցների՝ Խաթամիի նախագահության ժամանակ հեղափոխության հավատարիմ Իմամ Խոմեյնիի նպատակների ու գաղափարների նվիրյալ ուժերին մտահոգեցին այդօրինակ զարգացումները, ըստ նրանց՝ քանի որ, փաստորեն, բարեփոխումների քողի տակ տեղի էր ունենում հեղափոխության արժեհամակարգի փլուզում, անտեսվում էին իսլամի ու հեղափոխության սկզբունքները։ Ուստի ընդդեմ հեղափոխության ու իսլամի արժեհամակարգը քայքայողների ձևավորվեց  սկզբունքայինների (Principlists) ճակատ, որոնք հավատարիմ են նշյալ սկզբունքներին  և անվերապահորեն ընդունում են Էմամ Խոմեյնիի ու հեղափոխության ներկայիս առաջնորդի գաղափարախոսությունը և պատրաստ են քաղաքական գործունեություն ծավալել հենց այդ շրջանակներում[18]։ Սակայն, ինչպես նշվեց, ի սկզբանե Իրանում իշխող իսլամական  համակարգում առկա էր աջ՝ պահպանողական հոսանք հանձին ՄՀՀ-ի, որտեղ ընդգրկված էին բազում քաղաքական-հոգևորական գործիչներ, անգամ հետագայում՝ բարենորոգչական հոսանքի կենտրոնական դեմքեր։

Պահպանողականները կամ սկզբունքայինները գործնականում ծնվեցին հենց աջ հոսանքից, որն ի սկզբանե տնօրինում էր լուրջ լծակներ։ Նրանց ազդեցության ոլորտներն էին՝ ՍՊԽ-ը, դատական իշխանությունը, Բանիմացների վեհաժողովը և այլն։ Նրանց դիրքորոշումներում հեղափոխությունից հետո առաջին 20-ամյակում լուրջ տարբերություններ չկային, եթե անգամ նրանց միջև պայքար կար, այն թույլ էր ու հանդուժողական բնույթ էր կրում։ Սակայն 2000թ․ խորհրդարանի 6-րդ գումարման ընտրություններում փայլուն հաջողություն արձանագրեցին բարենորոգիչները և բազմաթիվ օրինագծեր հաստատեցին, որոնք այդպես էլ կյանքի չկոչվեցին, քաղաքական պայքարը սուր բնույթ ստացավ, ուստի պահպանողականները, գործի դնելով իրենց լծակները, առաջին հերթին ՍՊԽ-ը, ջանք չեն խնայել բարենորոգիչներին հեռացնել  քաղաքական դաշտից, ինչը կարելի է ասել, որ այս ընտրություններով մեծապես հաջողում է նրանց։

Ահավասիկ, խորհրդարանի 7-րդ գումարման ընտրություններից առ այսօր բարենորոգիչները մեծամասնություն չեն ունեցել, նրանց ներկայությունը խորհրդարանում  հարաբերական  լավ և աննշան ազդեցությամբ փոքրամասնությունն է եղել։ Եվ, այսպիսով, Խորդադերկուսյան ճակատին ընդդեմ պահպանողականներն իրենց անվանեցին  սկզբունքայինների ճակատ, որոնք նաև արմատական պահպանողականներ են կոչվում։ Այս հոսանքի  մեջ մտնում են 15 կուսակցություն ու կազմակերպություն, այդ թվում՝ Իսլամական Իրանի դիմադրություն, Իսլամական հեղափոխության հարատևում կուսակցությունները, Մարտնչող հոգևորականության հասարակությունը, Իսլամական կոալիցիոն կուսակցությունը, Բժիշկների իսլամական միությունը, Իսլամական Իրանի շենացնողները և այլն։

Բացի այդ,  թերևս, ձևավորման ընթացքում է նեոպահպանողական հոսանքը, որը ստեղծվել է Իսլամական հեղափոխության պահապան գվարդիայի մերձավոր շրջանակներում, որտեղ չկան հոգևորականներ։ Պահպանողականների թևին է պատկանում  նաև չափավորականների հոսանքը։ Նման ճյուղավորումը, թերևս, բնական է, երբ իշխանությունը կենտրոնանում է մեկ առանցքի շուրջ։ Հատկանշական է նաև, որ ո՛չ պահպանողական հոսանքի կազմակերպությունները և ո՛չ էլ բարենորոգիչներն ընտրություններին գրեթե միայնակ չեն մասնակցում, ձևավորում են կոալիցիաներ։

ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ, ՈՐՈՆՔ ՉԳՐԱՆՑՎԵՑԻՆ

Ըստ ընտրությունների գլխավոր շտաբի դեռևս ընթացիկ տարվա փետրվարի որոշման՝ նախագահի թեկնածուների գրանցումը ՆԳ նախարարությունում պետք է իրականացվեր մայիսի 11-15-ին։ Սահմանված ժամկետում գրանցվել էր 592 մարդ, ինչը նախորդ ընտրությունների 1936 գրանցվածի համեմատությամբ զգալիորեն կրճատվել է: Քյադխոդային, գոհունակություն հայտնելով թեկնածուների թվի կրճատման առիթով, այն իրավամբ պատճառաբանել է ՍՊԽ-ի հաստատած օրենքով։ Այլ կերպ ասած՝ իրականում օրենքը ոչ թե ավելի օբյեկտիվ գնահատելու նպատակ էր հետապնդում, այլ հենց այդ կառույցի լուծը «թեթևացնելու»,  քանզի այսպես թե այնպես մերժելու էին բարենորոգչական փոքրիշատե մրցունակ թեկնածուներին, ինչն էլ տեղի է ունեցել։ Մայիսի 16-ին ՍՊԽ-ը հայտարարել է, թե գրանցվածներից միայն 40-ն է ներկայացրել նոր օրենքով պահանջված փաստաթղթերը, հետևաբար ուսումնասիրվելու է միայն նրանց համապատասխանությունը:

Անդրադառնալով ընտրությունների մրցակից հիմնական հոսանքների թեկնածուներին՝ հարկ է նշել, որ բարենորոգիչներն անգամ ՆԳ նախարարությունում  գրանցվածների առումով թույլ էին ներկայացված։ Հավելենք, որ նրանց առավել մրցունակ  և գլխավոր թեկնածուները մինչև ՆԳ նախարարության գրանցվելու գործընթացի սկսվելը,  թերևս, զրկվեցին այդ հնարավորությունից։ Առաջինն ԱԳ նախարար Մոհամեդ  Ջավադ Զարիֆն էր, ով ընտրվելու հնարավորություն ուներ, ինչը, թերևս, պայմանավորված էր նաև  ԱՄՆ-ի, Իրան-5+1-ի (ՄԱԿ-ի 5 մշտական անդամները` Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Չինաստան և Գերմանիան) (Joint Comprehensive Plan of Action, JCPOA) համաձայնության վերադարձով: Այս առնչությամբ հավելենք, որ ապրիլի 6-10-ը Վիեննայում տեղի է ունեցել Իրան-4+1 բանակցությունների առաջին փուլը, որին անուղղակիորեն մասնակցում էր ԱՄՆ-ը։ Վերջինս JCPOA-ից հեռացել է 2018թ․, իսկ 2019-ից Իրանն աստիճանաբար նահանջի քայլեր է կատարել Համաձայնությունից, ինչի արդյունքում JCPOA-ը ձևականորեն գոյատևել է Իրան-4+1-ի ձևաչափով։

Բանակցությունների առաջին փուլը գնահատվեց որպես քայլ առաջ, երկրորդի ու երրորդի մասին արդեն կողմերի համաձայնությանը վերադառնալու իրական հնարավորությունների մասին էին խոսվում, իսկ չորրորդ փուլը, որը սկսվել էր մայիսի 7-ին, առավել հուսադրող էր։ Սակայն մայիսի 26-ին սկսված բանակցությունների 5-րդ փուլի առնչությամբ հունիսի 1-ին Իրանի պատվիրակության նախագահ, ԱԳ փոխնախարար Արաղչին հայտարարել է, որ թեև ակնհայտ առաջընթաց կա բանակցություններում, սակայն ըստ ամենայնի, բանակցող կողմերը մեկ անգամ ևս խորհրդակցության նպատակով վերադառնալու են իրենց երկրները, ինչը նշանակում է, թե ամենայն հավանականությամբ համաձայնությունը տեղի չի ունենա մինչև Իրանի նախագահական ընտրությունները։ Այսուհանդերձ, պահպանողական կողմնորոշմամբ «Թասնիմ» գործակալությունը, հենվելով սեփական աղբյուրներին,  բարենորոգիչներին մեղադրել  է «վատ համաձայնության» շուրջ բանակցելու համար, ինչը պայմանավորել է նախագահական ընտրություններով, մինչդեռ գործնականում բարենորոգիչների ճակատը չունի նախագահի հաստատած սեփական թեկնածու։[19]

Զարիֆը, հրաժարվելով  որպես թեկնածու գրանցվելուց, հայտարարել է, թե ամաչում է, որ չի կարողացել դրական արձագանքել իրեն որպես թեկնածու առաջադրելու ցանկացողների  հրավերին։[20] Ինչպես հայտնի է, Զարիֆը հեղինակազրկվեց արխիվի համար  կատարված մասնավոր հարցազրույցի հրապարակմամբ, որտեղ բաց տեքստով նա խոսել էր շատ հարցերի շուրջ, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապան գվարդիայի «Ղոդս» ստորաբաժանման գործունեության և այլ հարցերի շուրջ, ինչն արժանացավ քաղաքական գործիչների ու ԶԼՄ-ների բուռն և խիստ քննադատություններին, ընդհուպ հեղափոխության առաջնորդ այաթոլա Խամենեին այն գնահատեց որպես «մեծ սխալ»։ Բնականաբար նման գնահատականից հետո գրանցվելու դեպքում մերժումն ապահովված էր[21]։

Բարենորոգիչների, ինչպեսև չափավորականների երկրորդ ֆավորիտը՝  բարենորոգչական  հայացքներով Իմամ Խոմեյնիի թոռ Հասան Խոմեյնիին էր, ով դեռևս ապրիլի 13-ին կտրականապես հրաժարվեց որպես թեկնածու ընտրություններին մասնակցելուց։ Նա լինելու էր անկախ թեկնածու, բայց վայելելու էր բարենորոգիչների ու չափավորականների աջակցությունը և կարող էր մրցակցել պահպանողականների գլխավոր թեկնածուի հետ։ Այս առնչությամբ նա  հանդիպել էր հեղափոխության առաջնորդ այաթոլա Խամենեիի հետ, վերջինս «ներկա պայմաններում» նրա մասնակցությունը որպես նախագահի թեկնածու նպատակահարմար չէր համարել[22]։

Իրանի պահպանողական  թևին հարող ԶԼՄ-ներն արևմտյան ԶԼՄ-ներին մեղադրեցին այս առնչությամբ տեղեկատվությունը խեղաթյուրելու մեջ։ «Մաշրեղ» գործակալությունը https://www.independentpersian.com/, https://www.bbc.com/persian, https://www.radiofarda.com/  և  այլ կայքերի, ինչպեսև ծայրահեղ բարենորոգիչներին մեղադրել է ճշմարտությունը խեղաթյուրելու համար՝ նշելով, որ հեղափոխության առաջնորդը, ելնելով խորհուրդ հարցնողի շահերից, սրտացավությամբ ու հայրաբար խորհուրդ է տվել, ինչը խիստ զայրացրել է բարենորոգիչներին[23]։

ԳՐԱՆՑՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ

Ինչպես նշվեց, ՆԳ նախարարությունում որպես նախագահի թեկնածու գրանցվել էր 592 մարդ, ընդ որում՝ 40-ը՝ իգական սեռի։ Խոսելով պահպանողական հոսանքի գրանցված թեկնածուներին մասին, նշենք, որ որպես թեկնածու մասնակցության իրավունք ստանալով գրանցվել էին մի շարք գեներալներ, հիմնականում հեղափոխության պահապան գվարդիայի անդամներ, այդ թվում՝ բրիգադի գեներալ Սաաիդ Մոհամեդը, պաշտպանության նախկին նախարար, հեղափոխության առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի խորհրդական Հոսեյն Դեհղանը և բանակի ցամաքային ուժերի նախկին հրամանատար, բրիգադի գեներալ Ռոստամ Ղասեմին և այլք: Հաշվի առնելով բարենորոգչական թևի թույլ ներկայությունը՝ ենթադրվում էր, որ մրցակցությունը կընթանա պահպանողականներին ու նեոպահպանողականներին ներկայացնող թեկնածուների, այն է՝ գվարդիական գեներալների ու պահպանողական թեկնածուների միջև։ Վերջիններիս գլխավոր թեկնածուն դատական իշխանության ղեկավար Էբրահիմ Ռայիսին է, ով նախորդ ընտրություններում երկրորդ տեղում էր: Հօգուտ վերջինիս՝ պահպանողական թևի որոշ հայտնի ներկայացուցիչներ հրաժարվեցին իրենց թեկնածությունն առաջադրելուց, այդ թվում՝ խորհրդարանի խոսնակ Ղալիբա‎‎‎ֆը:

Այս հոսանքի առավել հայտնի թեկնածուներից է նաև Վարչակարգի շահերը տարբերակող վեհաժողովի (ՎՇՏԲ) իսկական անդամ, Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախկին քարտուղար և մի շարք այլ բարձր պաշտոններ զբաղեցրած պահպանողական Սաաիդ Ջալիլին, ով առաջադրվել է պահպանողականների միասնության խորհրդի կողմից:

Գվարդիական նախկին գեներալ, ՎՇՏԲ-ի քարտուղար Մոհսեն Ռզայի Միր Ղայդը (սա նրա երրորդ փորձն է) նախորդ ընտրություններին լուրջ պարտություն է կրել, շեշտել է, թե այս անգամ շատ լուրջ մտադրություններով  է մասնակցում։ Թեկնածուների թվում էին նաև նախկին պատգամավոր Ալի Մոթահարին, նախկին պատգամավոր, խորհրդարանի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ալի Ռզա Զաքանին,  նախկին պատգամավոր Միր Հոսեյն Ղազիզադեհ Հաշեմին և այլք։ Նշենք, որ թեև համոզմունքով պահպանողական, սակայն վերջիններիս հետ շատ հարցերում լուրջ տարաձայնություններ ունեցող նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ով նախորդ ընտրություններին ՍՊԽ-ից «անցագիր» չստացավ, բայց կրկին գրանցվեց ՆԳ նախարարությունում, միաժամանակ հայտարարեց, որ եթե կրկին մերժվի, ընտրություններին չի մասնակցելու, ինչը նշանակում է բոյկոտել ընտրություններն ու կողմնակիցներին։ Առաջադրվել էին նաև նրա կառավարության երեք անդամներ։

Բարենորոգիչների գլխավոր թեկնածուն փոխնախագահ էսհաղ Ջահանգիրին էր, ով գրանցվելիս հայտարարեց, թե նպատակ չուներ որպես թեկնածու մասնակցել, սակայն Զարիֆի բացակայությամբ մասնակցությունն իր պարտքն է համարել։ Բարենորոգիչների կազմում էին նաև Առողջապահության նախկին նախարար և խորհրդարանի նախկին փոխխոսնակ Մաասուդ Փեզեշքյանը, «Մարդոմսալար» օրաթերթի գլխավոր տնօրեն Մոսթաֆա Քոքյաբյանը, ՆԳ նախկին նախարար Մոսթաֆա Թաջզադեն, ով գրանցվել էր, թերևս, մերժված լինելու գիտակցությամբ, քանզի եղան ասեկոսեներ, որ ՍՊԽ-ի օրենքի որոշ կետեր նրան դուրս թողնելու նպատակ են հետապնդել, և ի վերջո չափավորական թևի առաջին հորիզոնականում խորհրդարանի նախկին խոսնակ, հեղափոխության առաջնորդի խորհրդական Ալի Լարիջանին էր, ով գնահատվում էր որպես Ռայիսիի հիմնական մրցակից, մանավանդ բացառված չէր, որ բարենորոգիչները ևս կքվեարկեն հօգուտ նրա՝ իրենց ֆավորիտների բացակայությամբ։ Այս հոսանքն են ներկայացնում նաև Կենտրոնական բանկի տնօրեն Աբդոլնասեր Հեմաթին և Թեհրանի քաղաքային խորհրդի նախագահ Մոհսեն Հաշեմին։

ՍՊԽ-ԻՑ «ԱՆՑԱԳԻՐ» ՍՏԱՑԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ

Մայիսի 16-ին ՍՊԽ-ի խոսնակ Քյադխոդային հայտարարել է, որ ՆԳ նախարարությունում  գրանցվածներից միայն 40-ն էին ներկայացրել  այն փաստաթղթերը, որոնք պահանջվել են ՍՊԽ-ի հաստատած օրենքով, ուստի միայն հենց նրանց համապատասխանության հարցն է ուսումնասիրվելու։ Օրենքով սահմանված առավելագույնս 10-օրյա ժամկետի ավարտից հետո՝ մայիսի 25-ին, հայտնի դարձավ, թե ովքեր են որպես թեկնածու ընտրություններին  մասնակցելու «անցագիր» ստացել։ ՍՊԽ-ն հաստատել էր 7 թեկնածուի համապատասխանությունը, ընդ որում  5-ը՝ պահպանողական, մեկը՝ չափավորական և մեկն էլ բարենորոգչական հոսանքի ներկայացուցիչ։

Փաստորեն առաջին անգամ ընտրություններին մասնակցելու իրավունք ստացած զինվորականներից ու կանանցից ոչ մեկը մասնակցելու իրավունք չստացավ։ Ենթադրվում էր, որ գրանցված 40 կին գործիչներից գոնե մեկն առաջին անգամ նախագահի թեկնածուի «անցագիր» կստանա ՍՊԽ-ից, բայց դա տեղի չունեցավ: Կանանց և ընտանիքի հարցերով երկրի փոխնախագահ Մաասումե Էբթեքարը դեռևս մայիսի 23-ին իր թվիթերյան էջում գրել էր, թե նախորդ շաբաթ նամակով դիմել է ՍՊԽ-ի քարտուղարին և պահանջել՝ հաշվի առնելով սահմանադրությամբ կանանց ընձեռնված հնարավորությունները, հաստատել առնվազն մեկ կնոջ համապատասխանությունը, ինչը կնպաստի վերականգնել հասարակական ներուժը: Իսկ մինչ այդ նա հույս էր հայտնել, որ ՍՊԽ-ը կհաստատի հայտնի կին քաղաքական-հասարակական գործիչ, Խաթամիի կառավարության անդամ, բարենորոգչական հայացքներով Զահրա Շոջաիի թեկնածությունը:

Անդրադառնալով հաստատված թեկնածուներին՝ կարելի է նշել, որ այն վկայում է դատական իշխանության ղեկավար, Բանիմացների վեհաժողովի[24] առաջին իսկ մշակութային հեղափոխության գերագույն խորհրդի երկրորդ փոխնախագահ, 61-ամյա Սեյյեդ Էբրահիմ Ռայիս ալ Սադաթիի՝ Իրանի հաջորդ նախագահը դառնալու մասին: Նա ծնվել է 1960թ. նոյեմբերի 14-ին Մեշհեդ քաղաքում, 5 տարեկան հասակում զրկվել է հորից: 15 տարեկանում ընդունվել է Ղոմ քաղաքի կրոնական կրթության հայտնի կենտրոն,  աշակերտել է հայտնի կրոնա-քաղաքական դեմքերի, հասել այդ կրթական  հաստատության 4-րդ աստիճանին, որը բավական բարձր է համարվում: Հետագայում Մեշհեդի Մոթահարիի անվան համալսարանում պաշտպանել է կրոնագիտական ու իրավագիտական ուղղվածությամբ ատենախոսություն: Աշխատանքային գործունեությունը սկսել է 20 տարեկանից՝ նշանակվելով Քյարաջ քաղաքի դատախազ, ամիսներ անց համատեղությամբ աշխատել նաև Համեդանի դատախազ։ 2012թ․, երբ արդեն դատական իշխանության առաջին տեղակալն էր, այաթոլա Խամենեիի հրամանագրով նշանակվեց նաև հոգևորականության հատուկ գլխավոր դատախազ՝ պահպանելով նախկին պաշտոնը։ 2015թ․ հոջաթոլէսլամ Ռայիսին հեղափոխության առաջնորդը նշանակեց Մեշեհդի սուրբ Ռեզայի սրբավայրի ունեցվածքի խնամակալ։ Խոսքը տնտեսական մի հսկայի մասին է, որը, ըստ որոշ գնահատականների, Միջին Արևելքի տնտեսական խոշորագույն կառույցն է։

2019թ․ մարտին հեղափոխության առաջնորդը նրան նշանակել է դատական իշխանության ղեկավար։ Նույն թվականի նոյեմբերի 4-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սահմանափակումներ է կիրառել, ըստ վերջինիս գնահատմամբ՝ «այաթոլա Խամենեիի 9 մերձավորների» նկատմամբ, այդ թվում՝ Էբրահիմ Ռայիսիի։ Համաձայն ԱՄՆ այս առնչությամբ հայտարարության՝ վերջինս հեղափոխության առաջնորդի սիրելի դեմքերից է և անունը շաղկապված է մարդու իրավունքների ոտնահարումների հետ։ Նա 2017թ․ մասնակցել է նախագահական ընտրություններին, ձայների 38,3 տոկոսով զբաղեցրել էր երկրորդ տեղը։ Ամուսնացած է, ունի երկու դուստր։ Նա հայտնի է իր խիստ, թերևս ծայրահեղ պահպանողական հայացքներով, ճիշտ քայլ է համարում աշխատավայրում ըստ սեռերի բաժանումը, Իսրայելից զատ արտաքին քաղաքականությունում կարևորում է բոլոր երկրների հետ փոխհարաբերությունները։ Նա շեշտում է, որ տնտեսական հարցերում սահմանափակումները պետք է դիտել նաև որպես երկրի ներուժի հզորացման ու դիմադրողականության բարձրացման խթան։ Իդեպ, կան տեսակետներ, որոնց համաձայն՝ նա այաթոլա Ալի Խամենեիից հետո ընտրվելու է երկրի ռազմաքաղաքական առաջին դեմք հանդիսացող հեղափոխության առաջնորդի պաշտոնում: Ռաիսին առաջադրվել է որպես անկախ թեկնածու, սակայն նրա թեկնածությունը պաշտպանում են պահպանողական հոսանքի հզոր կառույցները, անգամ մարզական ֆեդերացիաները: Ըստ ամենայնի, մինչև ընտրությունները պահպանողական որոշ թեկնածուներ հօգուտ նրա հեռանալու են մրցապայքարից: Նրա քարոզարշավի կարգախոսն ու կառավարության անվանումը լինելու է «Ժողովրդական կառավարություն հանուն հզոր Իրանի»: Ըստ որոշ տեղեկությունների՝ նույնիսկ լրագրողներին որոշակիորեն նախազգուշացվել է չքննադատել նրան[25]։ Այլ կերպ ասած՝ տարբերակ չկա, նա Իրանի հաջորդ նախագահն է։

Ըստ կարևորության՝ պահպանողականների հաջորդ թեկնածուն, ով վերջին պահին պայքարից հրաժարվողների թվում կլինի, ՎՇՏՎ-ի իսկական անդամ, Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախկին քարտուղար և մի շարք բարձր այլ պաշտոններ զբաղեցրած 56-ամյա պահպանողական Սաաիդ Ջալիլին է։ ՍՊԽ-ից «անցագիր» չստացած  խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին, քննադատելով նրան, շեշտել էր, թե նա ընդամենը պահպանողականների գլխավոր թեկնածուի «աջակիցը, օգնականն» է, ով կոչված է ծածկելու նրա թերությունները[26]։ Նա առաջադրվել է Պահպանողականների միասնություն խորհրդի կողմից։ Ջալիլիի կարգախոսն «Անբիծ կառավարությունն» է։

Խորհրդարանի երեք գումարման նախկին պատգամավոր,  մասնագիտությամբ բժիշկ, 50-ամյա Հոսեյն Ղազիզադեհ Հաշեմին ևս առաջադրվել է պահպանողականների միասնության խորհրդի կողմից, ում ընտրվելու հավանականությունը մոտ է զրոյին, բացառված չէ, որ վերջին պահին հրաժարական տվողների թվում կլինի։  Պահպանողականների մյուս երեք թեկնածուներից է նախկին գվարդիական գեներալ, ՎՇՏԲ-ի քարտուղար, 66-ամյա Մոհսեն Ռզայի Միր Ղայդը, ով նախորդ ընտրություններում լուրջ պարտություն է կրել, այս փորձն էլ է դատապարտված, եթե չհեռանա պայքարից։  Խորհրդարանի երկու գումարման նախկին պատգամավոր, խորհրդարանի հետազոտությունների կենտրոնի տնօրեն 56-ամյա Ալի Ռեզա Զաքանին ևս ընտրվելու հնարավորություններ չունի։ 

Ընտրություններին մասնակցելու «անցագիր» ստացած միակ բարենորոգիչն անկախ թեկնածու, Խորասանի ու Սպահանի նախկին նահանգապետ, Քիշ կղզու տնտեսական ազատ գոտու տնօրինության անդամ և «Ասիայի ջրի զարգացում» ինժեներական ընկերության տնօրեն 65-ամյա Մոհսեն Մեհրալիզադեն է։ Նրա նախընտրական  քարոզարշավի կարգախոսն է՝ «Արդարության ու փոփոխությունների կառավարություն, իրանական արժանապատիվ կյանք և Իրանի հասարակության հպարտություն»։ Հաշվի առնելով, որ նա առաջադրվել է որպես անկախ թեկնածու, կարելի է ասել, թե բարենորոգչական հոսանքը թեկնածու չունի։

Եվ, ի վերջո, չափավորական հայացքներով Կենտրոնական բանկի 63-ամյա տնօրեն Աբդոլնասեր Հեմաթին նույնպես անկախ թեկնածու է։ Վերջինիս, ինչպես նաև բարենորոգչական կողմնորոշման թեկնածուի ընտրվելու հավանականությունը  մեծ չէ, բայց հաշվի առնելով նրա քարոզարշավի հաջող ընթացքը՝ ոմանց կարծիքով՝ հենց նա կարող է դառնալ Ռայիսիի մրցակիցը: Նշենք, որ նա ևս, անդրադառնալով իգական սեռի հարցերին, նշել է, թե բարձրագույն կրթություն ստացածների 50 տոկոսը կանայք են, ու չպետք է այս ներուժն անտեսվի։

Հատկանշական է, որ եթե քաղաքային ու գյուղական խորհուրդների մերժված թեկնածուները բողոքարկելու հնարավորություն էին ստացել, ապա նախագահի թեկնածուները զրկվել են նաև դրանից։ 

ԲՈՒՌՆ ՈՒ ԱՆՊՏՈՒՂ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՊԽ-Ի ՈՐՈՇՄԱՆ ԴԵՄ

Մայիսի 25-ին ՍՊԽ-ը ՆԳ նախարարությանն էր ներկայացրել նախագահի հաստատված թեկնածուների անունները, որի պաշտոնական հրապարակումից հետո արժանացավ քաղաքական կազմակերպությունների, բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես բարենորոգչական ու չափավորական կողմնորոշմամբ քաղաքական գործիչների, ինչպեսև նախկին նախագահ Ահմադինեժադի բուռն հակազդեցություններին։ Վերջինս, փաստորեն, պահպանողական յուրատեսակ «ուղղություն» է որդեգրել։

Բարենորոգչական հոսանքի Իրանի բարեփոխումների ճակատը, հանդես գալով հայտարարությամբ, նշել է, որ 9 թեկնածու էր առաջադրել, որոնք մերժվել են, հետևաբար ոչ մի թեկնածու չունի։ Նա միաժամանակ ՍՊԽ-ին մեղադրել է քաղաքական տարբեր հոսանքների թեկնածուների մերժումը նախապես պլանավորելու մեջ բացի կոնկրետ հոսանքի ներկայացուցիչներից։ Ապա շեշտվել է, որ իրենց կարծիքով դա չի նշանակում միայն բարենորոգիչների ասպարեզից հեռացում, այլ դրա գլխավոր ուղերձը ժողովրդին հեռացնելն է երկրի տարբեր հարցերի վերաբերյալ որոշում ընդունելու գործընթացներից[27]։ Նշյալ հոսանքի մերժված թեկնածու Մահմուդ Սադեղին ևս հայտարարություն է տարածել, որտեղ ընդգծել է, որ ՍՊԽ-ի նման գործելակերպը ոչ միայն այդ կառույցին է հեղինակազրկում, այլև նախագահի ինստիտուտը[28]։

Առաջադրված թեկնածուների զանգվածային, թերևս նաև նպատակային մերժումներին խիստ հակազդեցություն է ցուցաբերել ՎՇՏԲ-ի նախագահ, ՍՊԽ-ի անդամ Սադեղ Ամոլի Լարիջանին՝ Ալի Լարիջանի եղբայրը։ Նա մայիսի 25-ին իր թվիթերյան էջում խիստ քննադատել է անվտանգության կազմակերպություններին՝ նշելով, որ վերջիններս իրենց զեկուցագրերով ապակողմնորոշում են ՍՊԽ-ին, որոնցում հղում են անում Տեղեկատվության նախարարությանը, սակայն, երբ դիմում են նախարարությանը, խստորեն հերքվում են։  Նա նաև շեշտել է, որ 20 տարի է, ինչ ՍՊԽ-ի անդամ է, բայց նրա որոշումները երբեք այսքան անպաշտպան չեն եղել՝ ընդգծելով, թե ինքը միշտ պաշտպանել է կառույցի որոշումները[29]։

Հասան Խոմեյնիի արձագանքն էլ շատ խիստ է եղել։ Նա անուղղակիորեն պատասխանել է ՍՊԽ-ի խոսնակին, ով նշել էր, թե ցածր մասնակցությունը խնդիր չէ։ Նա նաև հավելել է, որ յուրաքանչյուր քայլ, որը հակասում է հանրապետականությանը, հակահեղափոխական է, քանզի հնարավոր չէ, որ համակարգը լինի էմամի համակարգ ու ժողովուրդը դրանում դերակատար չլինի։ Զանգվածային մերժումներին անդրադառնալով՝  նա նշել է, որ դա սահմանափակ ու ոչ կառուցողական մտածելակերպի հետևանք է։ Խոմեյնին նշել է՝ բավական է, պարոնայք մի պահ դուրս գան իրենց կաղապարներից ու տեսնեն՝ արդյո՞ք իրենց գործելակերպն ընդունելի է իրենց իսկ համար։ Ապա ընդգծել է, որ նման գործելակերպը պարզապես ուրագով հարված է հեղափոխության արմատներին։ Խոմեյնին, շեշտելով, որ զանգվածային մերժումները հարված են նաև ազնվորեն հաստատված թեկնածուներին, նշել է․ «Եթե ես հաստատված թեկնածուների տեղը լինեի, հրաժարական կտայի[30]»։

Նախկին նախագահ Ահմադինեժադը, ում նախագահության ժամանակ նավթի աննախադեպ գնաճ էր արձանագրվել, և Իրանի դեմ սահմանվել էին ամենախիստ պատժամիջոցները, սաստիկ քննադատել է իր թեկնածությունը չհաստատելու փաստը և նախազգուշացրել «սովյալների ոտքի ելնելու» վտանգի մասին։ Ապա նա նշել է, թե ինքն օրեցօր ավելի շատ է զգում դա, և սիրտը ցավում է, որ հարյուր-հազարավորների կյանքի գնով հաղթանակած հեղափոխությունն ու իսլամական համակարգը կարող են շատ դյուրին ու էժան գնով փլուզվել ոմանց տգիտության ու անպատասխանատվության պատճառով։

Ահմադինեժադը, խոսելով իր թեկնածությունը մերժելու մասին և որևէ անուն չտալով, ոմանց մեղադրել է իրեն քաղաքականության ասպարեզից հեռացնելու ծրագիր ունենալու համար։ Նա հավելել է, որ նրանք, իրենց ներխմբային նիստերում ու օտարերկրյա հովանավորների հետ խորհրդակցելով, հանգել են եզրակացության, որ ժողովրդի թեկնածուին պետք է կա՛մ ֆիզիկապես ոչնչացնել, կա՛մ էլ չհաստատել թեկնածությունը, այդ պատճառով էլ մերժել են[31]։

Երկրի նախագահ Հասան Ռոհանին, մայիսի 26-ին կառավարության նիստում անդրադառնալով երկրի նախագահի դերին, որը, ըստ Սահմանադրության, հեղափոխության առաջնորդից հետո երկրի բարձրագույն պաշտոնյան է, ընդգծել է ընտրությունների նշանակությունը։ Նա, դժգոհություն հայտնելով ՍՊԽ-ի գործունեությունից ու թեկնածուների զանգվածային մերժումներից, միաժամանակ հայտարարել  է, թե այդ առնչությամբ նամակ է հղել երկրի հեղափոխության առաջնորդին, նշել, որ եթե նպատակահարմար է գտնում, ապա միջամտի հարցի կարգավորմանը։

Նշենք, որ սա նշանակում է «պետական հրաման արձակել», ինչն անբեկանելի ու անմիջապես կիրառելի է։ Նման լիազորություն ՍՊԽ-ն առաջնորդին վերագրել է գլխավորապես հեղափոխության առաջնորդ Էմամ Խոմեյնիի խոսքերի հիման վրա քաղաքա-հոգևորական առաջնորդի դերի առնչությամբ։ Պետական հրամանով ՍՊԽ-ի որոշումը բեկանելու նախադեպ արձանագրվել  է 2005թ․  նախագահական ընտրությունների ժամանակ, երբ ՍՊԽ-ը 1008 թեկնածուից հաստատել էր 6-ի համապատասխանությունը, ինչի առիթով խորհրդարանի խոսնակ Հադադ Ադելը նման խնդրանքով դիմել էլ հեղափոխության առաջնորդին, իսկ վերջինս պետական հրամանով հաստատել էր բարենորոգչական կողմնորոշմամբ երկու թեկնածուի համապատասխանությունը։ Սակայն հաշվի առնելով որոշ հանգամանքներ, ի սկզբանե ակնհայտ էր, որ նման բան չի կրկնվելու։ Առաջնորդի պաշտոնական արձագանքը նախագահի նամակին չի հրապարակվել, բայց, կարելի է ասել, որ նա պատասխանել է անուղղակիորեն։ Այնուհետև նախագահը նամակով դեմել է ՍՊԽ-ին, ինչը, բնականաբար, ապարդյուն է։

ԵՐԿՐԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԴԵՄՔՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Մայիսի 27-ին երկրի ռազմաքաղաքա-կրոնական առաջին դեմքը՝ հեղափոխության առաջնորդ այաթոլա Խամենեին, խորհրդարանի պատգամավորների հետ հեռահանդիպում է ունեցել և հստակորեն անդրադարձել ընտրություններին վերաբերող գրեթե բոլոր հարցերին։ Նա առաջին հերթին խիստ կարևորել է ընտրություններին մասնակցությունն ու այն համարել անհրաժեշտություն, իսկ հեղափոխության առաջնորդի խոսքերը քննության առարկա դառնալու, առավել ևս քննադատության ենթակա չեն, այլ օրենքի ուժ ունեն։ Խամենեին շնորհակալություն է հայտնել ՍՊԽ-ին ու չհաստատված այն թեկնածուներին, որոնք դա ընդունել են ազնվությամբ։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է Ջահագիրին և Լարիջանիին, որոնք նշել են, թե նպատակամղված են ծառայել երկրին ու եթե չի ստացվում, թող կատարվի Աստծու կամքը։ Այլ կերպ ասած՝ պարտք ու պահանջ չեն ներկայացրել և ընտրողներին կոչ են արել ակտիվորեն մասնակցել ընտրություններին։ Նա, դիմելով իրանցիներին, ընդգծել է՝ սիրելի՛ իրանցիներ, ընտրությունները տեղի են ունենում մեկ օր, բայց հետևանքները՝ տարիներ։ Նա բոլորին հորդորել է մասնակցել ընտրություններին և ընտրել արժանավորին։ Վերջինս նշել է նաև, որ ընտրությունները ընտրողներինն են, ինչը պետք է ընդունել հենց այդպես, և հորդորել է չլսել նրանց, ովքեր չմասնակցելու կոչեր են հնչեցնում։

Խամենեին գոհունակություն է հայտնել խորհրդարանի մեկամյա աշխատանքներից՝ բարձր գնահատելով ձևավորված խորհրդարանի կազմը, որտեղ կան փորձառու և էներգիայով լի երիտասարդներ։ Նա կարևորել է խորհրդարանի խոսնակի ու հանձնաժողովների նախագահների շրջայցերը երկրի տարբեր նահանգներ։ Նշենք նաև, որ 2020թ․ փետրվարի խորհրդարանական ընտրություններին ևս ՍՊԽ-ի գործունեությունը, բարենորոգիչների մերժումներով պայմանավորված, խիստ աղմկահարույց եղավ, բայց և այնպես արդյունքում բարենորոգիչները ջախջախիչ պարտություն կրեցին, խորհրդարան անցան շատ քիչ թվով ու քիչ հայտնի դեմքեր։

Խամենեին, նկատի ունենալով նման զարգացումները, շեշտել է, թե ոմանք փորձեցին ու փորձում են սևացնել խորհրդարանին և պատգամավորներին, հորդորել է զգուշ լինել և ջուր չլցնել «հակառակորդի ջրաղացին»։ Նա, անդրադառնալով նախագահական ընտրությունների առնչությամբ ՍՊԽ-ի գործունեությանը, այն բարձր է գնահատել, շեշտել, թե նրանք արել են այն, ինչ անհրաժեշտ է՝ հավելելով,  որ  չհաստատվել դեռ չի նշանակում անհամապատասխան լինել, պարզապես ՍՊԽ-ը չի կարողացել ներկայացված զեկուցագրերով  հաստատել, որ կոնկրետ թեկնածուն համապատասխան է։ Սա, թերևս, սպառիչ պատասխան կարելի է համարել նախագահի նամակին՝ հասցեագրված առաջնորդին։ Խամենեին իր ելույթում սահմանագծել է նաև թեկնածուների քարոզարշավի սահմանները, շեշտել, որ պետք է բացառվեն ատելությունն ու միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելը, ժողովրդին ոչ իրատեսական խոստումներ տալը և այլն։ Բացի այդ խիստ կարևորել է իսլամի բարոյական չափանիշներին հետևելը և բարոյական նորմերը չխախտելը։ Նա նաև թեկնածուների կողմնակիցներին է հորդորել չափի մեջ մնալ, շատ չտրվել վիրտուալ աշխարհի հերյուրանքներին, որտեղ հաճախ ձգտում են միմյանց դեմ հանել մրցակից թեկնածուներին, միաժամանակ ընդգծել է, որ ընտրությունների արդյունքներն ամեն դեպքում պետք է ազնվորեն ընդունել։

ՔԱՐՈԶԱՐՇԱՎ

Մայիսի 28-ին սկսվել է քարոզարշավը, որի շրջանակները ևս Խամենեին խորհրդարանի հետ տեսահանդիպման ընթացքում հստակեցրել է։ Նա շեշտել է, որ ընտրողի համար այս կամ այն անունը կարևոր չէ, այլ արդյունավետ է կառավարելու կարողությունը՝ հավելելով, որ թեկնածուները պետք է կարողանան դա ապացուցել իրենց հարցազրույցներում, ելույթներում ու բանավեճերում։ Նա, փաստորեն, ընդգծելով  նախագահի կառավարման ոլորտում ընդունակություններն ու ներքին խնդիրները, նշել է, որ ժողովրդի հիմնական խնդիրը վիրտուալ աշխարհն ու արտաքին քաղաքականությունը, այս կամ այն երկրի հետ փոխհարաբերությունները չեն, նրանց այլ հարցեր են հետաքրքրում։ Խոսելով ժողովրդին հետաքրքրող հարցերի մասին՝ գլխավոր խնդիրներն է համարել երիտասարդության շրջանում գործազրկությունը, հասարակության աղքատ դասերի կենցաղը, ներկրողների մաֆիան, որը կոտրել է ներքին արտադրողների մեջքը և սխալ քաղաքականությունների հետևանքով  ստեղծագործ երիտասարդ մասնագետին տեղ չտալն ու նրան հուսահատեցնելը։ Այլ խոսքով՝ նշվածը քարոզարշավի, իսկ հետագայում  նախագահի ներքին քաղաքականության ուղենիշներն են։ 

Ինչ վերաբերում է քարոզարշավին, նշենք, որ հիմնականում ինչպես նախանշել է հեղափոխության առաջնորդը, եթե չասենք բացարձակապես, ապա թեկնածուները հիմնականում կենտրոնացած են ներքին խնդիրների վրա, հաճախ նաև անիրատեսական խոստումներ են հնչեցնում։ Միմյանց հասցեին հնչում են քննադատություններ, սակայն պահպանողականների թիրախն առավելապես չափավորական ու բարենորոգչական երկու թեկնածուներն են։ Գլխավոր թեկնածու Ռայիսիի քարոզարշավում առկա են պոպուլիստական խոստումներ, օրինակ, բնակշինության զարգացումն իրականացնել  անվճար տարածքներ տրամադրելով ու ցածր վարկերով, գյուղատնտեսական, մասնավորապես հացահատիկի ինքնաբավության խոստում, երբ երկիրը կանգնած է քաղցրահամ ջրի լուրջ խնդրի առաջ։ Սակայն նա կարևորում է  տնտեսական ոլորտում այն բոլոր խոչընդոտների վերացումը, որոնք դանդաղեցնում են մասնավոր հատվածի տնտեսական գործունեությունը, ինչպեսև սեփականաշնորհումը՝ ճիշտ ու օրենքին համապատասխան։

Բարենորոգչական միակ, սակայն անկախ թեկնածու Մեհրալիզադեն խոսում է տնտեսական բոլոր ոլորտներում փոփոխությունների, դրանց կողմնակիցների հետ սերտ համագործակցությամբ երկիրը ոտքի հանելու մասին։ Նա կարևորում է կանանց դերը՝ շեշտելով, որ նրանց դերակատարությունը վերականգնելու է հասարակության մեջ, միաժամանակ ընդգծում է նաև իր ծագումը՝ Ադրբեջան նահանգից լինելը, թերևս թուրքախոսների քվեները ստանալու ակնկալիքով, ինչն աննախադեպ է։

Մինչդեռ պահպանողականները կնոջ դերը տեսնում են երեխաներին դաստիարակելու և տան ու ընտանիքի հարցերով զբաղվելու մեջ։ Մեհրալիզադեն շեշտել է, թե ինքը գալիս է հանրապետականության ու ժողովրդավարության դրոշը բարձրացնելու, տնտեսությունն առողջացնելու, հույսի կրակը կրկին երիտասարդների սրտում վառելու ու ազատության երգը երգելու համար։ Նա բարենորոգիչներին կոչ է անում հավաքվել իր շուրջը, սակայն բարենորոգիչների գլխավոր կազմակերպությունը՝ Մարտնչող հոգևորականների վեհաժողովը, արդեն հայտարարել է, որ որևէ թեկնածուի չի պաշտպանում։ Մինչդեռ պահպանողական բազմաթիվ, այդ թվում՝ Մարտնչող հոգևորականության հասարակությունը, հայտարարել է, որ պաշտպանում է Ռայիսիի թեկնածությունը, այլ կերպ՝ Մեհրալիզադեհի հնարավորություններն աննշան են։

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝  ԳԵՐԽՆԴԻՐ

Ներկայումս ընտրություններին մասնակցությունը հարցերի հարցն է, ուստի բոլոր թեկնածուներն ու երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն ընտրողներին կոչ են անում մասնակցել ընտրություններին։ Թեև ՍՊԽ-ի խոսնակ Քյադխոդային «The Associated Press-ին» տված հարցազրույցում նշել է, որ ժողովրդի, հասարակական-քաղաքական շրջանակների սպասումները բարձր մասնակցությունն է, սակայն իրավաբանական և օրենքի տեսակետից ցածր մասնակցությունը որևէ իրավաբանական խնդիր չի առաջացնում[32]։ Սա այն դեպքում, երբ հեղափոխության առաջնորդը մայիսի 11-ին շեշտել է, թե բարձր մասնակցությունն ընտրությունների ամենակարևոր հարցն է։ Մայիսի 28-ին հրապարակվել է կրոնական հրաման՝ «Ֆաթվա» (կոնդակ), որտեղ նշվել է, որ ընտրություններին մասնակցելն ընտրողների կրոնական, իսլամական ու աստվածային պարտքն է և կրոնական անհրաժեշտությունը[33]։

Ավելին, հունիսի 6-ին հեղափոխության առաջնորդը նոր «Ֆաթվա» է հրապարակել, որտեղ նշվել է, որ Աստծու առաջ մեղք է համարում  նաև «սպիտակ քվեաթերթիկով», այն  է՝ առանց նշումի քվեարկությունը։ Այլ կերպ ասած՝ քվեարկելու իրավունք ունեցող 59 միլիոն 310 հազար մարդու քվեատուփերի մոտ բերելը համարվում է ընտրությունների գերխնդիրը։ 

Այս առնչությամբ հատկանշական է, որ այաթոլա Ալի Խամենեին տարվա իր կարևորագույն ելույթներից մեկը, որը տեղի է ունեցել հունիսի 4-ին՝ նվիրված հեղափոխության առաջնորդ ու Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի վախճանի տարելիցին, գլխավորապես նվիրված էր ընտրություններին, մասնավորապես քվեարկությանը մասնակցելուն։ Նա, խոսելով ընտրությունների վերաբերյալ Էմամ Խոմեյնիի տեսակետների մասին, շեշտել է, որ վերջինս ընտրություններին մասնակցելը համարել է կրոնական անհրաժեշտություն՝ «հույժ կարևոր ակտ»։

Խամենեին հավելել է, որ Իմամն իր կտակում շեշտել է, թե ընտրություններին  չմասնակցելը երբեմն դասվում է գերագույն մեղքերի շարքին, ինչի համար պետք է Աստծու առաջ պատասխան տալ։ Նա ընդգծել է նաև, որ նրանք, ովքեր կոչ են արել չմասնակցել  ընտրություններին, թշնամու ցանկությունն են կատարում, նշել է, որ ընտրություններին մասնակցության խրախուսումը յուրաքանչյուրի պարտքն է։ Նա կրկին կարևորել է թեկնածուների ընտրարշավի ընթացքում խոստումները, պահանջել խուսափել անիրականանալի խոստումներից, իսկ ընտրողներին  խորհուրդ է տվել  որոշում ընդունել նրանց անցյալի գործերով։ Վերջինս անդրադարձել է նաև ՍՊԽ-ի կողմից թեկնածուների  համապատասխանության մերժումներին ու շեշտել, որ ոմանց հանդեպ անարդարություն, անխղճություն է տեղի ունեցել, պետք է վերականգնվի անձի հեղինակությունն ու պատիվը[34]։ Նա որևէ անուն չի նշել, սակայն ակնարկներից ակնհայտ է, որ խոսքն Ալի Լարիջանիի մասին է։ Սա անուղղակի քննադատություն էր ՍՊԽ-ի հասցեին, ինչն իրանյան որոշ ԶԼՄ-ներ ու քաղաքական շրջանակներ շտապեցին մեկնաբանել որպես Լարիջանիի թեկնածության հաստատման հրահանգ, որն իրականությանը չէր համապատասխանում։

Ավելին, ՍՊԽ-ը, անմիջապես արձագանքելով առաջնորդի ելույթին և հանդես գալով հայտարարությամբ, շնորհակալություն է հայտնել առաջնորդին իմաստուն խորհուրդների համար, շեշտել, որ վիրտուալ տիրույթում հարգարժան որոշ թեկնածուների վերաբերյալ կեղծ, անպատվաբեր լուրեր են տարածվել՝ վիրավորելով  նրանց արժանապատվությունը և դատապարտել է նման արարքները։ ԶԼՄ-ներից խստիվ պահանջվում է հաշվի առնել, որ համապատասխանության վերաբերյալ տվյալները խիստ գաղտնի են։ Հայտարարության մեջ շեշտվել է նաև, որ համապատասխանությունները հաստատվել են բացարձակապես հիմնավոր փաստաթղթերով ու փաստարկներով, և որ կեղծ լուրերն ու տեսակետները որևէ ազդեցություն չեն ունեցել խորհրդի որոշումների վրա[35]։

Հեղափոխության առաջնորդի համար մայիսի 27-ին ՍՊԽ-ի հասցեին հնչեցրած իր բարձր գնահատականներին հակասող տեսակետ արտահայտելու համար, ըստ ամենայնի, հիմք են հանդիսացել ՍՊԽ-ի գործելակերպի վերաբերյալ խիստ հակազդեցությունները, ինչն էլ նպաստել է ընտրողների առավել պասիվությանը, բացի այդ, թերևս, ցանկացել է սփոփել նաև մերժվածներին ու բազում պաշտոնյաների։ Այնուամենայնիվ, ընտրություններին մասնակցությունն աննախադեպ ցածր է լինելու, դա են վկայում կատարված հարցումների արդյունքները։

«Իսփա» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի հունիսի 2-ի հարցումների արդյունքում պարզվել է՝ ընտրություններին հաստատապես մասնակցելու է ընտրողների 34․1 տոկոսը, իսկ 7,8-ը՝ մեծ հավանականությամբ, 32,4 տոկոսը պատասխանել է՝ ոչ մի դեպքում չի մասնակցելու[36]։ Իսկ նախորդ ընտրություններում մասնակցությունը եղել է շուրջ 73 տոկոս։

***

Հունիսի 18-ի քաղաքային ու գյուղական և Իրանի 8-րդ նախագահի ընտրությունների արդյունքները տեսանելի են․ հաջորդ նախագահը լինելու է Էբրահիմ Ռայիսին, ով ՍՊԽ-ի շնորհիվ լուրջ մրցակից չունի: Տեղական ընտրություններում հաղթելու են պահպանողական  թեկնածուները, ինչում իր մեծ ներդրումն ունի այդ ընտրությունները վերահսկող պահպանողական խորհրդարանը: Այլ կերպ ասած՝ հաշվի առնելով, որ օրենսդիր և դատական  իշխանությունները ևս ղեկավարում են պահպանողականները, կարելի է նշել, որ երկրի ղեկավարումը դառնում է միատարր, իշխանությունը կենտրոնանում է  քաղաքական կոնկրետ հոսանքի ձեռքում:

Թեև երկրի տնտեսական գերծանր վիճակից ու իշխանություններից բնակչության հիասթափությունը պատճառ են դարձել ընտրությունների հանդեպ հետաքրքրության մարման, սակայն ՍՊԽ-ի գործելակերպը լուրջ ազդեցություն ունի ընտրությունների անգույնության ու սպասվելիք ռեկորդային ցածր մասնակցության վրա:

Բացի այդ հունիսի 5-ին 7 թեկնածուների առաջին՝ տնտեսական թեմայով հեռուստաբանավեճը, ինչպես շեշտում են վերլուծաբանները, իրականում բանավեճ էր 5-ը 2-ի դեմ ձևաչափով՝ միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելով ու քննադատելով Ռոհանիի կառավարությանը:

Բանավեճի ընթացքում արծարծվել են բազմաթիվ հարցեր՝ արտադրության խոչընդոտների, բյուջեի բարելավման, հարկերից խուսափելու, բանկերի հսկայական պարտքերի, ազգային արժույթի հզորացման, ներմուծումների կարգավորման և այլն, սակայն մասնակիցներից որևէ մեկն իրավիճակից դուրս գալու հստակ ծրագիր չի ներկայացրել:

Ահավասիկ, փոխնախագահ Մաասումե Էբթեքարն իր թվիթերյան էջում այս առիթով գրել է, որ ժողովրդի մի հատվածի մոտ հարց է առաջացել, թե ինչու քննարկման առարկա չեն դարձել երկրի առաջ ծառացած տնտեսական գլխավոր մարտահրավերները՝ սահմանափակումները, JCPOA-ը, տարիներ շարունակվող արտաքին ու ներքին հոգեբանական պատերազմը, համավարակի և ստվերային կառավարության հզոր ազդեցության հետևանքները երկրի տնտեսության վրա:

Թեև արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցերի քննարկումը հեղափոխության առաջնորդի հորդորով քարոզարշավում  երկրորդ պլան է մղվել, սակայն այս հարցն էլ հեռուստաբանավեճերի թեմա է դառնալու։ Բայց և այնպես արտաքին քաղաքականության ոլորտում հասկանալի պատճառներով լուրջ փոփոխությունների մասին խոսք չի լինելու:

Ինչ վերաբերում է նման իշխանափոխության ազդեցությանը հայ-իրանական փոխհարաբերությունների վրա, ապա հաշվի առնելով, որ արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունները, ինչպես նշել ենք, հեղափոխության առաջնորդի լիազորությունների շրջանակում են, ուստի հիմնական փոփոխություն տեղի չի ունենա:

Այսուհանդերձ, անցյալի փորձը ցույց է տալիս, որ ԻԻՀ-ում նախագահի դերը ևս զգալի է արտաքին քաղաքականության ոլորտում, մասնավորապես Ռայիսիի դեպքում, ով, կարծես թե, վայելում է հեղափոխության առաջնորդի համակրանքը։ Բացի այդ պահպանողականները, ընդգծելով իսլամական միասնությունը և իսլամական երկրների հետ փոխհարաբերությունների նշանակությունը, միաժամանակ ավելի զգայուն են երկրի ազգային ու անվտանգային շահերի նկատմամբ, ինչը համընկնում է Հայաստանի շահերին:

Էմմա Բեգիջանյան

Իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)


[1] Իրանում դավանվող շիա ուղղության 12 իմամի ճյուղի հայեցակարգը սահմանում է, որ 12-րդ իմամը՝ Մահամեդ Մահդին, ով ծնված օրվանից բացակայում է, հայտնվելու է ահեղ դատաստանի օրը։ Նրա բացակայությամբ երկիրը կառավարում է բարձրաստիճան հոգևորականը, այս դեպքում՝ հեղափոխության առաջնորդը։

[2] «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, Խորհրդարանական ընտրություներն Իրանում, 20 փետրվարի, 2004թ․։

[3] Յուրաքանչյուր ոք կարող է Իսլամական մեջլիսին գրավոր բողոք ներկայացնել օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների աշխատանքի առնչությամբ։ Վերջինս պարտավոր է ուսումնասիրել բողոքը և սպառիչ պատասխան տալ բողոքողին։ Եթե բողոքը վերաբերում է դատականին և գուծադիրին, ապա Մեջլիսը նրանցից պետք է սպառիչ պատասխան պահանջի ու հստակեցված ժամկետում արդյունքները հայտնի բողոքողին, իսկ եթե դա հասարակությանն է վերաբերում, հայտնի նրան։

4 Թեկնածությունների համապատասխանություն չհաստատելու յուրաքանչյուր դեպք պետք է հիմնավորված լինի փաստաթղթերով ու լուրջ փաստարկներով

[5] Խորհուրդների ընտրությունների թեկնածուներին համապատասխանության մերժումների մանրամասները

[6] Խորհուրդների ընտրությունների թեկնածուների մերժումներին հակազդեցությունները

[7] Նույն տեղում։

[8] Մանրամասներ Խորհուրդների ընտրությունների թեկնածուների համապատասխանության մերժումների մասին

[9] Նույն տեղում։

[10] Երկրի իսլամական խորհուրդների ձևավորումը, դրանց պարտականություններն ու ընտրությունները

[11] Ցանկացած մերժում պետք է հիմնավորված լինի հստակ փաստաթղթերի ու փաստարկների հիման վրա

[12] Վերահսկողության կենտրոնական հանձնաժողովը խորհուրդների թեկնածուների համապատասխանությունը հաստատելու հարցում պետք է գործի համաձայն օրենքի տառին

[13] «Հազար ընտանիք» դարձվածքը նշանակում է Իրանը ղեկավարում է հազար հարուստ և կոռումպացված ընտանիք։ Այն 1966թ․ շրջանառության մեջ է դրել շահի արքունի նախարար Ասադոլահ Ալամը՝ նշելով, թե այն հորինել են ամերիկացիները։

[14] Իշխանություն մեկտեղո՞ւմ, թե՞ տարանջատում

[15] Նախագահի թեկնածության չափանիշների մասին ՍՊԽ-ի հաստատած օրենքն ամբողջությամբ

[16] Ընտրությունների «ոտնաձայնը», գործադիրների ու քաղաքական հոսանքների ճիգուջանքերը

[17] Բարենորոգչական և պահպանողական հոսանքների ձևավորում

[18] Նույն տեղում։

[19] Վիեննայի «ներկայիս վատ» համաձայնությունը և քաղաքական կոնկրետ հոսանքի խաղն ազգային շահերի հետ․ գնդակն Արաղչիի դաշտում է

[20] Եկան, չմնացին, գնացին

[21] Էմմա Բեգիջանյան, Ջավադ Զարիֆի հարցազրույցի հրապարակման արձագանքներն ու հնարավոր հետևանքները

[22] Իրանի առաջնորդի խորհրդով Հասան Խոմեյնիի հրաժարումը․ հույս, որը կորցրեցին բարենորոգիչները

[23] Հակահեղափոխականների զայրույթը․ Հասան Խոմեյնիին՝ հեղափոխության առաջնորդի տված հայրական խորհրդից

[24] Այս կառույցի պարտականությունը հեղափոխության առաջնորդի ընտրությունն ու նրա գործունեությանը հետևելն է։

[25] Քյադխոդայի․ Ժամանակից շուտ վիրտուալ տարածքում քարոզարշավը հակաօրինական է

[26] Նույն տեղում։

[27]  Բողոք՝ համապատասխանության մերժումների դեմ Ռոհանիից մինչև Ահմադինեժադ

[28] Նույն տեղում։

[29] Ամոլի Լարիջանիի խիստ քննադատությունները՝ ուղղված «անվտանգության կառույցների միջամտություններին»  ընտրությունների զանգվածային մերժումների խորապատկերին

[30] Սեյյեդ Հասան Խոմեյնիի խիստ քննադատությունն ուղղված ՍՊԽ-ին․ «Եթե ես հաստատված թեկնածուների տեղը լինեի, հրաժարական կտայի»

[31] Ահմադինեժադի բողոքն ընդդեմ իր թեկնածությունը մերժելուն․ «Երկիրը փլուզման ճանապարհին է»։

[32] Քյադխոդայի․ Համակարգի օրինականությունը նույնիսկ ցածր մասնակցության դեպքում կայուն է

[33] Նույն տեղում։

[34] Համապատասխանությունը չհաստատված առաջադրված թեկնածուների հանդեպ անարդարություն ու անխղճություն է տեղի ունեցել

[35] ՍՊԽ-ի հայտարարությունը Ձերդ մեծության առաջնորդի հրամանների առիթով

[36] Սոցհարցում

Միացեք մեր Telegram ալիքին

%d bloggers like this: